Հրանտ Միքայելյան. Ռուս-ուկրաինական պատերազմը լուրջ վնաս է հասցնում աշխարհին՝ հանգեցնելով դրա ռազմականացմանը

Հունիսի 2-ին Ստամբուլում տեղի ունեցան Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ։ Բանակցությունների ընթացքում կողմերը համաձայնեցին փոխանակել զոհվածների մարմինները և վերադարձնել ռազմագերիներին։ Չնայած կողմերը ժամանակ առ ժամանակ նստում են բանակցությունների սեղանի շուրջ, թվում է, թե այս արյունալի և լայնածավալ պատերազմի վերջը չի երևում։
RegionsTV-ի հետ զրույցում քաղաքագետ Հրանտ Միքայելյանը մեկնաբանելով բանակցությունները, նախևառաջ նշեց, որ դրանք տեղի են ունեցել Ռուսաստանի վրա ուկրաինական հարվածների ֆոնին, մասնավորապես՝ ռազմական ավիացիայի և կամուրջների վրա։ Եթե կամուրջների վրա հարվածներում, չնայած այդ հարվածների զոհերը քաղաքացիներ էին, կարելի է գոնե տեսնել ներկայիս պատերազմի հետ կապված ռազմական տրամաբանությունը, ապա ռազմական ավիացիայի վրա հարվածներում նա տեսնում է արտաքին «հաճախորդի», այսինքն՝ երրորդ կողմի տրամաբանությունը։ Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Ուկրաինան տասնյակ ռուսական ինքնաթիռներ է խոցել ռուսական չորս ռազմական օդանավակայաններում: Խոսքը 41 ինքնաթիռի մասին է, այդ թվում՝ A-50, Tu-95 և Tu-22 M3: Բացի այդ, հունիսի 3-ին երկու անգամ խոցվել է Կերչի նեղուցի վրայով անցնող կամուրջը, որը Ռուսաստանին կապում է բռնակցված Ղրիմի հետ:
Միքայելյանի խոսքով՝ Ուկրաինան բավականին լուրջ խորհրդատվական, կազմակերպչական և հետախուզական աջակցություն է ստացել կապի մակարդակով․« Նախ, սա միայն ինքնուրույն քայլ չէ, երկրորդ՝ գործողությունը երկար ժամանակ նախապատրաստվել է, ուկրաինական կողմի կիսապաշտոնական հայտարարությունների համաձայն՝ մեկուկես տարի։ Ամեն դեպքում, գործողությունը պլանավորվել է Ջո Բայդենի նախագահության օրոք։ Այս գործողությունը, ամենայն հավանականությամբ, շատ ուշադիր մշակվել է շատ երկար ժամանակ, որպեսզի չձախողվի։ Այն կարող էր մեկ շաբաթով արագացվել կամ մեկ շաբաթով հետաձգվել, բայց ուկրաինական իշխանությունները որոշեցին այն իրականացնել բանակցություններից անմիջապես առաջ։ Ուկրաինայի իշխանությունների կողմից սա հարված է խաղաղության գործընթացին»։
Ինչպես նշեց քաղաքագետը, այս ֆոնին շատերը սպասում էին, որ Ռուսաստանը ընդհանրապես չի գա բանակցություններին, բայց ռուսները եկան և մասնակցեցին բանակցություններին: Եվ սա կարելի է մեկնաբանել տարբեր ձևերով. կարելի է ասել, որ դա պրոֆեսիոնալ էր նրանց կողմից, և նրանք համբերատարություն ցուցաբերեցին, ոմանք ասում են, որ դա ինքնահարգանքի պակաս էր: Այնուամենայնիվ, բանակցությունները տեղի ունեցան:
Միքայելյանը բանակցությունների վայրը՝ Ստամբուլի ընտրությունը , բացատրում է Թուրքիայի չեզոք կարգավիճակով:
«Թուրքիան ավելի շատ բարյացակամորեն չեզոք է Ուկրաինայի նկատմամբ, ոչ բարյացակամորեն չեզեոք՝ Ռուսաստանի նկատմամբ։ Թուրքիան որոշ չափով օգնել է Ուկրաինային, բայց միևնույն ժամանակ պահպանել է Ռուսաստանի հետ հարաբերությունների բավականին ընդունելի մակարդակ, հաշվի առնելով, որ Թուրքիան չի փակել Բոսֆորը, թույլ է տվել որոշակի առևտուր իրականացնել իր տարածքով և այլն։ Իհարկե, կարելի է հիշել, որ Թուրքիան դարձավ 2023 թվականին Արցախի ոչնչացման հովանավորը և նախաձեռնողը, և սա նույնպես հակառուսական քայլ է։ Հաշվի առնելով, որ Ռուսաստանի համար խաղադրույքները այնքան բարձր են, որ արդեն կասկածի տակ են դնում նրա հարավի գոյատևումը, ռուսները չեն նայում այնպիսի հանգամանքների, որոնք իրենց համար պակաս կարևոր են։ Հետևաբար, Թուրքիան այդ ժամանակ ընդունելիորեն չեզոք էր, այսինքն՝ Թուրքիայի չեզոքությունը համարվում էր բավարար, չնայած ոչ բավականաչափ ցանկալի»,-հավելեց Միքայելյանը։
