Լիանա Հարությունյանի՝ մոր և մանկան համար նախատեսված խցում եղել է և տաք ջուր, և պատշաճ որակի սնունդ. ՔԿԾ պարզաբանումը | Region

Լիանա Հարությունյանի՝ մոր և մանկան համար նախատեսված խցում եղել է և տաք ջուր, և պատշաճ որակի սնունդ. ՔԿԾ պարզաբանումը

Հուլիս 13,2025 15:48

Պնդումներն այն մասին, թե «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի մոր և մանկան համար նախատեսված խցում տաք ջուր չի եղել, չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին պարզաբանում է տարածել Քրեակատարողական ծառայությունն անդրադառնալով փաստաբան Զարուհի Փոստանջյանի պնդումներին, թե կալանավորված Լիանա Հարությունյանի խցում տաք ջուր չի եղել, որ երեխային լողացնի։

Պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է. «Խցում եղել է տաք ջուր նաև գիշերային ժամերին, ինչը հաստատել են կողքի խցերում երեխաների հետ բնակվող մայրերը։

Իրականության հետ աղերս չունեն նաև սննդի մասին պնդումները։ Լիանա Հարությունյանին հատկացվել է երեխաների համար նախատեսված, պատշաճ որակի սնունդ՝ կարտոֆիլի խյուս, բանջարեղեն և կաթի փոշի։

Ինչ վերաբերում է խցի՝ իբր ոչ բարվոք պայմաններին, ապա տեղեկացնում ենք, որ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի մոր և մանկան համար նախատեսված բոլոր խցերը կապիտալ վերանորոգված են, ապահովված 24-ժամյա տաք և սառը ջրով և կահավորված նաև մանկական մահճակալներով։

Ուստի հորդորում ենք տիկին Փոստանջյանին զերծ մնալ իրականությունը խեղաթյուրող և այդպիսով հասարակության լայն շրջանակներում բացասական հուզական ֆոն ձևավորող տեղեկություններ տարածելուց։

Հավելենք, որ այս պահին երեխան հետազոտություն է անցնում քաղաքացիական բուժհաստատությունում»։

Նորություններ