ՀՖՖ-ի դեմ հստակ ծրագրված արշավ է ընթանում, հաճախ մեղադրանքերն ու ասեկոսեները կապ չունեն իրականության հետ․Արմեն Մելիքբեկյան | Region

ՀՖՖ-ի դեմ հստակ ծրագրված արշավ է ընթանում, հաճախ մեղադրանքերն ու ասեկոսեները կապ չունեն իրականության հետ․Արմեն Մելիքբեկյան

Ապրիլ 09,2025 13:29

«Վերջին շրջանում հրապարակվում են տարբեր նյութեր, որոնք կապ չունեն ֆեդերացիայի բուն գործունեության հետ։ Հաճախ դրանք կրում են պատվիրված և խառնակչական բնույթ։ Կան մարդիկ, որոնց համար երազանք է հայտնվել ՀՖՖ նախագահի աթոռին, և իրենց նպատակին հասնելու համար իրենք չեն խորշում ամենաստոր մեթոդներից»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը։

Նրա վստահեցմամբ՝ ՀՖՖ-ի դեմ հստակ ծրագրված արշավ է ընթանում, և շատ դեպքերում ներկայացվող մեղադրանքերն ու ասեկոսեները կապ չունեն իրականության հետ։ Չնայած այն հանգամանքին, որ ֆեդերացիայում խնդիրներ կան, նրանք ընդունում են կառուցողական քննադատությունը, և պատրաստ են իրականացնել բոլոր քայլերը ի շահ հայկական ֆուտբոլի զարգացման։

«Այն մեղադրանքները, որոնք մեր հասցեին հնչում են, քննադատությունները, կոռուպցիայի մեջ մեղադրանքը, հասկանալի է, որ կեղծ են, երբեւէ չհիմնավորված»,-ասաց նա:

Մելիքբեկյանը նաև հայտարարեց՝ հրաժարական չի տալու։

Հիշեցնենք, որ Արմեն Մելիքբեկյանը ՀՖՖ-ն գլխավորում է 2019 թվականից, իսկ ապրիլի 3-ին նա ընտրվել է ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի անդամ

Անդրադառնալով իր պաշտոնավարման ընթացքում կատարված աշխատանքներին՝ Մելիքբեկյանը կարևորեց այն հանգամանքը, որ առաջին անգամ Հայաստանի ֆուտզալի հավաքականը «տնային» հանդիպում անցկացրել է հենց այդ շրջանում՝ 2020 թվականին, Քովիդի համաճարակի շրջանում էլ Եվրոպայում առաջիններից են եղել, ովքեր վերսկսել են «ներքին» առաջնությունը։

Չնայած 2022 թվականին սկսված ռուս-ուկրանիական պատերազմի հասցրած բավական մեծ տնտեսական հարվածներին (փոխարժեքի տատանում, ավիատոմսերի գների զգալի աճ) շարունակվել են ենթակառուցվածքային ծրագրերը։

«Իմ պաշտոնավարման ընթացքում կառուցվել են 130 փոքր դաշտեր, Հայաստանում կրկնապատկվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ անցկացվում են տարբեր տարիքային առաջնություններ։ Հաջողվել է ավարտել ու շահագործման հանձնել դեռ նախորդ ղեկավարության ժամանակ սկսված Սևանի և Էջմիածնի ֆուտբոլային դպրոցները, վերակառուցել ենք Աբովյանի, Արմավիրի, Վանաձորի «Խորեն Հովհաննիսյանի անվան» մարզադաշտերը»,-լրացրեց ՀՖՖ նախագահը։

Խոսելով ապագայի ծրագրերից վստահեցվեց, որ շարունակելու են ենթաառուցվածքների շինարարությունը, ինչը կարևոր քայլ է ֆուտբոլի զարգացման համար։

 

Նիկոլ Մարգարյան

Նորություններ