Մելիքբեկյանը հերքում է, թե ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբը զինվորական ծառայությունից ազատվելու միջոց է

«Ֆեդերացիայի գործունեության ընթացքում եղել է շրջան, որ ազգային հավաքականը հաղթեց Ազգերի Լիգայի C դեվեդիզիոնում եւ այդ ժամանակ ֆեդերացիան անտեսվեց: Մենք դեմ չենք դրան, բայց երբ հավաքականը անհաջողություններ է ունենում, մեղավոր է միայն ֆեդերացիան»,-անդրադառնալով իրենց հասցեին պարբերաբար հնչող քննադատություններին այսօր հրավիրված ասուլիսում ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը։
Ի պատասխան լրագրողների այն հարցին, թե արդյոք Վրաստանի հավաքականից երկու խաղերի արդյունքում կրած 9-1 հաշվով պարտությունը բավարար պատճառ չէ՞ հրաժարական տալու համար, Մելիքբեկյանը պատասխանեց, որ այդ պարտությունը չնայած ծանր էր, սակայն կային նաև այդ պարտության օպտիմալ պատճառներ՝ թիմը խաղում էր առանց մի քանի առաջատարների, նոր մարզիչը բավարար ժամանակ չուներ, որոշ ֆուտբոլիստներ խաղացին իրենց հնարավորություններից ցածր։ Վստահեցվեց նաև, որ պարտությունները մանրամասն կուսումնասիրվեն, և կփորձեն շտկել առկա խնդիրները։
Անդրադարձ եղավ նաև մեղադրանքներին, թե Հայաստանի Պրեմիեր Լիգայում հանդես եկող ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբը շատերի համար դարձել է զինվորական ծառայությունից ազատվելու միջոց, և համակարգի որոշ անդամներ չեն համարվում պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներով։ ՀՖՖ նախագահը հայտարարեց, որ այդ մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը, թիմում ընդգգրկված բոլորը հավաքականի թեկնածուներ են, իսկ նրանք, որվքեր չեն համապատասխանում թիմի մարզչական շտաբի պահանջներին, մեկնում են պարտադիր զինվորական ծառայության։
«Եթե այսօր, ժամը չորսին դիտեք Նոա-ԲԿՄԱ խաղը, դուք կտեսնեք բազմաթիվ ֆուտբոլիստներ, ովքեր ծառայության մեջ են, և հենց հիմա խաղում են ԲԿՄԱ-ի մեկնարկային կազմում»,-ասաց նա։
Նա վստահեցրեց, որ ինքը, կամ իր թիմից որևէ մեկը որևէ քաղաքական թևի չեն պատկանում, ՀՖՖ-ն քաղաքական հարցերով չի զբաղվում։
«Ես ոչ մի թիմից չեմ, ինձ որեւէ թիմի հետ չկապել: Երեւի լավ չեք տիրապետում իրավիճակին»,-ասաց Մելիքբեկյանն՝ ի պատասխան լրագրողի հարցի:
ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը մանրամասնեց, որ ՀՖՖ նախկին նախագահ Արթուր Վանեցյանի հրաժարականը քաղաքական իրադարձություն էր:
«Առաջին անգամ Հայաստանում քաղաքական գործիչները այլեւս որեւէ առնչություն չունեն ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Որքան էլ նրանք սիրեն ֆուտբոլը, ցանկանան աջակցել, բայց այսօր ֆեդերացիայում քաղաքական գործիչներ չկան: Արթուր Վանեցյանը հրաժարական չտվեց 1:9 հաշվով պարտության պատճառով, այլ դա քաղաքական իրավիճակ էր»,-նշեց Արմեն Նիկողոսյանը:
Մելիքբեկյանը չհերքեց, որ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի եղբոր որդին աշխատում է ֆեդերացիայում, նշեց՝ նա ունի մասնագիտական հմտություններ, և ամենացածր վարձատրվող դեպարտամենտի ղեկավարն է։
Այս խնդրինն անդրադարձավ Նիկողոսյանը․«Իմ եղբոր որդին վերջերս, երկու-երեք ամիս առաջ աշխատանքի է անցել ֆեդերացիայում։ Եղբայրս ևս, ավելի քան տասը տարի աշխատել է այստեղ, Տեխնիկական կենտրոն ակադեմիայում՝ թենիսի մարզիչ է, ակադեմիայի ամենացածր վարձատրվող մարզիչն է»։
Ֆեդերացիայի անդամները նշեցին, որ ֆուտոլի ազգային հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ՝ Ջոն վանտ Սխիպը լիովին վայելում է ֆեդերացիայի վստահությունը։
Անդրադարձ եղավ նաև առաջիկա խաղերին, նշվեց, որ հունիսին սպասվող ընկերական հանդիպումներում հնարավորության դեպքում կներգրավվեն շատ երիտասարդներ, ինչը թույլ կտա հասկանալ, թե ինչպես լավագույնս ներկայանալ սեպտեմբերին Պորտուգալիայի և Իռլանդիայի հավաքականների հետ՝ Աշխարհի առաջնության որակավորման փուլի սպասվելիք հանդիպումներում։
Նիկոլ Մարգարյան