Գյուլիզարը․առաջին հայ կինը, ով Օսմանյան Թուրքիայի դատարանում վերականգնեց իր իրավունքներն ու վերադարձավ հայ համայնք | Region

Գյուլիզարը․առաջին հայ կինը, ով Օսմանյան Թուրքիայի դատարանում վերականգնեց իր իրավունքներն ու վերադարձավ հայ համայնք

Ապրիլ 30,2025 21:20

 Գյումրու  «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանում այսօր կայացավ «Հայ կինը՝ ցեղասպանության զոհ և հերոս» ցուցադրության բացումը

Գյումրու  «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանում այսօր  մեկնարկել է «Հայ կինը՝ ցեղասպանության զոհ և հերոս» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։

Փաստագրական նյութերում ներկայացված էին պատմություններ հայ կանանց ներդրումների մասին՝ կենցաղից մինչև կրթություն, լուսավորություն և  իրավունքների համար պայքար։

Պատմությունները նաև ներկայացնում են, թե ինչպիսի հալածանքների և բռնությունների են ենթարկվել հայ կանայք Օսմանյան կայսրությունում։

Այս շարքում ուշագրավ է Գյուլիզարի պատմությունը․նա առաջին հայ կինն է, որն Օսմանյան կայսրությունում կարողացել է դատական գործընթացի միջոցով վերկանգնել իր իրավունքները։ Գյուլիզարն ապրում էր Մուշի Ղարս գյուղում, նա աչքի էր ընկնում իր գեղեցկությամբ։ 1880-ական թվականներին 14-ամյա աղջնակին առևանգել ու իսլամացրել է քուրդ աշիրեթապետ Մուսա բեկը։  Այն ժամանակ բազմաթիվ աղջիկների էին առևանգում, ստրակացնում, վաճառում կամ իսլամացնում։ Սակայն Գյուլիզարը միակն էր, որը դատարան դիմելու համարձակություն է ունեցել, դատարանում խոստովանել է իր հայ լինելը, ու վերջիվերջո վերադարձել հայկական համայնք։

Ցուցադրությունում ներկայացված են Հայոց Ցեղասպանության շրջանի հայ կանանց պամությունները, այստեղ հայ կինը ներկայացված է հիմնականում զոհի կերպարում՝ զոհ ոչ միայն սպանությունների և խոշտանգումների միջոցով։ Այստեղ զոհ են համարվում նաև այն կանայք, ովքեր առևանգվել են տեղահանության ճանապարհին, վաճառվել ստրկական շուկաներում, հայտնվել թուրքական հարեմներում կամ տներում, և ենթարկվել բազմաթիվ բռնությունների։ Նրանցից շատերը ստիպված են  եղել իրենց մարմինների տարբեր հատվածներում դաջվածքներ կրել։ Առաջին աշխարհամարտում Օսմանյան կայսրության պարտությունից հետո միայն նրանք կարողացան ազատվել այդ դաջվածքներից՝ շատ հաճախ վիրահատական միջամտություններից հետո։

Առանձին խորագրով ներկայացված էր նաև հայ կնոջ դիմադրական պայքարը։ Այդ ընթացքում կանայք ոչ միայն գործուն մասնակցություն են ունեցել կազմակերպչական գործերում, այլև շատ հաճախ զենքը ձեռքին պայքարել են մինչև վերջին փամփուշտը՝ իրենց ամուսիննների կամ եղբայրների կողքին կանգնած։

Ներկայացնելով ցուցադրության ընդանուր գաղափարը, Հայոց Ցեղասպանության թանգարան ինստիտուտի գիտաշխատող, թանգարանային ցուցադրությունների կազմակերպման պատասխանատու Սեդա Պարսամյանը REGIONSTV-ի հետ զրույցում նշեց, որ այս ցուցադրության միջոցով փորձում են ցույց տալ Ցեղասպանության տարիներին հայ կնոջ տառապանքներով լեցուն ուղին, միաժամանակ նաև հերոսական դրվագները, շեշտեց՝ «հերոս են ոչ միայն այն կանայք, ովքեր զենք վերցրեցին ու պայքարեցին ընդդեմ ոճրագործների, այլև նրանք, ովքեր անցնելով տառապանքների և կորուստների միջով կարողացան վերագտնել իրենց՝ զոհից վերածվելով հերոսի»։

«Շատ կանայք վիշտը իրենց մեջ խեղդելով, գործուն մասակցություն ունեցան հայ որբերի ազատագրման և փրկության գործում։ Այստեղ այդ կանայք որպես հերոս են դիտարկվում»,-ասաց Պարսամյանը։

Նշենք, որ միջոցառումը կազմակերպվել է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի և  Շիրակի երկրագիտական թանգարանի հետ համատեղ։

«Հայ կինը՝ ցեղասպանության զոհ և հերոս» ժամանակավոր ցուցադրությունը բացվել է դեռ անցած տարի, այսօր էլ շրջում է ոչ միայն Հայաստանում, այլև՝ արտասահմանում։ Արդեն ցուցադրվել է Արիզոնայի համալսարանում, այս պահին ցուցադրվում է Ռումինիայում՝ Բուխարեստի ազգային թատրոնի շենքում։ Տարվա ընթացքում նախատեսվում են ցուցադրություններ ԱՄՆ-ի և Կանադայի տարբեր քաղաքներում, նաև Բրազիլիայում։

Հայաստանում, բացի Գյումրիից, երեկ ցուցադրությունը բացվել է նաև Աբովյան քաղաքում, ապագայում ցուցադրություն է նախատեսվում նաև Գորիսում։

Նիկոլ Մարգարյան

 

Նորություններ