Անողոք հանքարդյունաբերություն․ հողի և մարդկանց կենսանմուշներում ծանր մետաղների կոնցենտրացիան թույլատրելիի սահմաններից բարձր է | Region

Անողոք հանքարդյունաբերություն․ հողի և մարդկանց կենսանմուշներում ծանր մետաղների կոնցենտրացիան թույլատրելիի սահմաններից բարձր է

Մայիս 27,2025 20:35

Հայաստանի մի շարք համայնքներ վնասներ են կրում ոչ միայն գետերի վարարումներից, այլ նաև շահագործվող ու արդեն փակ համարվող հանքավայրերի թափոնների պատճառով։

Հայաստանում շահագործվող հանքարդյունաբերական ձեռնարկությունները հսկայական վնասներ են հասցնում հարևանությամբ գտնվող ջրային և հողային ռեսուրսներին ու մարդկանց առողջությանը։  Չնայած այս խնդիրների վերաբերյալ  Հայաստանում հետազոտություններ չեն կատարվում, սակայն իրականությունը փաստել են արտերկրում կատարված հետազոտությունները։

2022 թվականին չեխական «Առնիկա» հասարակական կազմակերպությունը, հայաստանյան «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և «Էկոլուր» ՀԿ-ները ուսումնասիրություն են իրականացրել Լոռու մարզի Փամբակ համայնքի Քարաբերդ բնակավայրում։ Այս գյուղում շահագործվում է Քարաբերդի ոսկու հանքավայրը, որտեղ հիմնական օգտակար հանածոները ոսկին և արծաթն են։ Քարաբերդի տարածքում վերցվել են փորձանմուշներ հողից, գետի հատակային նստվածքներից և հանքարդյունաբերական թափոններից։

Պարզվել է, որ հողի նմուշներում մկնդեղի, կադմիումի, պղնձի և այլ ծանր մետաղների կոնցենտրացիան թույլատրելի քանակությունից շատ բարձր է։ Իսկ  մարդկանց կենսանմուշներում գերազանցել են մկնդեղի, կապարի, նիկելի կոնցենտրացիաները, նրանց մազերի բոլոր փորձանմուշներում սնդիկի պարունակությունը, ըստ հետազոտությունների, գտնվել է առողջության համար վտանգավոր մակարդակի վրա։

2023 թվականին հետազոտություններ են կատարվել Արարատի մարզի Արարատ բնակավայրում, որտեղ գործում են Արարատի ցեմենտի գործարանը և Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան, հարևանությամբ գտնվող ցիանային պոչամբարով։ Այս տարածքը բնութագրվում է մկնդեղով չափավոր աղտոտված։ Ըստ ուսումնասիրություննների, հողի բոլոր փորձանմուշներում մկնդեղի, նիկելի, պղնձի կոնցենտրացիաները գերազանցել են Հայաստանում հողի համար սահմանված չափորոշիչները։ Նշված վնասակար նյութերի քանակությունը թույլատրելիից բարձր է նաև մարդկանց կենսանմուշներում։

Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքի Մելիքգյուղ բնակավայրում է գտնվում Թուխմանուկի ոսկու հանքավայրը։ Բացի հանքավայրից, գյուղի տարածքում կա 3 պոչամբար, որոնց ընդհանուր մակերեսը 6-7 հա է։

Չեխական «Առնիկա» ընկերության փորձագետները մկնդեղի բարձր կոնցենտրացիաներ են հայտնաբերել այստեղ ոչ միայն հողի նմուշներում, այլ նաև Քասախ և Մեղրաձոր գետերի նստվածքներում, ինչը, ըստ մասնագետների վկայում է ջրահոսքերի հնարավոր աղտոտման մասին։

Հողի նմուշներում կադմիումի, ցինկի քանակությունները գերազանցում են ոչ միայն Հայաստանի, այլև տարբեր երկրների կողմից ընդունված առավելագույն թույլատրելի կոնցենտրացիաների մակարդակը։

Իսկ մարդկանց կենսանմուշներում նիկելի քանակությունը, ըստ հետազոտությունների, գերազանցել է Ամերիկայի համար ընդունված թույլատրելիի սահմանը։

