Գյումրու 2024-ի բյուջեն ավագանին չի հաստատել
Դեկտեմբեր 29,2023 18:57
Գյումրիի այսօրվա արտահերթ նիստում 2024 թվականի բյուջեի հաստատմանը վերաբերող հարցից բացի, օրակարգում էր նաև քաղաքապետի 2 տեղակալների նշանակումը: Այդ պաշտոնները թափուր էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Բալասանյան Դաշինքի հետ կոալիցիոն պայմանագիրը խզելուց հետո:
Քաղաքապետի 2 տեղակալների պաշտոնում էլ թեկնածուներ առաջադրվել էին Բալասանյան Դաշինքից:
Առաջին տեղակալի թեկնածուն ավագանու անդամ Լուսինե Սանոյանն էր, մյուս տեղակալի պաշտոնում առաջադրվել էր Սուրեն Ջանոյանը: 47-ամյա Լուսինե Սանոյանը Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի քրոջ դուստրն է, զբաղեցնում էր Գյումրիի գարեջրի գործարանի փոխտնօրենի պաշտոնը, գործարար է, նաև զբաղվել է մանկավարժությամբ:
49-ամյա Սուրեն Ջանոյանը նույնպես իր կարիերան սկսել է Գյումրիի գարեջրի գործարանից, եղել է առաքման բաժնի պետ, այնուհետ աշխատել Գյումրիի քաղաքապետարանում՝ ղեկավարել բյուջեի եկամուտների, այնուհետ բնակկոմունալ պահպանության բաժինները:
Գյումրիի քաղաքապետի տեղակալներ Լուսինե Սանոյանին և Սուրեն Ջանոյանին նշանակելուն դեմ քվեարկեցին ավագանու ՔՊ-ական 11 անդամները, բայց դա չխանգարեց, որ նրանք ստանձնեն իրենց նոր պաշտոնները: Հաջորդ հարցը Գյումրիի 2024 թվականի աշխատանքային պլանի հաստատմանն էր առնչվում:
Կոալիցիոն կառավարման ընթացքում ունեցած 2 տարվա լռությունը ՔՊ-ականները խախտեցին: Բազմաթիվ առարկություններ ունեին ոչ միայն քաղաքի գլխավոր ֆինանսական փաստաթղթի, այլև 2024-ի տարեկան աշխատանքային պլանի շուրջ: Հայտարարեցին, որ մի շարք նախաձեռնություններ չեն իրականացվել նախորդ 2 տարիներին ու տեղափոխվելու են հաջորդ տարի: Մասնավորապես, խոսքը թափառող շների դեմ պայքարին էր առնչվում: Ստերճացումը, որի նպատակով տարեկան 30-40 մլն դրամ է հատկացվել, պարզվում է, արդյունավետ չի եղել:
ՔՊ-ականները բարձրաձայնեցին, որ 2024 թվականի բյուջեում դոտացիան աճել է 931 մլն դրամով, բայց քաղաքապետարանը դրան համարժեք՝ հօգուտ բնակչության, չի կազմել բյուջետային ծախսերը: Այս քննադատությանը ի պատասխան, քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հայտարարեց, որ 930.000 էլ պրոբլեմներ կան քաղաքում, ո՞ր մեկը լուծեն այդ գումարով:
Նշվեց նաև, որ հունվարի 1-ից քաղաքապետարանի ապարատի և բնակկոմունալ բաժնի աշխատակիցների աշխատավարձերը բարձրացվելու են 15 տոկոսով, քաղաքապետինը՝ նույնպես: Նրա աշխատավարձը ավագանին հաստատեց 431.000 դրամ, հարկերը ներառյալ: Բազմաթիվ քննադատություններից հետո, քաղաքի տարեկան աշխատանքային պլանը ավագանին չհաստատեց:
Ակտիվ քննադատողի դերում էին նաև «Զարթոնք» խմբակցության անդամները: Օրինակ բերեցին այն, որ Երևանի բյուջեն 124 մլրդ դրամ է, Գյումրիինը՝ ընդամենը 5 մլրդ դրամ, այն դեպքում, երբ 2021 թվականին Երևանում ընտրություններին մասնակցել է 423.000 մարդ, Գյումրիում՝ 47.000 մարդ: 1 շնչին ընկնող ֆինանսական միջոցները Գյումրիում 2 ու կես անգամ պակաս են, քան Երևանում: Այնինչ, ըստ «Զարթոնքի», Գյումրիի բյուջեն հիմա պետք է լիներ 12 ու կես մլրդ դրամ: Իսկ սա նշանակում է, որ քաղաքը կարող էր շատ ավելի մեծ եկամուտներ հավաքագրել, ինչը սակայն, չի արվում:
Քաղաքի բյուջեն նախագծով սահմանվել է 5 մլրդ 767 մլն դրամ, որից 3 մլրդ 522 մլն դրամը պետբուջեից հատկացվող դոտացիան է:
Ավագանու ՔՊ-ական անդամները նշեցին, որ հաջորդ տարվա բյուջեի նախագիծը չի ներկայացնում քաղաքի համար օրհասական դարձած խնդիրներից և ոչ մեկի լուծումը, մասնավորապես, լուծում չեն ստանա թափառող շների, տնակների ապամոնտաժման և այլ խնդիրներ: Փոխարենը սական, տեղական բյուջեում միշտ գումար կգտնվի քաղաքապետարանի աշխատակիցների պարգևավճարների համար: 2023 թվականի բյուջեից այդ նպատակին հատկացվել է 67 մլն դրամ:
Գյումրիի ավագանին բազմաթիվ քննադատություններից ու առարկություններից հետո քաղաքի հաջորդ տարվա բյուջեին դեմ քվեարկեց: Քաղաքի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը չընդունվեց 15 կողմ, 11 դեմ և 6 ձեռնպահ ձայների համամասնությամբ: Սա նշանակում է, որ առաջիկայում քաղաքի կառավարումը տեղի կունենա իներցիոն կարգով, իսկ եթե հաջորդ նիստերում էլ բյուջեն չընդունվի, ապա կձախողվեն ոչ միայն աշխատավարձերի բարձրացմանն առնչվող, այլ նաև սուբենցիոն և բյուջեով նախատեսված ֆինանսական մի շարք այլ ծրագրեր:
Գյումրիում ՏԻՄ-ի գործունեության պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ բյուջեի ընդունումը ձախողվում է:
Կարինե Կազարովա