Խայալ Մուազին. Համաձայնության հասնելը կախված չէ Իրանից, այլ՝ նոր բազմաբևեռ իրականությունն ընդունելու ԱՄՆ-ի կարողությունից

Իրանցի լրագրող Խայալ Մուազինը կարծում է, որ Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը դրական կազդի Հայաստանի վրա՝ Երևանի դիրքերը կամրապնդվեն բազմակողմ հարթակներում և կմեծանա Սյունիքի միջանցքի նշանակությունը՝ որպես խաղաղ փոխգործակցության միջոց
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցային գործընթացը նոր թափ է ստացել վերջին շաբաթների դիվանագիտական ակտիվության ֆոնին: Ապրիլի 12-ին Օմանում անուղղակի բանակցություններ են տեղի ունեցել Թեհրանի և Վաշինգտոնի ներկայացուցիչների միջև՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման համար։ Իրանական պատվիրակությունը գլխավորում էր Իրանի արտգործնախարար Արաղչին, իսկ ԱՄՆ պատվիրակությունը՝ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկովը։ Անուղղակի բանակցություններից հետո Իրանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները երկխոսությունը որակեցին որպես «դրական և կառուցողական»: Երկու կողմերը հաստատել են շփումները շարունակելու մտադրությունը և պայմանավորվել հաջորդ հանդիպումն անցկացնելու մասին։ Իրանի ԱԳՆ-ի տվյալներով՝ ապրիլի 19-ին Հռոմում կանցկացվի ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլը։
Իրանցի միջազգային լրագրող Խայալ Մուազինը REGIONSTV-ի հետ զրույցում նշեց, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցային գործընթացում Իրանը հանդես է գալիս ոչ թե որպես արտաքին ճնշման օբյեկտ, այլ որպես միջազգային խաղի իրավահավասար մասնակից՝ երկխոսություն կառուցելով ռազմավարական կայունության դիրքերից։ Ըստ Մուազինի՝ Թեհրանը, սահմանափակելով օրակարգը միայն միջուկային հարցով, պնդելով բանակցային հարթակի փոփոխությունը և հրաժարվելով ամերիկյան պատվիրակության հետ անմիջական շփումից՝ հստակ սահմաններ գծեց՝ ոչ մի համապարփակ գործարք, ոչ մի պարտադրվող պայմաններ․«Հռոմն ընտրելով որպես նոր հարթակ, արտացոլում է Իրանի ձգտումը երկխոսությանը տալ ավելի պաշտոնական, զուսպ և ինստիտուցիոնալ լուրջ բնույթ՝ ընդգծելով կողմերի իրավահավասարությունն ու Իրանի ինքնավարությունը։ Այն ամենը ինչին հասավ Վաշինգտոնը, դա այն է, որ նա ստիպված է հիմա երկխոսել այն սահմաններով, որոնք Իրանն է թելադրում՝ սահմանափակ օրակարգով, չեզոք հարթակում, առանց Իսրայելի մասնակցության։ Սա զիջում չէ, սա կուրսի հարկադիր ուղղում է»։
Խայալ Մուազինն ընդգծեց՝ համաձայնության հասնելը կախված չէ Իրանից, այլ՝ ԱՄՆ-ի՝ նոր բազմաբևեռ իրականությունն ընդունելու կարողությունից։ Իրանը ցույց է տալիս, որ կարող է գոյատևել, դիմակայել և զարգանալ առանց Արևմուտքից կախվածության։ Նա կարծում է, որ Իրանի՝ ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններից հրաժարվելը իրավիճակային որոշում չէ, դա ռազմավարական հաշվարկված գիծ է, որը հիմնված է Վաշինգտոնի մտադրությունների և գործողությունների նկատմամբ խորը անվստահության վրա։
