Գյումրու «Հաղթանակ» զբոսայգում ավելի շատ ծառ է հատվել, քան արձանագրել է տեսչական մարմինը. բնապահպան | Region

Գյումրու «Հաղթանակ» զբոսայգում ավելի շատ ծառ է հատվել, քան արձանագրել է տեսչական մարմինը. բնապահպան

Հոկտեմբեր 15,2026 21:35

Գյումրու «Հաղթանակ» զբոսայգում ավելի շատ ծառ է հատվել, քան արձանագրել է տեսչական մարմինը։ Այս մասին վստահեցնում է բնապահպան Գևորգ Պետրոսյանը։

Օրերս բնապահպանն ահազանգել էր, որ այգում հաստաբուն և առողջ ծառեր են հատվում։ Ահազանգից հետո ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (ԲԸՏՄ) աշխատակիցները գործի անցան և արձանագրեցին՝ հայտնաբերվել է տարբեր տեսակների ու տրամագծերի 12 ծառի կոճղ, որոնցից մի քանիսը հատվել են մինչև աճի դադարեցման աստիճան, իսկ մյուսներն արմատախիլ են արվել։ Տեսչական մարմինը հաշվարկել է բուսական աշխարհին հասցված վնասը՝ 630.000 դրամ, և դեպքի առթիվ հանցանքի մասին հաղորդում ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե։ Մինչդեռ Պետրոսյանը գտնում է, որ իրականում շրջակա միջավայրին հասցված վնասը շատ ավելի մեծ է։

Հիշեցնենք, որ այգու բարեկարգման սուբվենցիոն ծրագիրը Գյումրու քաղաքապետարանը հաստատել է այս տարի։ Որոշվել է բարեկարգել այգու միայն մի հատվածը՝ սահմանափակ ֆինանսական միջոցների պատճառաբանությամբ։ 172 մլն դրամ արժողությամբ (պետություն-համայնք համաֆինանսավորմամբ) այս նախագծի շինարարական մրցույթում հաղթել է «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն։ Նախատեսվում է բարեկարգել կանաչ տարածքները, մաքրել ստորգետնյա ջրատարը, վերականգնել առկա ջրավազանն ու կառուցել ևս երկուսը, տեղադրել նոր նստարաններ և ստեղծել մանկական խաղահրապարակ։

Կենսունակ ծառերն արմատախիլ անելու վերաբերյալ ահազանգող «Բիոսոֆիա» առողջապահության, բնապահպանության և գյուղատնտեսության զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Գևորգ Պետրոսյանը REGIONSTV-ի հետ զրույցում նշում է, որ ծառերի հատման անհրաժեշտությունը պայմանավորված է քաղաքապետարանի հաստատած, ավելի ճիշտ՝ «հնարած» նախագծով։

«Պետք էր սկզբում հասկանալ՝ ինչ նախագիծ են արել, ինչպես են արել, իսկ նախագիծը, ցավոք, ոչ հրապարակվել է, ոչ էլ հանրային քննարկման դրվել։ Այդ նախագիծը բավականին կասկածելի է այն իմաստով, որ բարեկարգում են զբոսայգու միայն մեջտեղի հատվածը։ Այսինքն՝ այն իր 600 մետր երկարությամբ հանդերձ ամբողջությամբ չի նորոգվում, այլ միայն կենտրոնական հատվածը, որի միջով անցնում է ստորգետնյա ջրահոսքը։ Հիմա ողջ խնդիրն այդ ջրային հատվածի բարեկարգումն է։ Եթե որոշել են բարեկարգել մեջտեղի հատվածը, ապա վերևի տիղմն ու կեղտը գալու և լցվելու են այնտեղ։ Այդ դեպքում բարեկարգելու իմաստը ո՞րն է։ Պետք էր սկսել մի ծայրից, չի կարելի հենց մեջտեղից սկսել»,- ասում է բնապահպանը։

