Իրավապահները փնտրում են Քննչական կոմիտեից գողացված իրեղեն ապացույցը՝ մոտ 690 հազար դոլարը

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Քննչական կոմիտեից գողացած խոշոր չափերի մոտ 690 հազար դոլարի գողության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Ավելին, ArmLur.am-ին հասած տեղեկություններով, Կոմիտեի նախագահի որոշմամբ ծառայողական քննություն է նշանակվել։
Սա դեռ վերջը չէ։ ArmLur.am-ի տեղեկություններով՝ 690 հազար դոլարի անհետացման օրը կասկածյալների շուրջ աշխատանք է իրականցվել։ Մասնավորապես Քննչական կոմիտե խոշոր չափերի գումար բերած ոստիկաններից են բացատրություն վերցրել, վարույթով քննիչից են բացատրություն վերցրել ու այն ՍՊԸ-ի լիազոր անձից ով գումարը փոխանցել է Կոմիտեին։ Այս պահին դեպքի բացահայտման ուղղությամբ աշխատում են ողջ իրավապահները՝ ԱԱԾ, ՆԳՆ, Հակակոռուպցիոն կոմիտե։
Իրավապահ համակարգում խառնաշփոթ է։ Մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է թալանը հատիկ առ հատիկ վերադարձնելու մասին, վերադարձված հատիկ առ հատիկը Քննչական կոմիտեից գողանում են։ Ըստ ArmLur.am-ին հասած լուրերի՝ մոտ 690 հազար դոլարի գումար են գողացել ՀՀ քննչական կոմիտեի ենթակայության տակ գտնվող Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունից։
Shamshyan.com-ը ավելի վաղ հայտնել էր, որ առանձնապես խոշոր գումարի գողության դեպք է եղել ՀՀ քննչական կոմիտեի ենթակայության տակ գտնվող Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունից. գողոնը կազմում է մոտ 700 հազար ԱՄՆ դոլար։