Այս անվստահությունը ձևավորվել է պատմական փորձի վրա՝ խախտված պայմանավորվածություններ, Իրանի միջուկային համաձայնագրից՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալը, մշտական փորձերը ճնշում գործադրելու։ Այս ամենն իրանական քաղաքական մշակույթում գրավել է գլխավոր տեղ։
«Այաթոլլահ Սեյյեդ Ալի Խամենեին, որպես Իրանի բարձրագույն ղեկավարություն, բազմիցս ընդգծել է, որ ԱՄՆ-ը վստահելի չէ, և նրանց հետ ցանկացած բանակցություն թույլատրելի է միայն բացառիկ դեպքերում և լիակատար քաղաքական զգուշավորության պայմաններում: Իր ելույթներից մեկում նա հստակ հայտարարեց՝ Ամերիկան փոխզիջումներ չի փնտրում, նա կապիտուլյացիա է փնտրում։ Մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա»: Իրանը բանակցային գործընթացը չի դիտարկում որպես «թուլացման» կամ մերձեցման ճանապարհ, այլ որպես իր շահերը պաշտպանելու ևս մեկ գործիք՝ առանց ինքնիշխանության և արտաքին անկախ քաղաքականության հարցերում զիջումների: Թեհրանը երկխոսության մեջ է մտնում հստակ պայմաններով՝ պատժամիջոցների չեղարկում միայն օրինական պարտադիր երաշխիքների դիմաց՝բացառելով 2015 թվականի սցենարի կրկնությունը»,-ասաց բանախոսը։
Իրանի և ԱՄՆ-ի միջև Օմանում առաջին բանակցություններն, ըստ Խայալ Մուազինի, կարևոր ազդակ էր, որ չնայած խորը անվստահությանը, երկու կողմերն էլ հասկանում են կառավարվող երկխոսության անհրաժեշտությունը մեծ էսկալացիայից խուսափելու համար: «Քննարկման առարկան բացառապես Իրանի միջուկային ծրագիրն էր։ Ըստ առկա տեղեկատվության՝ քննարկվել են հետևյալ հարցերը՝ ուրանի հարստացման թույլատրելի մակարդակ, ՄԱԳԱՏԷ-ի տեսչական ստուգումների հնարավոր ընդլայնում, արտերկրում Իրանի ակտիվների մասնակի ապաշրջափակում, միջազգային ֆինանսների հասանելիության մարդասիրական ուղիները։ Սա ամերիկյան կողմի մտադրությունների, շրջանակներին հավատարիմ մնալու և օրակարգ պարտադրելուց հրաժարվելու պատրաստակամության փորձարկման փուլ էր։ Իրանն այս գործընթացն իրականացնում է աշխարհաքաղաքական վստահության համատեքստում՝ Չինաստանի, Ռուսաստանի, BRICS երկրների և գլոբալ հարավի հետ ընդլայնվող ներգրավվածության ֆոնին: Այս համատեքստում ցանկացած պայմանավորվածություն հնարավոր է միայն այն դեպքում, եթե դրանք արտացոլեն Իրանի շահերը։ Այսպիսով, ԱՄՆ-ի հետ բանակցությունները զիջում չեն, «նոր միջուկային համաձայնագրի» հույս չէ, այլ կոշտ քաղաքական հաշվարկ, որը հաստատում է՝ Իրանը պահպանում է իր անկախությունը, ուժը և երկխոսության շրջանակը թելադրելու իրավունքը»,- ասաց Մուազինը։
Ըստ Մուազինի՝ Իսրայելը մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային համաձայնագրի հնարավոր երկարաձգմամբ, իսկ պատճառը պարզ է՝ Իրանի ցանկացած դիվանագիտական հաջողություն հարված է տարածաշրջանում Իսրայելի քաղաքական հեգեմոնիային:
«Իսրայելը վախենում է ոչ թե միջուկային զենքի փաստից (ինչը Իրանը, ըստ ՄԱԳԱՏԷ-ի, չունի), այլ այն, որ միջուկային գործարքը կամրապնդի Թեհրանի դիվանագիտական և տնտեսական դիրքերը, կարագացնի նրա տեխնոլոգիական զարգացումը, իսկ ամենակարևորը՝ կամրապնդի Իրանի դերը որպես անքակտելի քաղաքական ուժի կենտրոն Արևմտյան Ասիայում։ Դա հակասում է Իսրայելի արտաքին քաղաքականության տրամաբանությանը, որտեղ Իրանի զսպումը ոչ թե անվտանգության, այլ տարածաշրջանային գերակայության խնդիր է»,- նշեց իրանցի լրագրողը։
