«Բոլոր ձայնագրություններն ու լուսապատճեններն ունեմ»․Հակոբ Կարապետյանի վրա հարձակման դեպքով քրվարույթ է նախաձեռնվել, մեկ անձ ձերբակալվել է | Region

«Բոլոր ձայնագրություններն ու լուսապատճեններն ունեմ»․Հակոբ Կարապետյանի վրա հարձակման դեպքով քրվարույթ է նախաձեռնվել, մեկ անձ ձերբակալվել է

Սեպտեմբեր 16,2025 14:58

Լրագրող, Երևանի մամուլի ակումբի փորձագետ Հակոբ Կարապետյանի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի (Ֆիզիկական ներգործությունը) 1-ին հատկանիշներով: Այս մասին հայտնել է Գլխավոր դատախազությունը։

Հակոբ Կարապետյանը, որը Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ է եղել, երեկ երեկոյան հայտարարել է իր նկատմամբ բռնության մասին։ Նա նշել է, որ վերջերս հարձակման է ենթարկվել։ Իսկ մինչ հարձակումը, ինչպես պնդում է Կարապետյանը, ֆեյսբուքում քննադատական գրառման համար Երեւանի քաղաքապետարանի Հասարակական կարգի ծառայության պետի ժ/պ Ավետիք Բաբայանը սոցիալական ցանցի միջով «կեղտոտ ու անհարգալից բառապաշարով սկսում է «հաշիվ պահանջել»»։ Բաբայանը, Կարապետյանի պատմելով, նաև հեռախոսազանգի միջոցով է սպանացել Կարապետյանին՝ ««տեղդ ասա, գամ ոտերդ ջարդեմ»։

Կարապետյանի գնահատմամբ՝  տեղի ունեցածը իր՝ հանրային և լրագրողական գործունեության դեմ ուղղված «հետապնդում և ահաբեկման ակտ» է, որը տեղի է ունեցել «իշխանությունների առնվազն լռելյայն թողտվությամբ»։ Նա նաև քննադատել է քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ իրեն տեղեկացնելուց հետո իրավիճակին ընթացք չտալու համար։

ՆԳՆ–ից այսօր հայտնել են, որ սեպտեմբերի 12-ին քաղաքացուց ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել՝ դիմակավորված անձի կողմից ծեծի ենթարկվելու վերաբերյալ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե․«Սեպտեմբերի 15-ին Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների միջոցառումների շնորհիվ ձերբակալվել է միջադեպի մասնակիցներից մեկը, որը ներկայացվել է նախաքննական մարմին։ Հայտնաբերվել և պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել նաև դիմակավորված անձին դեպքի վայր հասցրած մեքենան»:

Ավետքի Բաբայանը Civilnet-ի հետ զրույցում հերքել է մեղադրանքները, նշելով, թե չի ճանաչում Հակոբ Կարապետյանին։

«Իմ ֆեյսբուքյան էջը պաշտոնական էջ է, այն օգտագործում եմ ես ու քաղաքապետարանի աշխատակիցները՝ ստանալով քաղաքացիների նամակներ ու արձագանքելով դրանց։ Նման անձի հետ շփում չի եղել, առավել ևս այդ տոնայնությամբ»,-ասել է Բաբայանը։

Հակոբ Կարապետյանը RegionTV-ի հետ զրույցում վստահեցրեց, որ ունի  բոլոր ապացույցները՝ ձայնագրություններն ու  լուսապատճենները, որոնք տրամադրել է իրավապահներին։

«Այն, որ նա հերքել է, թե ինձ հետ որևէ առնչություն է ունեցել, շատ խոսուն փաստ է, որ ինքը պաշտպանվում է իրեն վերագրվող քրեական հանցանքից։ Այսինքն ինքը չի հերքում, որ իմ վրա հարձակում է կազմակերպել, այլ փորձում է հերքել ակնհայտ մի բան, որի մասին տեղյակ է Երևանի քաղաքապետանի առնվազն աշխատակազմի քարտուղարը, որը Բաբայանի հետ խոսել է  սպառնալիքների ու հայհոյանքների թեմայով, ու այդ ժամանակ չի հերքել, որ ինքն է եղել»,-ասաց Կարապետյանը։

Նա վստահ է, որ իր նկատմամբ հարձակումը հենց Ավետիք Բաբայանն է կազմակերպել։ Կոնկրետ ծեծողն արդյոք Բաբայանն է եղել, թե՝ ոչ, Կարապետյաննն ասաց, որ չի կարող պնդել, քանի որ ուշ ժամ է եղել, և բռնություն գործադրելու ժամանակ էլ չեն հնչել արտահայտություններ, որպեսզի ձայնից գոնե հասկանալի լիներ, ինքն է, թե՝ ոչ։ Կարապետյանը հավելեց՝ դեպքի վայրում տեսախցիկներ կան, միջադեպի պահին շտապ օգնության մեքենա էր կանգնած, այնպես որ, իրավապահները պետք է որ հարձակման ապացույցները գտնեն։

Թե ինչ ակնկալիքներ ունի Երևանի քաղաքապետարանից՝ արդյոք որևէ գործողություն կհետևի՞ պաշտոնյային ոչ պատճաշ վարքագիծ դրսևորելուց հետո, Կարապետյանն այսպես պատասխանեց․ «Ես քաղաքապետարանից ակնկալել եմ որևէ գործողություն մինչև իմ դեմ հարձակումը, խնդրել եմ պարզել, թե ինչո՞ւ է պաշտոնյան իրեն թույլ տալիս նման ագրեսիվ և փողոցային վարք դրսևորել քաղաքացու հետ հարաբերություններում։ Ասել են՝ կպարզենք ու տեղյակ կպահենք, բայց մինչև օրս տեղյակ չեն պահել»։

RegionsTV-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Վիլեն Արևշատյանն ասաց, որ Հակոբ Կարապետյանն, իրոք, իրեն զանգել է, Ավետիք Բաբայանի մասին տեղյակ պահել, սակայն նշեց, որ ինքը Բաբայանի հետ չի խոսել․«Պարոն Կարապետյանն ինձ պատմել է ինչ-որ հատված իրենց խոսակցությունից, ուղղակի այդ պահին շատ ուշ ժամ էր, իմ տեղն էլ հարմար չէր, մեր խոսակցությունը կիսատ է մնացել։ Պայմանավորվել էինք հաջորդ օրը խոսել։ Հետո չզանգեց ինքը, ես էլ ոչինչ չեմ արել։ Այսօր առավոտյան տեղեկացա, որ միջադեպ է եղել»։

Երևանի քաղաքապետարանից RegionsTV-ի հարցին՝ արդյոք քաղաքապետը նախատեսում է այս խնդրի առնչությամբ որևէ բան նախաձեռնել, պատասխանեցին․«Խնդիրը կպարզենք, կհասկականք, որից հետո էլ որոշում կկայացվի, թե ինչ անել»։

Նորություններ