Աշխարհին խաղաղություն է պետք, ոչ թե առճակատում. Մյունխենի համաժողով | Region

Աշխարհին խաղաղություն է պետք, ոչ թե առճակատում. Մյունխենի համաժողով

Փետրվար 19,2024 14:33

– Կշարունակվի՞ արդյոք ռազմական օգնությունն Ուկրաինային.

– Փաշինյանի և Ալիևի բանակցությունները Մյունխենում.

-Վաշինգտոնի և Բաքվի հարաբերություններում հակասություններ կան.

-Երդմնակալության արարողության ժամանակ Ալիևի ելույթի արձագանքները, Ալիևը մարտահրավեր նետեց իրեն և միջազգային հանրությանը

 

Փետրվարի 16–ին Բավարիայի մայրաքաղաք Մյունխենում բացվել է անվտանգության հարցերով Մյունխենյան համաժողովը, որն աշխարհում ամենահայտնի համաժողովներից մեկն է արտաքին քաղաքականության և պաշտպանության հարցերով: Համաժողովը նվիրված էր անվտանգության որոշ հարցերին, աշխարհի ամենավտանգավոր խնդիրներին և հնարավոր լուծումներին:

Եվ պատահական չէ, որ համաժողովի հիմնական թեմաներն էին պատերազմներն Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում, ինչպես նաև Սոմալիում, Սուդանում և Հայիթիում: Այլ կարևոր թեմաներ էին միջազգային իրավունքի գերակայությունը՝ որպես համակեցության հիմք, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հնարավոր բարեփոխումը և կլիմայական փոփոխությունները:

Համաժողովին ներկա էին շուրջ 150 բարձրաստիճան մասնակիցներ՝ պետությունների և կառավարությունների ղեկավարներ, արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ: Նրանց թվում էին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ինչպես նաև Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին: Ռուսաստանը չի մասնակցել Մյունխենի համաժողովին։

Համաժողովին մասնակցում էին նաև Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները: Փետրվարի 16-18-ը կայացած հանդիպման հիմնական թեմաներից մեկը Ուկրաինային ռազմական օգնության շարունակությունն էր։ Ուկրաինական պատվիրակության ներկայացուցիչները փորձել են արևմտյան գործընկերներին համոզել՝ ավելացնել սպառազինության և տեխնիկայի մատակարարումները ։

Համաժողովի շրջանակներում տեղի են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումները, ինչպես նաև առանձին բազմաթիվ ոչ պաշտոնական և անհատական հանդիպումներ համաժողովի մասնակիցների հետ, որտեղ քննարկվել են տարածաշրջանային արդիական թեմաներ:

Ի դեպ, սա Ալիևի առաջին արտասահմանյան առաջին այցն ու հանդիպումներն էին փետրվարի 7-ին Ադրբեջանում կայացած արտահերթ նախագահական ընտրություններից հետո:

Ի՞նչ են քննարկել և ի՞նչ են հայտարարել Փաշինյանն ու Ալիեւը Մյունխենում կայացած հանդիպումների ժամանակ

Փետրվարի 17-ին համաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Հանդիպմանը պետքարտուղարը հայտարարել է. «Հայաստանը Միացյալ Նահանգների համար շատ արժեքավոր գործընկեր է, և մենք գնահատում ենք հաստատուն խաղաղության նրա հանձնառությունը։ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ժողովրդավարական ապագային, Հայաստանի ինքնիշխան տարածքին Մենք կարող ենք նաև ամրապնդել մեր երկրների միջև կապերը բոլոր ուղղություններով»։

