ՊԵԿ-ն ու քննչականը վնասում են բիզնեսին ու պետությանը․Մանթաշյանց ակումբն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում | Region

ՊԵԿ-ն ու քննչականը վնասում են բիզնեսին ու պետությանը․Մանթաշյանց ակումբն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում

Սեպտեմբեր 12,2025 15:00

«Մանթաշյանց» գործարարների ակումբ»-ի ներկայացուցիչներն այսօր հրավիրված ասուլիսում ներկայացրեցին ակումբի օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է ապահովել գործարարների իրավունքների պաշտպանությունը ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ Քննչական կոմիտեի հետ հարաբերություններում, վերացնել կալանավորման և ունեցվածքի ապօրինի առգրավման կիրառումը որպես ճնշման գործիք, սահմանել արդար և կանխատեսելի մեխանիզմներ հարկային և տնտեսական վեճերի դեպքում։

Ակումբի անդամ, LSA ընկերության փաստաբան Արսեն Սարդարյանը ներկայացրեց հիմնական դրույթները։ Ըստ նրա՝ քրեական հետապնդումը կարող է սկսվել ենթադրյալ 10 միլիոն դրամի հարկային պարտավորություն չկատարելուց․«Այս մոտեցումը խնդրահարույց է, և մենք առաջարկում ենք դա կապել շրջանառության հետ: Բիզնեսով զբաղվող անձանց տնտեսական գործերով կալանավորման գործիքը չարաշահվում է, և մենք առաջարկում ենք երաշխիք, որպեսզի այս պրակտիկան լուծվի օրենսդրական կարգավորմամբ»:

Արսեն Սարդարյան

Սարդարյանի խոսքով՝ հաջորդ կարևոր խնդիր այն է, որ այս գործերով տարածված է խուզարկությունների ժամանակ  տեխնիկական միջոցների առգրավումը, որպես իրեղեն ապացույց, ինչը երբեմն երկար ժամանակով զրկում է տնտեսվարողին ծրագրային ապահովումից․«Մեր կողմից առաջարկվող օրենսդրական լուծումը կբացառի նաև նման չարաշահումները»։

«Մանթաշյանց» գործարարների ակումբի համահիմնադիր և նախագահ Վահրամ Միրաքյանի կարծիքով՝ բիզնեսի վրա քրեական գործեր բացելը հարկային համակարգի համար այսօր դարձել է լծակ բիզնեսի վրա ճնշում գործադրելու համար՝ շատ հաճախ առաջնորդվելով չհիմնավորված կանխավարկածների վրա։

«Մեծամասամբ հետագայում ՊԵԿ-ը պարտվում է իր դեմ հարուցված գործերում: Վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանում մոտավորապես 2000 քրեական գործ է բացվել բիզնեսների վրա: Համեմատության համար կարող ենք նշել, որ ԱՄՆ-ում, որի տնտեսությունը մեզնից մեծ է 1000 անգամ, տարեկան բացվում է մոտավորապես 2500-3000 քրեական գործ: ՊԵԿ-ի կողմից չարաշահումները դարձել են գլոբալ խնդիր, նրանց հիմնական խնդիրը գումարներ կորզելն է, ինչից էլ տուժում է մեր երկրի տնտեսությունը: Բազմաթիվ են օրինակները, երբ առաջին անգամ քրեական գործեր բացվելուց հետո, բիզնեսմենները հետագայում ներդրումներ են կատարել արտերկրում»,-ասաց Միրաքյանը։

Նման իրավիճակներում բիզնեսի շահերի պաշտպանության համար ակումբն աաջարկում է փոփոխություն կատարել Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածում, և քրեական հետապնդում սկսելու համար ոչ թե սահմանվի հստակ գումարային շեմ, այլ այդ չափը սահմանվի ընկերության վերջին 3 տարվա շրջանառության 10 տոկոսը:

Հաջորդ խնդիրը վերաբերվում է գործարարների տնտեսական հանցագործություններ կատարելու դեպքում վերջններիս կալանավորմանը։

«Ընկերությունը, որի հիմնադիրին կամ տնօրենին մեղադրում են հարկերից խուսափելու համար, և վերջինս առերևույթ ունի տնտեսական միջոցներ ենթադրյալ վնասը հատուցելու համար, և միաժամանակ այդ անձի կողմից չկա խափանման միջոցի խախտում, այս դեպքում պետք է բացառել կալանավորումը: Այն պետք է թույլատրվի միայն այն դեպքում, երբ ստույգ տվյալներ կան, որ վերջինս ազդեցություն է օգտագործել վկաների վրա»,-բացատրեց Արսեն Սարդարյանը:

Օրենսդրական նախաձեռնության երրորդ կետը կապված է տնտեսվարողի գործունեությանը խոչընդոտող եղանակի հետ: Ներկայացնելով առկա պրակտիկան, Արսեն Սարդարյանը նշեց, որ ներկայումս խուզարկությունների ընթացքում առգրավվում են ընկերություններին պատկանող համակարգիչները և կրչները, որոնց վրա ընկերության ամբողջ տեղեկատվական  բազան է, հիմնավորելով, որ այն համարվում է իրեղեն ապացույց: Սա, նրա ներկայացմամբ, լուրջ խնդիր է, ու շատ հաճախ ընկերությունը ստիպված վճարում է ենթադրյալ տուգանքը,  որպեսզի ըկերության աշխատանքը չպարալիզացվի:

Այս դեպքում ակումբն առաջարկում է հետևյալ փոփոխությունը՝ եթե կրիչների առգրավման դեպքում նրանք չունեն այնտեղ եղած տեղեկատվությունը «քաշելու» հնարավորություն, առավելագույնը 3 օրում պետք է վերադարձվեն, այսինքն պետք է բացառվեն չարաշահումները:

Վահրամ Միրաքյան

Վահրամ Միրաքյանը վստահեցրեց, որ այս առաջարկությունների ու խնդիրների վերաբերյալ հանդիպում-քննարկումներ են եղել ԱԺ-ում, տնտեսական հանձնաժողովի պատգամավորներն էլ համակարծիք են՝ տնտեսական հանցագործությունների մասով իրավապահների կողմից չարաշահումներ են լինում, բայց խնդիրը չի լուծվում։

Մանթաշյանց գործարարների ակումբի ներկայացուցիչները վստահություն հայտնեցին, որ գործին շարունակաբար հետամուտ լինելու պարագայում արդյունքը լինելու է, ու պետական մարմինները ուզեն, թե չուզեն մի օր առերեսվելու են այս խնդրին, իսկ մենք ունենալու ենք ավելի պաշտպանված համակարգ:

 

Նիկոլ Մարգարյան

 

Նորություններ