Ադրբեջանում գտնվող պատմական հուշարձանների անմխիթար վիճակը

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը ներկայացնում է հետաքննական հոդված, որտեղ անդրադառնում է Ադրբեջանին, որը չի պահպանել իր պատմամշակութային ժառանգությունը, սակայն մեղադրում է հայկական կողմին ԼՂ տարածքում գտնվող մուսուլմանական հուշարձանները վանդալիզմի ենթարկելու մեջ։
Ադրբեջանը, որ երբևէ աչքի չի ընկել իր պատմամշակութային արժեքների պահպանությամբ, շարունակում է հայկական կողմին մեղադրել Արցախի տարածքում գտնվող մուսուլմանական մշակութային հուշարձանները վանդալիզմի ենթարկելու մեջ։ Հարկ է նշել, որ մուսուլմանական մշակույթին պատկանող այդ հուշարձանները բացառապես կապ չունեն «ադրբեջանական մշակույթի» հետ։ Ավելին՝ բազմաթիվ պատմական հուշարձաններ և մշակութային կոթողներ, անգամ` մուսուլմանական սրբավայրեր ու մզկիթներ, Ադրբեջանում այսօր վերածվել են աղբանոցների կամ անասնագոմերի։ Մոնղոլական ժամանակաշրջանի, Շիրվանշահերի մշակույթին պատկանող արժեքներն այսօր կանգնած են վերացման վտանգի առջև:
Օրինակ՝ Սեֆյանների ժամանակաշրջանին պատկանող Շահ Սուլթան Հուսեյնի մզկիթը, որը գտնվում է Ադրբեջանի Նովխանի գյուղում, վերածված է աղբավայրի։ Իրանական մշակութային ժառանգություն հանդիսացող շիական մզկիթի նկատմամբ ադրբեջանական նման վերաբերմունքը կոշտ արձագանքի է արժանացել իրանական տեղեկատվական կայքերում։ Մզկիթի անմխիթար վիճակի մասին ահազանգել է նաև ադրբեջանցի պատմաբան Զաուր Ալիևը: Ըստ նրա՝ անգամ ցուցանակ տեղադրված չէ, որը կփաստի հուշարձանի՝ պետության կողմից պահպանված լինելը. միայն տեղացիների պատրաստած «Շահ սուլթան Հուսեյնի մզկիթ» վերտառությամբ գրությունն է։ «Կրոնական հուշարձանի ներսը վերածվել է աղբանոցի, որտեղ նետում են անգամ սատկած կենդանիների լեշեր»,- նշել է Զաուր Ալիևը:
Բաքվի Սաբունչուի շրջանի Մաշթաղա ավանում է գտնվում 17-18-րդ դարերով թվագրվող արևելյան հայտնի համամը, որն ամբողջությամբ վերածված է աղբանոցի: Մշակութային այս ժառանգությունը հայտնի է նաև «Ավազի համամ» անունով: Ապշերոնի գրեթե բոլոր գյուղերում գոյություն ունեն նմանօրինակ համամներ, որոնց ճնշող մեծամասնությունը գտնվում է կիսաքանդ և ավերված վիճակում։
Նույնպիսի անմխիթար վիճակում է Սումգայիթ քաղաքի Ջորաթ ավանի տարածքում գտնվող պատմական «Հաջը Մաջիդ» համամը, որը բնակչության շրջանում հայտնի է «Հին համամ» անունով։ Այն 15-16-րդ դարերի շինություն է, պատկանում է Շիրվանշահերի դարաշրջանին։ Բնակիչների խոսքերով՝ պատմական հուշարձանի՝ աղբավայրի վերածվելու հիմնական պատճառը պատասխանատու կառույցների անտարբեր վերաբերմունքն է: Պետք է փաստել, որ Հաջը Մաջիդ համամը վերջին անգամ վերանորոգվել է 1985 թվականին և գործել է մինչև 1988 թվականը: Պատմական այս հուշարձանն այժմ կանգնած է վերացման վտանգի առջև:
Ադրբեջանցիների կողմից հնագույն մեկ այլ հուշարձանի տարածք աղբավայրի է վերածվել Աղսու քաղաքում: Տեղում պեղումներ կատարած հնագետ Ֆարիզ Խալիլլին նշել է, որ հնագիտական աշխատանքների ավարտից հետո հուշարձանի մի մասը ոչնչացվել է տարածքում ճանապարհի կառուցապատման աշխատանքների պատճառով: Ադրբեջանցի բնակչությունն էլ, իր հերթին, հուշարձանի տարածքը վերածել է աղբավայրի: Հնագետի խոսքով՝ տարածքում թափված աղբը պատմական հուշարձանների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորում է։