Փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի փոխհատուցման շեմը կբարձրանա | Region

Փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի փոխհատուցման շեմը կբարձրանա

Ապրիլ 17,2025 20:46

Գործադիրն այսօրվա նիստում, ինչպես հայտնում են կառավարությունից,  պատերազմում որդի կորցրած ծնողներին հատկացվող աջակցությունը՝ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ հղիության համար, փոփոխվել է։ Նրանց հատկացվող գումարի շեմը բարձրացվել է։

Մասնավորապես, առաջարկվում է՝ դոնորական ձվաբջջի ձեռքբերման կամ փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի մասնակի փոխհատուցում տրամադրելիս հիմք ընդունել որոշմամբ սահմանված ուղեգիրը, որը ՀՀ առողջապահության նախարարությունը պետք է տրամադրի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը: Միաժամանակ պահպանվում է որոշմամբ սահմանված ընթացակարգը՝ միջոցառման շրջանակներում շահառու ծնողներին դոնորական ձվաբջջի ձեռքբերման և փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի համար փոխհատուցում տրամադրելու մասով: Առաջարկվում է նաև փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի փոխհատուցման գումարի առավելագույն չափը վերանայել՝ 5.5 մլն դրամի փոխարեն սահմանելով 8 մլն դրամ, հաշվի առնելով  շուկայում   առաջացած գնաճը:

Ըստ կառավարության՝ համապատասխան փոփոխություններ և լրացումներ է կատարվել «ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված կամ ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված յուրաքանչյուր զինծառայողի ծնողների վերարտադրողական առողջությանն աջակցելու նպատակով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման որոշ ծախսերի մասնակի փոխհատուցման տրամադրման միջոցառումը և կարգը հաստատելու մասին» որոշման մեջ:

 

Նորություններ