2022 թվականին հետազոտություններ են անցկացվել նաև Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրում։ Այստեղ է գտնվում Մեղրաձորի ոսկու հանքավայրը։

«Բոլոր պոչամբարները ևս հանքավայրեր են համարվում, այսինքն՝ ռեկուլտիվացիայից հետո դրանք պետք է պահպանվեն պետության կողմից, որպեսզի եթե ժամանակը գա, շահագործեն։ Ուղղակի Հայաստանում այս պահին նման փորձառություն չկա»,- Լոռու մարզ կատարած մեդիաայցի ժամանակ ասաց «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը։

Ըստ նրա, հանքավայրերում ամբողջ ծավալով լավ կորզում չի իրականացվում  և պղնձին ուղեկից մյուս տարրերը թափոններում ևս մեծ քանակություն են կազմում։ Պետությունը այս ոլորտում շարժվում է նույն ձևով, ինչ տասնամյակներ շարունակ, այսինքն ռեկուլտիվացիա չի իրականացնում ու ոչ մի երաշխիք չկա, որ փակ հանքավայրերի թափոնները հավելյալ աղտոտումներ ու վնասներ չեն հասցնի տարածաշրջանին ու Դեբեդ գետին։

Օլեգ Դուլգարյանի խոսքով՝ հանքարդյունաբերական ընկերությունների ղեկավարները նշում են, որ իրենք անհրաժեշտ գումարները պետությանը վճարում են, որպեսզի տարիներ հետո պոչամբարները ռեկուլտիվացվեն։ Պետությունն էլ, իր հերթին, 15-20 տարի անց ասում է, որ ընկերությունների վճարած գումարները չեն բավականացնում, ռեկուլտիվացնելու համար։

Այսինքն, մեկը մյուսի վրա գցելով, այդպես էլ փակ հանքերը չեն ռեկուլտիվացվում ու շարունակում են վնասներ հասցնել շրջակա միջավայրին։

2015 թվականին «SOS Մեծ Այրում» շարժմամբ գյուղացիները թույլ չտվեցին, որ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը 2-րդ պոչամբարը կառուցեր Մեծ Այրում գյուղում։ Այդ բողոքից հետո հանքավայրի տնօրինությունը որոշել էր Հայաստանում առաջին անգամ կիրառել պոչանքների չորացման տեխնոլոգիան, որը փորձնական ծրագիր էր։ Բայց սա էլ իրեն չարդարացրեց։ Ընկերությունը չորացնում է թափոնների հազիվ 20 տոկոսը, մնացածը դարձյալ լցվում է Մեծ Այրում գյուղի տարածքում գտնվող «Նահատակի» պոչամբարը։ Թե ինչո՞ւ ամբողջ թափոնները չեն չորացվում, ընկերությունը պատճառաբանում է, թե սարքավորումները նախկին տնօրինության օրոք են գնվել, անորակ են, նորմալ չեն աշխատում, դրա համար էլ  չոր թափոնների տեխնոլոգիան լիարժեք չեն կիրառում։

«1,3 հա հողատարածք ունեմ Դեբեդ գետի ափին, դեղձենու այգի էի հիմնել։ Այն պարբերաբար ողողվում էր Դեբեդի ջրերով։ Հիմա ամբողջությամբ, կես մետր բարձրությամբ այգիս պատված է հանքերի տիղմով, պոչանքների նստվածքներով, տարիների ընթացքում այն չորացել է։ Հիմա այնտեղ համարյա բուսականություն չի աճում, միայն մի քանի տեսակ մոլախոտ։ Բայց ես հողի հարկը մուծում եմ։ Պարտավոր ենք մուծել, եթե չմուծես, տուգանքները, տույժերը ավելանում են։ Քանի տարի է, բողոքում եմ, ոչ մի արդյունք չկա, նույնիսկ դատական մարմինները չեն կարողանում խնդրին լուծում տալ, ձգձգում են։ Չգիտեմ, էլ ո՞ւմ վրա հույս դնեմ»,- ասում է Լոռու մարզի Ճոճկան գյուղի բնակիչ Սամվել Սիրադեղյանը։

