Խոր Վիրապը և Արարատյան դաշտի ոսկե աշունը

Խոր Վիրապ վանք-ամրոցը գտնվում է Արարատի մարզի Փոքր Վեդի և Լուսառատ գյուղերի մոտակայքում, բլրի վրա։ Հնում այստեղ է եղել պատմական Արտաշատ քաղաքը։
Խոր Վիրապը մեր նվիրական սրբավայրերից է, հանրահայտ ուխտատեղի, որի պատմությունը սերտորեն առնչվում է Հայոց դարձի, կրոնական, կրթական ու մշակութային զարգացման ընթացքի հետ:
Ագաթանգեղոսի վկայությամբ՝ Տրդատ Մեծը Գրիգոր Լուսավորչին նետել է Արտաշատի արքունի բանտի մահվան դատապարտվածների գուբը, որտեղ նա մնացել է գրեթե 14 տարի: 5-րդ դարում Վիրապի վրա վանք է հիմնադրվել և միաբանություն հաստատվել, իսկ 7-րդ դարում Ներսես Գ Տայեցի կաթողիկոսն այստեղ կառուցել է Ս. Գևորգ եկեղեցին։
Վանական համալիրը Արարատյան դաշտի գրկում է՝ շրջապատված խաղողի և մրգատու ծառերի առատաբեր այգիներով։ Ամեն օր այստեղ են այցելում հարյուրավոր զբոսաշրջիկներ և ուխտավորներ։
Արարատի և Խոր Վիրապի անկրկնելի վեհությունն ու գեղեցկությունն է արձանագրել RegionsTV-ի տեսախցիկը։