Արամ Սարգսյանի դեմ մահափորձի նախապատրաստման գործով կալանավորված Ստեփան Սամվելյանը տեղափոխվել է հիվանդանոց

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում շարունակվում է Ստեփան Սամվելյանի առողջության պահպանման իրավունքի վերաբերյալ քննարկման ընթացակարգը։
Դրա շրջանակներում տեղեկություններ են ստացվել, որ Ստեփան Սամվելյանն այս գիշեր ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից առողջական վիճակի վատթարացման պատճառով տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։
Ստեփան Սամվելյանի առողջական վիճակի դինամիկայի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով՝ Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչը կապ է հաստատել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի ներկայացուցչի հետ, քննարկել նրան անհրաժեշտ բժշկական օգնության ծավալները։
Ստացված տեղեկությունների համաձայն՝ Ստեփան Սամվելյանը կարիք է ունեցել նեղ մասնագիտական (նեֆրոլոգիական)
հսկողության։
Քննարկումների արդյունքում, համագործակցելով պետական իրավասու մարմինների հետ, ՄԻՊ աշխատակազմի հետևողական ջանքերով Ստեփան Սամվելյանը տեղափոխվել
է բազմամասնագիտացված բժշկական կենտրոն։
Հիշեցնենք, օրերս փաստաբան Զարուհի Փոստանջյանն ահազանգել էր, որ “Ստեփան Սամվելյանի վիճակը Քննչական կոմիտեում կտրուկ վատացել է, ժամանել է շտապօգնություն՝ առաջին բուժօգնություն ցուցաբերելու։ Նա չի կարողանում անգամ քայլել և խոսել”:
Հիշեցնենք նաև, որ Ստեփան Սամվելյանը կալանավորվել է 6 օր առաջ՝ Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի դեմ ենթադրյալ մահափորձ կազմակերպելու գործով։ Սակայն նրա պաշտպանները պնդում են, որ “խոսքը վերաբերում է հրապարակային հնչեցրած արտահայտություններին”։