Արկադի Ղուկասյանը հարցաքննվել է Բաքվի դատարանում, նա ասել է, որ իր ժամանակ «ադրբեջանցիներին ստիպել է լքել Ստեփանակերտը»

Բաքվի զինվորական դատարանում այսօր հարցաքննվել է Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը։
Azertag-ը գրում է, Արկադի Ղուկասյանը հարցաքննության ժամանակ «խոստովանել է, որ այն ժամանակ ադրբեջանցիներին ստիպել է լքել Ստեփանակերտը»։ Ադրբեջանական լրատվամիջոցը նյութում գրել է Խանքենդի:
Ըստ նույն աղբյուրի, Արկադի Ղուկասյանն ասել է, որ «ծանոթ է ադրբեջանցիների դեմ հանցագործություն կատարած խմբավորումների ղեկավարներին՝ Ռոբերտ Քոչարյանի՝ 1992 թվականից, Սամվել Բաբայանի՝ 1993 թվականից, Մուրադ Պետրոսյանի՝ 2000 թվականից»։
«Խալֆալիչայ» գետի կամրջի պայթեցման մասին հարցին Ղուկասյանը նշել է, որ հիշում է այդ իրադարձությունը, ապա, ըստ ադրբեջանական լրատվամիջոցի, պատմել է, որ «այդ ընթացքում՝ 1990-ականներին, Հայաստանի տարածից զինված մարդիկ են ներխուժել ադրբեջանական տարածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտ, սակայն հավելել է, որ չգիտի, թե որտեղից էին բերվում զենքերը»:
Նշենք, որ ադրբեջանական բանտերում պահվում են գերեվարված 23 հայեր՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ։ Այժմ դատավարություն է ընթանում 2023 թվականի սեպտեմբերի 19-ի Ադրբեջանի ռազմական հարձակումից հետո գերեվարված 16 հայերի դեմ, այդ թվում՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանի, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի:
Ադրբեջանը ծանր մեղադրանքներ է առաջադրել նրանց նկատմամբ՝ ապօրինի զինված խմբավորումների կազմավորումից, ահաբեկչությունից մինչև մարդկության դեմ հանցագործություն։