Պետրոսյանը կասկածելի է համարում ողջ գործընթացը՝ նկատելով, որ հսկայական գումար է հատկացվում այգու միայն մի հատվածի համար, այն էլ պարզ չէ՝ այդ տարածքն ընդամենը մաքրվելո՞ւ է, թե՞ հիմնովին նորն է կառուցվելու. «Այս հարցին ոչ ոք չի պատասխանում ու չի էլ բարձրաձայնում, որովհետև չկա հրապարակված նախագիծ, որ տեսնենք՝ ինչ է կատարվում։ Լավ, ենթադրենք՝ ծրագիրը հաստատել են, մրցույթն անցել է, ինչ-որ նախագիծ են արել, հասկացանք, բա շինարարական փու՞լը»։

Նրա խոսքով՝ շինհրապարակը մեկուսացված չէ հատուկ պաշտպանիչ միջոցներով. քաղաքի կենտրոնում՝ շուկայի հարևանությամբ, բացօթյա շինարարություն է ընթանում։

Բացի այդ, Պետրոսյանը՝ որպես փորձագետ, վրդովված է. «Եթե նույնիսկ ծառերը համայնքի սեփականությունն են, և անհրաժեշտ էր հատել, մենք՝ որպես հանրություն, պետք է ներկա գտնվեինք այդ գործընթացին։ Տրակտորը մտավ ու սկսեց այդ ծառերը ջարդելով առաջ գնալ։ Միշտ էլ տեսել ենք նման վայրենաբարո վերաբերմունք քաղաքի կանաչ տարածքների նկատմամբ, բայց մինչև ե՞րբ պիտի սա շարունակվի։ Սարսափելի է։ Գյումրիում կանաչապատ տարածքներ գրեթե չեն մնացել, հատկապես կենտրոնական հատվածներում, իսկ վերջին մնացածներն էլ այսպիսի վայրենությամբ սկսում են ոչնչացնել»։

Գևորգ Պետրոսյանը պնդում է՝ այգում հատվել են ոչ թե 12, այլ մոտ 40 ծառ։

Բնապահպանն ասում է, որ իրականում շրջակա միջավայրին հասցված վնասն ավելի մեծ է, իսկ տեսչական մարմինն ընդամենը տնտեսագիտական գնահատման մեխանիզմով է աշխատում. «Հաշվարկում են ծառի բնի տրամագիծը, տեսակը, թե որքան փայտ կստացվեր, և բազմապատկում շուկայական արժեքով։ Նույնիսկ այդպես հաշվարկելու դեպքում գումարը շատ ավելի բարձր կլիներ, քան գնահատվել է։ Եվ հետո՝ 12 ծառ չի հատվել, այդտեղ բավականին շատ է հատվել։ Հետքեր չեն մնացել, չեն կարողացել պարզել, որովհետև ի սկզբանե այնտեղ մոնիթորինգ չի իրականացվել, ծառերի նախնական գնահատում և հաշվառում չի եղել։ Այսօր մեկ խորանարդ մետր բնափայտը մոտավորապես 27-30 հազար դրամ է, իսկ այդ հաստաբուն ծառերից յուրաքանչյուրից երևի մի 7-8 խորանարդ կստացվեր։ Եթե միայն այդ արժեքը հաշվենք, մեկ ծառի արժեքը կստացվեր մոտ 150 000 դրամ, և ընդհանուր վնասը շատ ավելի մեծ կլիներ։ Նաև հասկանում եմ, որ տեսչական մարմինն ունի որոշակի մեթոդաբանություն, որով հաշվարկում է, և այդ թիվն է ստացվում։ Իրենց չեմ մեղադրում, որովհետև ոլորտը մեզ մոտ օրենսդրական առումով թերի է, և չկա համապատասխան ճշգրիտ մեթոդաբանություն, որով կկարողանան ավելի ճիշտ հաշվարկ կատարել»։

Տիրուն Մարգարյան

Նորություններ