«Բացահայտ քաղաքական պատվեր է։Հայտնի ցավագարը ոտքերը խփել է գետնին, ասել՝ բռնե՛ք դրան»․Միքայել սրբազանն իրեն կալանավորելու մասին | Region

«Բացահայտ քաղաքական պատվեր է։Հայտնի ցավագարը ոտքերը խփել է գետնին, ասել՝ բռնե՛ք դրան»․Միքայել սրբազանն իրեն կալանավորելու մասին

Սեպտեմբեր 15,2025 19:17

«Ինչ որ խոսելու եմ հիմա Սուրբ հոգու թելադրանքով է՝ Աստծո տնօրինությամբ: Այսօր այս կատակերգությանը հետևում են ոչ միայն Հայաստանում և Գյումրիում, այլև ամբողջ աշխարհի հայկական գաղթօջախներում, իսկ ինձ հայությունից դուրս այլ բան չի հետաքրքրում: Ես համոզված եմ, որ բոլորը, ներառյալ նաև մեղադրող կողմը և դատարանը այս ընթացքում համոզվեցին, որ ես անմեղ եմ: Այնպես չէ, որ մեծ հույսեր ունենք արդարադատության, որովհետև այս ընթացքում արդարադատության թշվառությունը տեսանք անձամբ»,-այս մասին այսօր հերթական դատական նիստի ժամանակ հայտարարեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

Նկատենք, որ այսօր Սրբազանի շահերի պաշտպան Արա Զոհրաբյանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել՝ հիշեցնելով, որ նախորդ դատական նիստին Աջապահյանի կալանքի ժամկետը մեկ ամսով երկարացվել է։ Դատարանը մերժեց միջնորդությունը։

Հիշեցնենք, որ Սրբազանը մեղադրվում է իշխանության զավթման կոչի համար։ Ըստ իրավապահների՝ «ԳԱԼԱ»  հեռուստաընկերության հեարձակած տեսանյութը, որը սրբազանի հարցազրույցն է, իշխանությունը զավթելու կոչ է։

Դատարանում Արա Զոհրաբյանը պնդեց՝ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու իրական սպառնալիք առկա չէ Սրբազանի խոսույթում, այն չի պարունակում մարդկանց համախմբելու կամ բռնի գործողություններին ուղղություն տալու նպատակ։ Փաստաբանի կարծիքով՝ սրբազանի խոսքի բովանդակությունը իրավիճակի անհուսալիությունն է փաստում, որ չկա անհրաժեշտ ռեսուրս, որպեսզի ի վերջո իշխանությունը փոխվի․ «Հեղինակը նույնիսկ ինքը չի հավատում իշխանության փոխվելուն, պարզապես իր մտահոգություններն է արտահայտում»։

Սրբազանն իր խոսքում նշեց․«Սա բացահայտ քաղաքական պատվեր է այսօրվա իշխանությունների կողմից, որը մտնում է ընդհանուր եկեղեցահալած քաղաքականության շրջագծի մեջ: Եթե նույնիսկ ինձ դատեն՝ վաղ, թե ուշ ճշմարտությունը հաղթելու է»։

Շիրակի թեմի առաջնորդի կարծիքով՝ իր նկատմամբ իշխանությունների մոտեցման փոփոխությունը պայմանավորված է մի քանի հանգամանքով, որոնցից առաջինը այն է, որ վերջինս դեռ 2018 թվականից դեմ է արտահայտվել Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուն.«Այդ օրվանից սկսած դարձա իշխանության «աչքի փուշը», երբ սկսսեցի քննադատել իրենց: Հետո եկավ 2020 թվականի պատերազմը: Այդ օրերին ինձ խնդրեցին, և ես հաղթանակի կոչով հանդես եկա: Այնպես որ, քննադատությամբ հանդերձ, մենք պետության և պետականության կողքին էինք, և կատարում էինք այն ամենը, ինչը մեզնից ակնկալվում էր»:

Միքայել Աջապահյանը նշեց, որ ինքն անձամբ երբեք որևէ լրագրողի հետ հարցարույց չի պլանավորել, «Պատերազմի շրջանում եղավ մի իրավիճակ, երբ գերագույն գլխավոր հրամանատարը հարբած վիճակում ասաց՝ ո՞վ է, որ կասկածում է իմ կարողությունների վրա: Դրանից հետո, և միշտ, լրագրողները պարբերաբար ինձ անհանգստացնում էին: Հարցրեցին, ի՞նչ կասեք, ես էլ ասել եմ, պետք է ռազմական հեղաշրջում: Ի՞նչու: Որովհետև այս մարդը սպառնալիք է այս երկրի համար, և այդ սպառնալիքը պետք է չեզոքացվի: Ես դա ասում եմ նաև այսօր»:

Տարօրինակ համարեց նաև այն փաստը, որ իր կողմից արվող կոչերը միայն այսօր է, որ հանցագործություն են որակվում, այնինչ, ըստ տրամաբանության, իշխանությունները այդ հայտարարություններին ավելի խիստ պետք է վերաբերվեին դեռ պատերազմի շրջանում, կամ գոնե դրանից անմիջապես հետո: Սրբազանի պնդմամբ՝ սա իրավապահներին տրված հատուկ հրահանգ է:

Շիրակի թեմի առաջնորդը շեշտեց, որ ողջ ժամանակ առաջնորդարանը եղել է հսկողության տակ, և իր հարցազրույցի մասին հենց այդ պահին տեղյակ են եղել.«Եթե 2024 թվականի փետրվարի 2-ի հանդիպման ժամանակ իմ արած խոսքը հանցագործություն էր, ինձ հենց այդ գիշերը պետք է բռնեին: Ի՞նչպես եղավ, որ 2024թ. փետրվարին, մարտին, հունիսին, հուլիսին, օգոստոսին, սեպտեմբերին, հոկտեմբերին, նոյեմբերին, դեկտեմբերին, 2025թ. հունվար-մայիսին հանցագործ չէի, կամ տեղյակ չէին, 2025թ. հունիսին դարձա հանցագործ, հիշեցին, որ ես պետք է դատվեմ: Ես շատ երկար եմ ապրել, որպեսզի հասկանամ, թե ինչ է եղել: Այս ամենը եղել է, որովհետև հունիսին հայտնի ցավագարը ոտքերը խփել է գետնին, ասել՝ բռնե՛ք դրան»։

Նիկոլ Մարգարյան

 

Նորություններ