Ադրբեջանական «խաղաղությունը»
- Ադրբեջանում ընթանում է Իլհամ Ալիևի որդուն՝ կրտսեր Հեյդարին, քաղաքականություն ներգրավելու գործընթացը։
- Ադրբեջանի և Թուրքիայի՝ անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրությունը:
- Հեյդար Ալիև ավագի և Իլհամ Ալիևի դասալքության փաստը:
Ադրբեջանը Թուրքիայից գնել է նոր «Աքընջը» հարվածային անօդաչու թռչող սարքեր, որոնք ընդգրկվել են ռազմաօդային ուժերի կազմ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Փետրվարի 9-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և նրա որդին՝ Հեյդարը, թուրքական «Բայրաքթար» ընկերության տնօրեն Սելջուկ Բայրաքթարի հետ այցելել են Սալյանի շրջանում գտնվող օդուժի մի քանի օբյեկտներ։ Պետության ղեկավարը և նրա որդին հետևել են վերջերս շահագործման հանձնված «Աքընջը» անօդաչու թռչող սարքերի թռիչքներին»,- ասված է հաղորդագրությունում։
Թե կոնկրետ երբ են ադրբեջանական բանակին մատակարարվել այս անօդաչու թռչող սարքերը, չի նշվում։ Ներկայումս Ադրբեջանի ռազմաօդային ուժերը զինված են Bayraktar-TB2-ով և, հնարավոր է, KIZILELMA-ով, որի տեղափոխման մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիտ Բաղչին։
Ադրբեջանում արտահերթ նախագահական «ընտրություններից» անմիջապես հետո Ալիևը կրտսեր Հեյդարի հետ այցելել է ռազմաօդային ուժերի գաղտնի ռազմական օբյեկտներ: Հետաքրքիր է, որ գաղտնի ռազմական օբյեկտներ չի թույլատրվում զինվորական կարգավիճակ չունեցող անձանց մուտքը։ Բնականաբար, եթե այդ զենքն ի սկզբանե նոր ձեռքբերում է և ստուգվում են դրա մարտավարատեխնիկական բնութագրերն ու ցուցանիշները, ապա պետական գաղտնիքի իմացության թույլտվություն չունեցող մարդկանց առկայությունը, նույնիսկ եթե դա պետության ղեկավարի որդին է, հանցագործություն է։ Այս օրենքը պահպանվում է բոլոր երկրներում, բացի Ադրբեջանից։
Մյուս կողմից ՝ երևում է, որ կրտսեր Ալիևին քաղաքականության մեջ ներգրավելու գործընթաց է ընթանում։ Պաշտոնական միջոցառումներին նրա մասնակցությունը վկայում է այն մասին, որ Իլհամ Ալիևը մտադիր է հեռանկարում իշխանությունը փոխանցել որդուն։ Այդ նպատակին հասնելու համար նախ պետք է որդուն ներկայացնել երկրի քաղաքական վերնախավին։ Դրա համար էլ վերջին շրջանում Ի.Ալիևը որդու հետ մասնակցում է հանրային միջոցառումների։
Ներկայումս թուրքական «Բայրաքթար» ընկերությունը մեծ եկամուտներ է ստանում: Այդ ԱԹՍ-ները հայտնի դարձան 44-օրյա պատերազմից հետո։ Հայտնի է, որ Ադրբեջանն ու Թուրքիան դրոնների արտադրության մասին համաձայնագիր ունեն։ Թուրքիայում այդ բիզնեսը ղեկավարում է Էրդողանի ընտանիքի անդամ, նրա փեսա Սելջուկ Բայրաքթարը՝ «Բայրաքթար» ընկերության տնօրենը։ Եվ գուցե Ալիևը դրոնների բիզնեսը վստահել է իր որդուն։ Այսպիսով, Ալիևն էլ ավելի կբարձրացնի կլանային ընտանիքի բարեկեցությունը ՝ երկրի բնակչության աղքատության և թշվառության հաշվին:
Ի դեպ, միջազգային հանրությունն Ադրբեջանին դասել է ավտորիտար ռեժիմների շարքում։ Իլհամ Ալիևը բռնապետ է, որի գործողությունները հիմնված են բռնության, մարդու իրավունքների ոտնահարման և քաղաքական հետապնդումների վրա: Դրան կարելի է ավելացնել, որ Ադրբեջանում էթնիկ փոքրամասնությունները զրկված են խոսքի ազատությունից, մայրենի լեզվով կրթություն ստանալու իրավունքից, իսկ թալիշներն ու լեզգիները բախվում են անջատողականության անհիմն մեղադրանքների: 2023թ. աշնանը Արցախի ավելի քան 100 հազար բնակչության տեղահանումը ցեղասպանություն է, բնիկ հայ բնակչության էթնիկ զտում։
Ի դեպ, երբեք բանակում չծառայած Իլհամ Ալիևը չի հանում զինվորական համազգեստը։ Ըստ երևույթին, նա իրեն համարում է «արժանավոր հաղթող» և «զորավար»։ Իրականում այստեղ նույնպես միտում կա։ Իլհամի հայրը ՝ Հեյդար Ալիևը, Հայրենական մեծ պատերազմի ժամանակ փաստացի դասալիք էր։ Երբ պատերազմը սկսվել է, նա ամիսներ շարունակ թաքնվել է զորակոչից։ Իսկ հետո հայտնվել է Նախիջևանում՝ տուբերկուլյոզի ախտորոշմամբ տեղեկանքով։ Սակայն, լինելով Անվտանգության պետական խորհրդի նախագահ, Ավագ Ալիևը ժողովրդի առջև միշտ հայտնվել է զինվորական համազգեստով:
Այսպիսով, Ադրբեջանի կողմից Թուրքիայից նոր հարվածային անօդաչու թռչող սարքերի գնումը վկայում է այն մասին, որ Ալիևը շարունակում է իր երկրի ռազմականացումը: Տևական խաղաղություն կնքելու համա՞ր: Դրա համար է զինվու՞մ Ալիևը։ Իսկ երբ Հայաստանը զինվում է, դա դեմ է խաղաղության օրակարգին։ Սրան ավելացնենք նաև փետրվարի 12-ին Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությունները եւ սադրանքը Ներքին Հանդում: Չնայած ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջնորդությամբ հայաստանյան իշխանությունների՝ խաղաղություն ապահովելու փորձերին, պատերազմի հավանականությունը չի նվազում:
Զաբելա Ավագյան