Նա և մի շարք գյուղերի տասնյակ բնակիչներ առողջական և տնտեսական վնասների փոխհատուցման պահանջ են ներկայացրել դատարան՝ ընդդեմ Ախթալայի և Թեղուտի լեռնահարստացման կոմբինատների։ Դատավարությունները մի քանի տարի է ընթանում են, ավարտը չի երևում։

«Իմ հողը գերակա շահ են ճանաչել, Թեղուտի հանքավայրը վերցրել է, 15 տարի է, չեմ մշակում, շատ քիչ գումար են փոխհատուցել՝ 150․000 դրամ, 1 քառակուսի մետրը 40-50 դրամ կլինի։ Բայց իրական շուկայական գինը շատ թանկ է մեզ մոտ։ Ես հողատարածք եմ գնել 1 հեկտարը 20․000 դոլարով։ Դիմել եմ Եվրադատարան»,-RegionsTV-ին ասում է Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչ Արա Բաբայանը։

Մինչ քաղաքացին դատարանում վիճարկում է իր տարածքի օտարման գործարքի օրինականությունը, «Թեղուտ» ՓԲԸ-ն այդ տարածքն օգտագործում է ու եկամուտներ ստանում։  Իսկ  քաղաքացին այդ տարածքից այսքան տարի եկամուտ չի ստացել, ինչը նշանակում է, որ վնասը ոչ միայն գույքի, այլ նաև տարիների չստացած եկամտի մասով է։

«Էսօր «Թեղուտ» ՓԲԸ-ն վարձակալությամբ հողատարածք ունի վերցրած, որի 1 քառակուսի մետրի դիմաց տարեկան վճարում է 3360 դրամ, իսկ Արա Բաբայանինը 40-50 դրամով են վերցրել։ Դուրս է գալիս, որ էն, ինչը գերակա շահի տակ չէ, գնում է փոխհամաձայնություն, իսկ ինչը որ գերակա շահ է, դու այդտեղ ոչինչ անել չես կարող։ Միակ տարբերակը դատարան դիմելն է, բայց դա էլ է անօգուտ»,- մեզ հետ զրույցում պատմում է Շնող գյուղի բնակիչ Լևոն Ալիխանյանը։

Նա նշում է, որ իր ընտանիքին պատկանող տարածքը բազմաճյուղ, զարգացած տնտեսություն է, տարեկան տասնյակ միլիոնավոր դրամների եկամուտ բերող։ 5000 մետր հող ունի, սակայն 15 տարի է՝ չի կարողանում շահագործել։ Այն Թեղուտի հանքավայրի տարածքում է գտնվում, հանքավայրի թափոններով հագեցած ջրով է ոռոգվում։

«Անցած տարի 2 անգամ, մեկ սելավի օրը, մեկ էլ մի շաբաթ դրանից հետո վթար էր եղել, Թեղուտի հանքավայրի պոչամբարից եկող կեղտը իմ տարածքն էր լցվել։ Ո՛չ բողոքել ենք, ո՛չ էլ․․․ Տեղյակ ենք պահել, իրենք էլ գիտեն, բայց ոչ մի բան չեն արել։ Կովկասի ամենամեծ՝ Բագրատաշենի շուկան իմ պահեստից 20 կմ է հեռու։ Իմ տարածք առաջին անգամ չէ, որ Թեղուտի պղնձի հանքավայրի պոչանքներն են լցվում ու ես ստիպված եմ եղել տարածքս չօգտագործել։ Իմ միջոցներով պոչամբարի պատվարը տուֆ քարով հենապատել եմ, որպեսզի ծանր մետաղներով աղտոտված ջրերը չլցվեն, բայց դա էլ բավարար չէ պահեստս քիմիական աղտոտումից պաշտպանելու համար։ Իրենց որ դիմում եմ, ասում են՝ մենք մեղավոր չենք, դա սելավաջուրն է, այնտեղ պոչանք չկա»,- ասում է Լևոն Ալիխանյանն ու ավելացնում․ «Եթե դատական համակարգը կայացած չէ, այսպես պիտի լինի»։