Փաշինյանն իր հերթին նշել է. «մենք հաստատել ենք շատ արդյունավետ գործընկերություն և 2019 թվականին սկսել ենք ռազմավարական երկխոսություն։  Ընթացիկ տարին նույնպես կարևոր է: Մենք սպասում ենք մեր ամերիկացի գործընկերների հետ հանդիպմանը՝ բավականին լայն օրակարգով։  Սա շատ լավ հնարավորություն կլինի քննարկելու տարբեր հարցեր՝ մեր երկխոսությունն ավելի արդյունավետ դարձնելու համար։  Իհարկե, տարածաշրջանային հարցերը նույնպես շատ կարևոր են մեր օրակարգի համար։  Ցավոք, այժմ նկատվում է լարվածության նոր փուլ Հայաստանի և Ադրբեջանի միջև, վերջերս տեղի ունեցավ էսկալացիայի նոր աճ,   կորուստներ ունեցանք։  Ադրբեջանի հետ սահմանին հայ զինծառայողներ են սպանվել։ Ես կցանկանայի ձեզ հետ քննարկել նաև այս իրավիճակը»։  Բլինքենն ընդգծել է բանակցային և խաղաղ գործընթացում ջանքերը շարունակելու ԱՄՆ պատրաստակամությունը և երկխոսության շարունակման հույս հայտնել: Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգային հարցերին առնչվող թեմաներ, կարևորել ռազմավարական երկխոսության շարունակական զարգացումը: Անդրադարձ է կատարվել նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո ԱՄՆ պետքարտուղարը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ: Բլինքենն իր “X” միկրոբլոգում գրել է. «ես բարձրացրել եմ Մարդու իրավունքների կարևորության հարցը և վերահաստատել ԱՄՆ-ի աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնելու հարցում”,- գրել է նա: Իր հերթին Ալիևը հայտարարել է, որ «COP29-ը մեր երկկողմ օրակարգի կարևոր մասն է, որն ընդլայնում է մեր օրակարգում դրված թեմաները, և ընթացիկ տարում ակնկալում ենք ձեր կառավարության աջակցությունը մեր բոլոր նախաձեռնությունների կապակցությամբ: Բաքվի և Վաշինգտոնի միջև հարաբերությունները պետք է զարգանան անկախ հայ-ադրբեջանական կարգավորումից»։ 

Թվում է ՝ Ալիևը կարճ հիշողություն ունի։ Պետք է նրան հիշեցնել այն, ինչ ասել է երդմնակալության արարողության ժամանակ։ Նա հայտարարել էր. «մենք ոչ մեկից ոչինչ չենք խնդրում։ Ավելի քան 20 տարի է, ինչ ես նախագահ եմ և մինչ օրս ոչ մեկից ոչինչ չեմ խնդրել, քանի որ դրա անհրաժեշտությունը չկար»:  Ըստ երևույթին, նախագահի ընտրություններից հետո Ալիևի մոտ հիշողության հիշողության հետ կապված, նաև ֆինանսական խնդիրներ են առաջացել։

Փետրվարի 17-ին Մյունխենում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հանդիպմանը Գերմանիայի կանցլերն ընդգծել է, որ Գերմանիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին, ինչպես նաև Եվրոպական Միության Խորհրդի նախագահ Շառլ Միշելի առաքելությանը: Այնուհետև Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը երկկողմ հանդիպում են ունեցել: Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների, հարաբերությունների կարգավորման, սահմանների դելիմիտացիային վերաբերող հարցեր: Արտաքին գործերի նախարարություններին հանձնարարվել է առաջիկայում անցկացնել հանդիպում և սահմանների դելիմիտացիայի հանձնաժողովի նիստ:

Հարկ է նշել, որ ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Մյունխենում հանդիպումներ կունենա Փաշինյանի և Ալիևի հետ: Վաշինգտոնում TURAN-ի թղթակցին դիվանագիտական աղբյուրներից հայտնել են, որ Միացյալ Նահանգները փորձելու է մեկտեղել Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներին նոր բանակցությունների համար՝ առկա տարաձայնությունները վերացնելու համար:

Սակայն Հայաստանի և Ադրբեջանի երկու ղեկավարների հանդիպումը տեղի է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ։ Ինչո՞ւ Բլինքենը հրաժարվեց Ալիև-Փաշինյան հանդիպումն անցկացնելուց: Ակնհայտ է, որ Ալիևի ելույթը երդմնակալության արարողության ժամանակ լսել են ոչ միայն Եվրոպայում, այլև հեռավոր Ամերիկայում։  Ալիևն իր խոսքում հայտարարել էր. «թող… նրանք, ովքեր կանգնած են նեոգաղութատիրության գլխին, իմանան, որ իրենք իզուր են սառը պատերազմ սկսել մեզ հետ։  Մենք չենք ընկրկի: Մենք երբեք պաշտպանողական դիրք չենք զբաղեցրել։ Մենք համարժեք պատասխան ենք տալու մեր դեմ քայլերին, և նրանք, ովքեր մեր դեմ նենգ ծրագրեր են պատրաստում, վստահ եմ, կզղջան»։

Հարկ է նշել նաև, որ այն բանից հետո, երբ Ալիևին վերընտրվելու կապակցությամբ  չշնորհավորեցին Արևմուտքն ու ԱՄՆ-ը, իսկ Արևմուտքը չի շնորհավորում միայն ռուսահպատակներին, նա հասկացավ, որ անհրաժեշտ է ներողություն հայցել Արևմուտքից։  Իսկ դա իր հերթին խոսում է այն մասին, որ Վաշինգտոնի և Բաքվի հարաբերություններում որոշակի ուղղություններով հակասություններ կան։  Այդ իսկ պատճառով Ալիևի հետ հանդիպմանը Բլինքենն ընդգծել է Ադրբեջանի կողմից միջազգային և մարդու իրավունքների պարտավորությունների կատարման կարևորությունը:

Նիկոլ Փաշինյանը Մյունխենի հայ համայնքի և հարևան շրջանների ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ունեցած հանդիպումների և քննարկումների արդյունքներին, ինչպես նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը:  Նիկոլ Փաշինյանը պատասխանել է մի շարք հարցերի, որոնք վերաբերել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, դրանց հաղթահարմանն ուղղված քայլերին և այլ թեմաների:

Իսկ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը Մյունխենում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Ուկրաինայի և Ադրբեջանի նախագահները հայտարարել են, որ աջակցում են երկու պետությունների տարածքային ամբողջականությանը:

ԵԱՀԿ գործող նախագահ Յան Բորգի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ «ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, իսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը երկկողմ բնույթ է կրում»: Ալիևը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը և կազմակերպության նախագահի անձնական ներկայացուցչի պաշտոնը պետք է պաշտոնապես վերացվեն և դրանք անվանել է «անցյալի մնացուկներ»:

Ալիևը հրաժարվել է մասնակցել պանելային քննարկմանը, ինչպես նաև մամուլի ասուլիս անցկացնելուց։ Մյունխենից անմիջապես հետո Ալիևը մեկնել է Թուրքիա՝ անձամբ Էրդողանին զեկուցելու, թե ինչպես են անցել հանդիպումները, ինչի մասին են պայմանավորվել։

Մյունխենի անվտանգության համաժողովն ավարտվել է բողոքի ակցիաների ֆոնին: Մյունխենում հազարավոր ցուցարարներ են հավաքվել։ Ակցիայի մասնակիցները կոչ են արել համաշխարհային առաջնորդներին վերջ տալ հակամարտություններին ամբողջ աշխարհում։  Ելույթ ունեցողների գլխավոր պահանջը հակամարտության գոտիներ զենքի մատակարարումների դադարեցումն էր։  Ցուցարարները պաստառներ են կրել՝  «մեզ երկխոսություն է պետք, այլ ոչ թե առճակատում», «ոչ սպառազինությունների մրցավազքին», «ընդդեմ պատերազմող Գերմանիայի»:

 

                                                                                              Զաբելա Ավագյան

Նորություններ