Ստամբուլում ավարտվել է ռուս-ուկրաինական բանակցությունները, պայմանավորվել են փոխանակել ռազմագերիներին, զոհվածների մարմինները

Ստամբուլում ավարտվել է ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների երկրորդ փուլը։ Ուկրաինան առաջարկել է Ռուսաստանի հետ բանակցությունների նոր փուլ անցկացնել մինչև հունիսի վերջը՝ հունիսի 20-30-ը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը, որը գլխավորում է Կիևի պատվիրակությունը Ստամբուլում Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունների երկրորդ փուլում։
Tass-ի փոխանցմամբ՝ բանակցությունների ընթացքում ուկրաինական և ռուսական պատվիրակությունները համաձայնության են եկել զոհվածների մարմինների նոր փոխանակում անցկացնելու վերաբերյալ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը, որը գլխավորում է ուկրաինական պատվիրակությունը:
«Մենք նաև համաձայնության եկանք վերադարձնել 6000 մարմին 6000 զոհված զինվորների դիմաց»,-ասել է նա։
Unian.net-ի փոխանցմամբ` Ռուստեմ Ումերովը հայտնել է, որ համաձայնություն է ձեռք բերվել ռազմագերիների նոր փոխանակման շուրջ։ Նրա խոսքով՝ ուշադրությունը կենտրոնացված է եղել ծանր հիվանդների և մահացածների մարմինների փոխանակման անհրաժեշտության վրա։ Հանդիպմանը քննարկվել է նաև երիտասարդ զինվորների փոխանակման հարցը։
Ումերովը չի նշել նման փոխանակման ժամկետները կամ այլ մանրամասներ։
Երեկ, ըստ միջազգային լրատվամիջոցների, ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով Ռուսաստանի չորս ռազմական օդանավակայաններում վնասվել է 41 ինքնաթիռ, այդ թվում՝ А-50, Ту-95, Ту-22 М3 և Ту-160։ Ուկրաինայի Անվտանգության ծառայության փոխանցմամբ՝ ռազմական այս գործողության ընթացքում վնասվել է ՌԴ թևավոր հրթիռային կրիչների մեկ երրորդը՝ 7 մլրդ դոլար ընդհանուր արժեքով։