Նա վրդովված է, ասում է՝ Եվրադատարանի վճռով Թեղուտի հանքավայրի դեմ հարուցված 8 գործով պետությունը մարդկանց որոշակի գումարներ վճարել է, բայց դա հիմնականում բարոյական վնասի փոխհատուցումն է․«Եվրադատարանից հետո, էդ 8 գործից 3-ի հայցերը արդեն 7 տարի է, քննվում են դատարանում, և ամենահետաքրքիրը այն է, որ էսօրվա դատարանը որոշեց, որ Եվրադատարանի փոխանցած գումարը բավարար է բոլոր ծախսերը փակելու համար, այսինքն Թեղուտի հանքավայրը էլ անելու բան չունի: Եվրադատարանի վճով փոխհատուցումը 10․800 եվրո է կազմել, 5 մլն դրամ, մեր փորձագետն այդ նույն անշարժ գույքը 2019 թվականին գնահատել է 27 մլն 500 հազար դրամ, իսկ 2009 թվին այն շուկայում արժեցել է 17 մլն 900 հազար դրամ»։

Հանքավայրերի պատճառով գյուղերում բնակիչների միջև շարունակ վիճաբանություններ են տեղի ունենում։ Տարաձայնություններ միշտ առկա են հանքերում աշխատողների ու հանքավայրերից վնասներ կրողների միջև։

«Հանքավայրերում աշխատողներն անընդհատ ինձ վրա ճնշում են գործադրում, պահանջում, որ բողոքս հետ վերցնեմ, քանի որ իրենք հանքավայրում աշխատելով օրվա ապրուստն են վաստակում։ Բայց ես չեմ պատրաստվում նահանջել։ Այգիս չորացել է, բերքն էլ չեմ կարողանում արտահանել, քանի որ արտերկրում ոչ մեկը ծանր մետաղներով վարակված հողերի բերքը չի գնի։  Տեղի շուկայում մի կերպ վաճառում եմ»,- ասում է Սամվել Սիրադեղյանը։

Արճիս գյուղի բնակիչներն ու փորձագետներն ասում են՝ տարածքում ինչքան հանքավայր կա՝ Ախթալայի, Թեղուտի, Ալավերդու, բոլորն էլ իրենց թափոնները լցնում են Դեբեդ գետը։ Դրա հետևանքով, ինչպես նկատում է իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը, կան չորացած այգիներ, երկարաժամկետ կտրվածքով բնապահպանական, առողջապահական և տնտեսական խնդիրներ։ Հանքավայրերի հասցրած վնասները կրում են Դեբեդի ավազանում գտնվող 20 և ավելի գյուղերը, որոնց ոռոգման աղբյուրը Դեբեդն է։

«Դեբեդ գետն ունի էկո համակարգի պահպանման խնդիրներ, տասնյակներով են աղտոտող օբյեկտները և բազմաթիվ են այն վտանգները, որոնք կարող են նորից բերել ջրհեղեղի։ Դրա համար համալիր լուծում է անհրաժեշտ և առանց պետական ռազմավարության, դա հնարավոր չէ անել։ Պետական խորքային ուսումնասիրություններ Դեբեդ գետի աղտոտվածության վերաբերյալ չեմ կարող ասել, որ կան, բայց օդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը իրականացնում է Դեբեդ գետի նմուշառումներ, և հիմնականում ոռոգման սեզոնին, մենք տեսնում ենք 4-րդ, 5-րդ դասերի աղտոտվածություն»,- ասում է Օլեգ Դուլգարյանը։

Իսկ մասնավոր ընկերությունների ուսումնասիրությունները, օրինակ Չեխիայի հետազոտությունները ապացուցում են, որ ոռոգման համակարգով ծանր մետաղները հասնում են գյուղատնտեսական նշանակության հողերին, մթերքին և հայտնվում են մարդու օրգանիզմում։  Պետությունը պետք է այդ ահազանգերը, ռիսկերը, ուսումնասիրությունները հիմք ընդունելով՝ իրականացնի մարդկանց առողջության գնահատում, ինչը չի արվում։

Տավուշի և Լոռու մարզի ֆերմերները ցանկանում են համախմբվել, պայքարել, որպեսզի ի վերջո Դեբեդ գետի պահպանության ռազմավարություն մշակվի և կառավարությունը միջոցներ ձեռնարկի պոչանքների հասցրած վնասները մեղմելու ուղղությամբ։

 

Կարինե Կազարովա

Նորություններ