«Սպեցնազ կոչված բանդիտական խումբը Доля воровская երգը լսելուց հետո սկսել է հարվածել դատապարտյալներին՝ ստիպելով երգել Господа Офицеры». Ժաննա Ալեքսանյան

Ապրիլի 3-ին ֆեյսբուքյան գրառմամբ էր հանդես իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ նշելով, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ցմահ դատապարտյալների «ջարդ» է կազմակերպվել։ Այդ մասին իրավապաշտպանին ահազանգել են բանտից՝ դաժան ծեծից հետո։ Իր ներկայացմամբ՝ մինչև բանտից զանգ ստանալը՝ վաղ առավոտից մի քանի անգամ ահազանգեր է ստացել նաև բանտարկյալների հարազատներից:
Դեպքի մասին տեղեկանալուց հետո քրեակատարողական հիմնարկ է մեկնել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խումբը։ Ավելի քան 30 ցմահ դատապարտյալների հետ առանձնազրույցների ընթացքում նրանցից ոմանք ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչներին, ի թիվս այլնի, տեղեկություններ են ներկայացրել նույն օրը Քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության բաժնի ծառայողների կողմից գործադրված, իրենց պնդմամբ, անհամաչափ ֆիզիկական ուժի, խցերում առկա գույքը կոտրելու, իրենց նկատմամբ վիրավորանքներ և հայհոյանքներ հնչեցնելու մասին: Դատապարտյալների մի քանիսի մոտ արձանագրվել են մարմնական վնասվածքներ:
«Ավիրել են խցերը, սնունդն ու հագուստը շպրտել են, գետնին են գցել դատապարտյալին ու սկսել են դուբինկաներով ծեծել: Ի՞նչի համար, պարզապես այդպես են ուզել»,-այս մասին այսօր «Մեդիա կենտրոն»-ում հրավիրված քննարկման ժամանակ ասաց Ժաննա Ալեքսանյանը, նշելով՝ սա նմանատիպ առաջին դեպքը չէ:
Նա հիշեցրեց, որ 2016 թվականին նմանատիպ խոշտանգման ժամանակ դատապարտյալները անգամ ներքնակներն էին այրել՝ այդ կերպ փորձելով պաշտպանվել: Եվս մեկ օրինակ է նաև մի քանի տարի առաջ գրանցված դանակահարության դեպքը. ինչպես հետագայում պարզվել էր կալանավորին դանակահարել էին ռեժիմի պետի տեղեկությամբ:
Իրավապաշտպանը ներկայացրեց օրերս տեղի ունեցած դեպքի պատճառները․«Զբոսանքի ժամանակ դատապարտյալները տարբեր երգեր են երգել: Ինչ որ մեկը երգել է «Доля воровская»: Դրանից հետո սպեցնազի ծառայողները սկսել են հարվածել նրանց, ու ստիպել են երգել «Господа Офицеры»: Ես մի քանի հոգու հետ եմ խոսել, ու բոլորը նույն բանն են պատմել, ու էս դեպքում դու չես կարող կասկած ունենալ: Այս ամենը շարունակվել է մեկ ամսից ավել: Սպեցնազ կոչված բանդիտական խումբը, իր արտոնյալ վիճակով առևանգել է դատապարտյալներից Դավիթ Մինասյանին, ում գտնվելու վայրը մինչև հիմա անհայտ է»:
Ալեքսանյանի խոսքով․«Ինձ ապշեցրել էր արդարադատության նախարարի պնդումները, թե իրավաչափ ուժ է կիրառվել։ Ի՞նչ գիտես, քննություն չէր նշանակվել, գոնե համոզվելու համար դու կարո՞ղ էիր հետաքրքրվել, քո նախարարությունից մարդ ուղարկեիր։ Մարդիկ են այնտեղ բազմաթիվ հիվանդություններով։ Մարդիկ կան՝ մինչև 30 տարի դատապարտված են, ո՞նց կարող եք իրենց հետ էդպես վարվել»։
Նա ասաց, որ իր ղեկավարած կազմակերպությունը պարբերաբար հանդիպում է ցմահ դատապարտյալներին․«Իսկ հիմա ինձ ասում են՝ եթե հանդիպում եմ ցմահ դատապարտյալի հետ, ուրեմն դատապարտյալի տեսակցություններից մեկը պետք է հանվի։ Պատժիչ մեխանիզմ է»։
ՀՀ ՄԻՊ աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արամ Մինասյանը, արձագանքելով առևանգված դատապարտյալի մասին հայտարարությանը, նշեց, որ իրենց ստացած տեղեկությունների համաձայն՝ տվյալ դատապարտյալը տեղափոխվել է այլ ՔԿՀ՝ քրեական ենթամշակույթի դեմ պայքարին առնչվող հարցերով պայմանավորված: Նա կարևորեց նաև ծառայողական քննության իրականացումը, որը հնարավորություն կտա բոլոր հանգամանքների և վեր հանված խնդիրների ավելի խորը ուսումնասիրության:
Նա հայտենց, որ ՄԻՊ արագ արձագանքման խումբը դեպքի վայրում խոսել է դատարապրտյալների հետ, նրանք հաստատել են, որ ֆիզիկական ուժ է գործադրվել, իրենց հասցեին հնչեցվել են հայհոյանքներ։
ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետի տեղակալ Հովհաննես Մարգարյանն էլ ներկայացրեց դեպքի վերաբերյալ իրենց տեսակետը, նշելով, որ բանտարկյալների դեմ իրավաչափ ֆիզիկական ուժի կիրառումը եղել է նրանց կողմից բարձրացված անհնազանդության հետևանքը.«Դավիթ Մինասյանի կողմից քրեական ենթամշակույթի կիրառություն է նկատվել, ինչը ազդել է քրեակատարողական հիմնարկի բնականոն գործունեության վրա: ՔԿՀ-ի ներկայացուցիչները մոտեցել են համապատասխան խուց, և տվյալ անձին ներկայացրել, որ ինքը պետք է տեղափոխվի այլ ՔԿՀ: Օրինական պահանջը չի կատարվել դատապարտյալի կողմից, ինչի պատճառով էլ սկսվել է միջադեպը: Սկսել են ի նշան բողոքի աղմկել նաև այլ խցերից, նկատվել է ծուխ: Հրավիրվել է Հատուկ նշանակության ջոկատ, ում կողմից ևս ներկայացվել է նույն պահանջը, և այն կատարելու համար տրվել է բավարար ժամանակ: Օրինական պահանջը չկատարելուց հետո միայն կիրառվել է ֆիզիկական ուժ: Բացառում ենք մահակներով ծեծը, ինչպես նաև նման դեպքերի շարունակական լինելը»:
ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության ծառայող Սոնա Խաժոյանը ևս հաստատեց Հովհաննես Մարգարյանի խոսքերը, բացառեց դատապարտյալների մոտ կոտրվածքների առկայաությունը, ինչը կհաստատեն նաև «Էրեբունի ԲԿ»-ում առկա փաստաթղթերը, որտեղ դատապարտյալները անցել են կրկնակի ռենտգեն հետազոտություն:
Նիկոլ Մարգարյան
Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի