Զարմանալի չի լինի, եթե քաղաքացիություն ստանալու համար Ալիևին դիմեն այլ երկրների հանցագործներն ու մարդասպանները
– Հայաստանի պահանջով Մոսկվայում Ադրբեջանի քաղաքացի էր ձերբակալվել։
– Ռուսաստանը մարդասպանին ազատ արձակեց ՝ ցույց տալով «մարդասիրություն»:
– Ադրբեջանում մարդասպաններին հանդիսավոր կերպով են դիմավորում։
Մոսկվայում փետրվարի 21-ի գիշերը ձերբակալվել էր ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Քամիլ Զեյնալլին: Instagram-ի իր էջում տեսանյութ տեղադրելով ՝ Զեյնալլին հայտնել էր, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է և տեղափոխվել ոստիկանական բաժանմունք:
Ըստ վկայությունների՝ ադրբեջանցի այդ ռազմական հանցագործը վայրագություններ է կատարել Արցախում։ Զեյնալլին ներգրավված է Հադրութի շրջանի 80-ամյա բնակիչ Յուրի Ասրիյանի սպանության մեջ: 2020 թվականին ադրբեջանական տելեգրամյան ալիքներում հրապարակվել էր սպանության տեսագրությունը՝ Արցախի հայ բնակիչների սպանությունների և կտտանքների տասնյակ այլ տեսաձայնագրությունների հետ միասին։ Ասրիյանի սպանության տեսանյութում երևում է, թե ինչպես է զինվորական համազգեստով տղամարդը կտրում անզեն ծերունու կոկորդը:
«Ես հիմա ոստիկանության բաժանմունքում եմ։ Ինձ ասացին, որ Հայաստանն իմ նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել», – հայտնել էր Քամիլ Զեյնալլին։ Նա նաև նշել էր, որ միգուցե կանգնի ռուսական դատարանի առջև և տեղափոխվի Հայաստան: «Ակնկալում եմ մեր պետական կառույցների աջակցությունը», – ասել էր նա։
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիի հրահանգով օդանավակայան են մեկնել հյուպատոսն ու փոխհյուպատոսը, փետրվարի 21-ի առավոտյան մարդասպանը հանդիպում է ունեցել փաստաբանի հետ:
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը հայտարարեց, որ Զեյնալլին ձերբակալվել է Հայաստանի պահանջով: Իր հերթին Զեյնալլիի փաստաբան Ալեքփեր Գարաևը հայտնեց, որ իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 135 (մարդկության դեմ հանցագործություններ), 137 (ռազմական հանցագործություններ), 140 (պատերազմ վարելու արգելված մեթոդների կիրառմամբ ռազմական հանցագործություններ), 147 (վարձկանների ներգրավում) և 149 (ագրեսիա) հոդվածներով: Գարաևը հավելել էր, որ դեռևս հայտնի չէ, թե կոնկրետ ինչ հանցավոր արարքի մասին է խոսքը, եւ դատախազությունն ակնկալում է որոշ նյութեր ստանալ Հայաստանից:
Ադրբեջանի իշխանությունների աջակցությամբ Զեյնալլիին նույն օրը ազատ են արձակում: Փաստաբան Գարաևի խոսքով՝ չնայած Հայաստանը Քամիլի դեմ մեղադրանք է առաջադրել շատ ծանր հոդվածներով, Ռուսաստանը մարդասիրություն է դրսևորել։ «Շնորհակալ եմ բոլորին դրա համար: Մեծ ջանքեր գործադրվեցին։ Մասնավորապես, շնորհակալություն եմ հայտնում Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանությանը և անձամբ դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուին։ Նրանք իսկապես մեծ աշխատանք են կատարել», – ասել է փաստաբանը
Գարաևը հավելել է՝ «չնայած Զեյնալլին ազատ է արձակվել, նա հետախուզման մեջ կլինի։ Նա կարող է անարգել այցելել միայն Թուրքիա, այլ երկրներում նրան կարող են նորից ձերբակալել»։
Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում հարազատները, ԶԼՄ-ների և հանրության ներկայացուցիչները հանդիսավոր կերպով են ողջունել Արցախում վայրագություններ կատարած ռազմական հանցագործին:
Առաջին հերթին Զեյնալլին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահին, Հեյդար Ալիև հիմնադրամին, նախագահի օգնական Անար Ալեքպերովին, քննչական կոմիտեի և դատախազության աշխատակիցներին, Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանությանը և անձամբ դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուին:
Ադրբեջանը շարունակում է պաշտպանել ու հովանավորել իր «հերոսներին»
Մարդասպանին Բաքվում դիմավորեցին նույն հանդիսավորությամբ, ինչպես Ռամիլ Սաֆարովին 20 տարի առաջ։ Վերջինս 2004 թվականի փետրվարի 19-ին անմարդակային ու զարհուրելի հանցանք էր գործել։ Սաֆարովը Բուդապեշտում ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ կացնահարել էր քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Նա կացնով 16 հարված էր հասցրել քնած հայ սպայի գլխին և պարանոցին՝ գրեթե կտրելով նրա գլուխը, և հունգարական դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման: Սակայն 2012թ.օգոստոսի 31-ին մարդասպանին արտահանձնեցին Ադրբեջանին և նույն օրը Ալիևի հրամանով նրան ներում շնորհվեց, մարդասպանին ավելի բարձր կոչում շնորհվեց, 8 տարվա սպայական աշխատավարձ վճարեցին և բնակարան նվիրեցին։
Զարմանալի չի լինի, եթե քաղաքացիություն ստանալու համար Ալիևին դիմեն այլ երկրների հանցագործներն ու մարդասպանները։ Վերջին տարիների իրադարձությունները ևս մեկ անգամ մարդկությանը ցույց տվեցին, որ այսօր աշխարհում կա մի երկիր, որտեղ հանցագործին կարող են ազատություն շնորհել: Այդ երկիրը ղեկավարում է «մարդասեր, հանդուրժող, ազնիվ և արժանապատիվ» մի մարդ՝ Իլհամ Ալիեւը։ Կա մի երկիր, որտեղ բոլորը «ազատ» են՝ նախագահը, գործարարը, գյուղացին, անգամ խաղաղ բնակիչներին սպանողները։ Եվ եթե երկրի նախագահը ողջունում և փառաբանում է մարդասպաններին, դա ընդհանուր կանոն է բոլորի համար։
Զաբելա Ավագյան