Անդրադառնալով Իրանի հետ բանակցություններում արդյունքների հասնելու համար 60-օրյա ժամկետ սահմանելու մասին ԱՄՆ վարչակազմի հայտարարություններին և նման ժամկետի բացակայության դեպքում Իրանի միջուկային օբյեկտներին ռազմական հարվածներ հասցնելու հնարավորությանը, Մուազինը նշեց, որ դա առաջին հերթին քաղաքական և հոգեբանական ճնշման ձև է։
«Եթե Դոնալդ Թրամփը իսկապես վճռականություն և պայմաններ ունենար անհապաղ ռազմական հարվածի համար, նա չէր սպասի բանակցությունների մեկնարկին: Նա դա չարեց, քանի որ ոչ միայն չունի գործողությունների իրական ազատություն, այլ նաև հասկանում է, որ Իրանին ուղղակի հարվածի հետևանքները անկառավարելի կլինեն: Եթե, այնուամենայնիվ, նման սադրիչ հիմար քայլ արվի, Իրանը կոշտ, բազմամակարդակ և ռազմավարական առումով մտածված պատասխան կտա։ Իրանը մեկ անգամ չէ, որ ցույց է տվել, որ ի վիճակի է պաշտպանվել ոչ թե խոսքերով, այլ գործերով, և դա անում է առանց վարանելու»,- նշեց Մուազինը։
Խայալ Մուազինը, խոսելով այն մասին, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը լուրջ հետևանքներ կունենա Հայաստանի համար, ընդգծեց, որ ուղղակի և լուրջ հետևանքներ Հայաստանի պետականության և անվտանգության համար չեն սպասվում։
Նա ասաց, որ առաջին անգամը չէ, որ Իրանը բախվում է ԱՄՆ-ի և Արևմուտքի սպառնալիքներին․«Կարելի է վստահորեն ասել, որ այսօր Իսլամական Հանրապետությունը ոչ միայն կայուն երկիր է, այլև կարևոր խաղացող տարածաշրջանում, որի հետ հաշվի են նստում, և որին չի կարելի անտեսել: Տարածաշրջանում ի հայտ է եկել նոր իրողություն՝ ուժի նոր կենտրոններ, նոր գործընկերություններ և աճող բազմաբևեռություն: Ուստի վստահաբար կարող ենք ասել, որ ԱՄՆ-ն այլեւս ի վիճակի չէ նման անխոհեմ սխալ թույլ տալու»։
Հայաստանի համար առանցքային գործոնն այն է, ըստ բանախոսի, որ Թեհրանն ավանդաբար Հայաստանին դիտարկում է որպես բարեկամ, չեզոք և կառուցողական պետություն, այլ ոչ թե որպես աշխարհաքաղաքական հակամարտությունների ասպարեզ․ Ավելին, հայ-իրանական խորացող գործընկերությունը, հատկապես Սյունիքում, վստահություն է ավելացնում, որ նույնիսկ տարածաշրջանային ցնցումների պայմաններում Երևանի շահերը պաշտպանված կլինեն»։
Մուազզինի կարծիքով՝ Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը էական դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության և ռազմավարական հեռանկարների վրա, հատկապես էներգետիկայի, լոգիստիկայի և միջսահմանային առևտրի ոլորտներում․«Հայաստանն այն սակավաթիվ երկրներից է, որն Իրանի հետ կայուն և հարգալից հարաբերություններ է պահպանել նույնիսկ միջազգային խիստ ճնշման ներքո և, հետևաբար, ունի բացառիկ հնարավորություն օգտվելու հետպատժամիջոցային նոր իրականությունից։ Եթե Իրանը ստանա օրինական արտաքին տնտեսական ազատություն, Հայաստանի դերը որպես չեզոք, հուսալի և ռազմավարական գործընկեր կամրապնդվի։ Երևանի դիրքերը կամրապնդվեն բազմակողմ հարթակներում և կմեծանա Սյունիքի միջանցքի նշանակությունը՝ որպես խաղաղ փոխգործակցության միջոց»։
Զաբելա Ավագյան