Գենդերային կարծրատիպերի հաղթահարում՝ սիմուլյացիոն վարժանքների միջոցով | Region

Գենդերային կարծրատիպերի հաղթահարում՝ սիմուլյացիոն վարժանքների միջոցով

Մայիս 19,2025 23:48

Պրոբացիայի ծառայության Շիրակի մարզային մարմնի և «Կանանի» ՀԿ-ի համագործակցության շրջանակում Շիրակի մարզային մարմնում հաշվառված շահառուների համար անցկացվել է վերասոցիալականացման միջոցառում:

Միջոցառման շրջանակում «Կանանի» ՀԿ նախագահ, հոգեբան Քրիստինա Բաղդասարյանը վարել է «Լինել նրա տեղում» խորագրով սիմուլյացիոն վարժանք։ Վարժանքի նպատակն էր նպաստել գենդերային բռնության կանխարգելմանը և հանրության մեջ տիրող կարծրատիպերի հաղթահարմանը։

Մասնակիցները ծանոթացել են ութ կանանց պատմությունների, ովքեր ընտանեկան բռնության են ենթարկվել իրենց զուգընկերների կամ ընտանիքի անդամների կողմից։ Սիմուլյացիայի ընթացքում շահառուները ներգրավվել են բովանդակալից քննարկման՝ անդրադառնալով գենդերային բռնության պատճառներին, հետևանքներին և հնարավոր լուծումներին։

Քննարկման արդյունքում վերհանվել են հասարակությունում առկա գենդերային խտրական վերաբերմունքն ու կարծրատիպերը, ինչպես նաև նշվել են դրանց հաղթահարման ուղիները։

Միջոցառմանը ներգրավվել էին նաև Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջի «Սոցիալական աշխատանք» մասնագիտության ուսանողները, ովքեր Շիրակի մարզային մարմնում իրականացնում են իրենց ավարտական պրակտիկան։

Նախաձեռնությունը իրականացվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի երկրորդ փուլի շրջանակում։

Նորություններ