Նա ընդգծեց, որ բանակցությունները Ստամբուլում վերսկսվել են, քանի որ իրականում շատ կարևոր է, որ ՌԴ-ն ցույց տա այդ գործընթացի շարունակականությունը։
«Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների առաջարկով կամ ճնշման տակ ուկրաինացիները այժմ փոխել են իրենց դիրքորոշումը, և բանակցային գործընթացը վերսկսվում է։ Սակայն կան մի քանի բանակցային ձևաչափեր. Ուկրաինան ցանկանում է զինադադար առանց բանակցությունների, Ռուսաստանը ցանկանում է բանակցություններ առանց զինադադարի, և շատ կարևոր է, որ Ռուսաստանը ներկայացնի այս բանակցությունները որպես դրանց շարունակություն՝ այդպիսով ընդգծելով, որ Ուկրաինան կարող էր խաղաղություն կնքել երեք տարի առաջ և ինքը հրաժարվել դրանից։ Եթե Ուկրաինան դադարեցրել է բանակցությունները 2022 թվականի մայիսի 15-ին, ապա Ռուսաստանը վերսկսում է այս բանակցությունները մայիսի 25-ին։ Ուկրաինան ստիպված էր մտնել այս բանակցությունների մեջ, այսինքն՝ դրանք մեծ բովանդակություն չունեն, բայց փիարի տեսանկյունից դրանք բավականին ձեռնտու են Մոսկվային։ Իրականում, եթե 2022 թվականին Ստամբուլի հարթակը ձեռնտու էր Ուկրաինային, ապա այժմ Ստամբուլի հարթակը ձեռնտու է Ռուսաստանին», – ասաց Հրանտ Միքայելյանը։
Միքայելյանի խոսքով՝ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների արդյունքները բավականին համեստ են․«Ռուսական կողմը մի շարք առաջարկներ է արել, որոնք սահմանափակվում են մարդասիրական առաջարկներով. հաջորդ շաբաթ Ռուսաստանը Ուկրաինային կհանձնի ուկրաինացի զինվորների 6000 մարմին, տեղի կունենա զոհված, գերի վերցված կանանց և 25 տարեկանից փոքր գերի վերցված երիտասարդների մարմինների փոխանակում՝ «բոլորը բոլորի դիմաց» բանաձևով, առնվազն հազար մարդ, Մոսկվայի և Կիևի նոր փոխանակումը կլինի հավասար և ամենամեծը՝ հատուկ գործողության սկզբից ի վեր։ Իրականում սա համարժեք առաջարկ է, քանի որ կողմերի միջև վստահության լիակատար բացակայության պայմաններում այդ վստահությունը պետք է ստեղծվի և ճիշտ ստեղծվի փոքր քայլերով։ Անմիջապես բարձրացնելով պայմանների նշաձողը, Զելենսկին դրանով իսկ ստեղծում է անհաղթահարելի իրավիճակ, որպեսզի խաղաղություն չկնքվի, և դա ակնհայտ է։ Թե ինչ է ուզում ռուսական կողմը, դա այլ հարց է, առնվազն՝ նա ուզում է բանակցություններ։ Ուկրաինական կողմը, ակնհայտորեն, նույնիսկ իրականում չի ուզում բանակցություններ»։
Նշենք, որ ռուսական լրատվամիջոցները հրապարակել են փաստաթղթեր, որոնք վերաբերում են ռուս-ուկրաինական բանակցություններում Ռուսաստանի կողմից առաջ քաշված նախապայմաններին։ Ըստ այդմ՝ ռուսական կողմն առաջարկում է անցկացնել ընտրություններ, և միայն դրանից հետո՝ ստորագրել խաղաղության պայմանագիր։ Փաստաթղթում ՌԴ-ն վերահաստատում է իր պայմանը՝ Ղրիմի, Դոնբասի և Ուկրաինայի մյուս օկուպացված շրջանների միջազգային ճանաչում որպես Ռուսաստանի տարածք: Տեքստում դրանք անվանվում են «Նովոռոսիա»: Մոսկվան առաջարկում է, որ Ուկրաինան իր զորքերը դուրս բերի այդ տարածքներից հրադադարի հաստատումից հետո 30 օրվա ընթացքում:
Քաղաքագեգի ներկայացմամբ՝ կողմերի միջև խաղաղության գործընթացը մեկնարկել է Դոնալդ Թրամփի՝ պաշտոնը ստանձնելուց գրեթե անմիջապես հետո, և այս գործընթացն արդեն բավականին առաջ է գնացել: Բանակցությունները դրա միայն մի մասն են, և խաղաղության գործընթացն այնքան հեռու է գնացել, որ դրանից հնարավոր չէ հեշտությամբ հրաժարվել։
«Այս պահին ԱՄՆ-ն չի կարող միայն կամք դրսևորելով դադարեցնել այս հակամարտությունը։ Նախ, ԱՄՆ-ն կոնսոլիդացված չէ, այս հարցի շուրջ կարծիքների միջև կա տարբերություն. կա դեմոկրատների և հանրապետականների դիրքորոշում։ Երկրորդ, 2022 թվականին ԱՄՆ-ն համոզեց բոլոր արևմտյան երկրներին աջակցել, և շատ իշխանություններ, որոնք ներգրավված էին դրանում, դեռևս իշխանության գլուխ են, օրինակ՝ Մակրոնը և այլն։ Պարզվում է, որ հիմա ԱՄՆ-ն ցանկանում է դուրս գալ, ասենք, անշահավետ նախագծից։ Բայց շատ այլ խաղացողներ արդեն ներգրավված են այս նախագծում, ուստի Թրամփը միայն մասամբ է ճիշտ։ Երկրորդ խնդիրը նրա չափազանցված ինքնագնահատականն է. նրա կարծիքով, եթե ցանկանա, կարող է մեկ օրում դադարեցնել հակամարտությունը։ Բայց դա այդքան էլ հեշտ չէ, այս հակամարտությանը հասնելու համար 30 տարի է պահանջվել, և այն մեկ օրում չի կարելի դադարեցնել», – նշեց Միքայելյանը։
Վերլուծաբանի խոսքով՝ Արևմուտքը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ որոշումներ է կայացրել 2022 թվականին, բայց այժմ այդ միասնությունը վերացել է։ «Այս միասնությունը սկսեց փլուզվել 2023 թվականի երկրորդ կեսին, և այժմ այն ամբողջությամբ փլուզվել է։ Մենք տեսնում ենք, որ այս կիրակի Լեհաստանում կայացած ընտրությունների երկրորդ փուլում հաղթեց հակաուկրաինական թեկնածուն, ինչը, համապատասխանաբար, նույնպես շատ մեծ ազդեցություն կունենա։ Բրյուսելը կարողացավ հեշտությամբ պահել ուկրաինամետ թեկնածուին Ռումինիայում, բայց ձախողվեց Լեհաստանում, ուստի այժմ Ուկրաինայի իրավիճակը աստիճանաբար վատթարանում է, և Արևմուտքի միասնություն չկա Ուկրաինայի հարցում։ Ավելին, արդեն իսկ կա միտումների տարամիտում։ ԱՄՆ-ն քննարկում է պատժամիջոցների վերացումը, իսկ ԵՄ-ն՝ պատժամիջոցների ընդլայնումը։ Սա է ներկայիս իրավիճակը»։
Միքայելյանի խոսքով՝ ռուս-ուկրաինական պատերազմը լուրջ վնաս է հասցնում աշխարհին, հանգեցնելով դրա ռազմականացմանը։ Տարբեր հակամարտություններ են բնկվում, իսկ եղածները՝ սրվում, տարբեր տարածաշրջաններ են ռազմականացվում, այդ թվում՝ Եվրամիությունը։ Կողմերը, ըստ վերլուծաբանի, ավելի ու ավելի են միմյանց նայում խաչմերուկի միջով, և մենք տեսնում ենք շարունակական սրացում բազմաթիվ ասպեկտներում։
Քաղաքագետը նկատեց, որ մեր տարածաշրջանում այն ավելի վատ է դրսևորվել՝ հանգեցնելով Ռուսաստանի և Արևմուտքի միջև զրոյական գումարով խաղի։ Հիշեցրեց, որ ռուսական զորքերը դուրս բերվեց Արցախից, ստորագրվեց մի փաստաթուղթ Փաշինյանի՝ Շառլ Միշելի և Ալիևի հետ միասին, որում Փաշինյանը ԼՂ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածք։
«Սա արտացոլում է Ռուսաստանի և Արևմուտքի միջև պայքարի միտումը, հետևաբար, մեր տարածաշրջանում Ռուսաստանի և Արևմուտքի միջև հակամարտությունը, ուկրաինական հակամարտությունը բաժանում է ամբողջ տարածաշրջանը։ Մենք տեսնում ենք Վրաստանում սրացում, այս հակամարտությունը ստեղծում է ավելի ու ավելի անառողջ միջավայր։ Բայց նաև ակնհայտ է, որ չկա այս իներցիան հաղթահարելու և մոտ ապագայում առաջընթացի հասնելու հնարավորություն», – ընդգծեց Հրանտ Միքայելյանը։
Զաբելա Ավագյան
Նորություններ


