«Ալիևը և Փաշինյանը կմիանան ինձ Սպիտակ տանը՝ խաղաղություն կնքելու պաշտոնական արարողությանը»․ԱՄՆ նախագահ

«Ես անհամբեր սպասում եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հյուրընկալելու Սպիտակ տանը պատմական խաղաղության գագաթնաժողովին»,-այս մասին Truth social ցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Այս երկու ազգերը տարիներ շարունակ պատերազմել են, որի հետևանքով հազարավոր մարդիկ են զոհվել։ Շատ առաջնորդներ փորձել են ավարտել պատերազմը, բայց ապարդյուն, մինչ օրս՝ շնորհիվ «ԹՐԱՄՓԻ»»-գրել է ԱՄՆ նախագահը։
Նա նաև նշել է, որ իր վարչակազմը բավականին երկար ժամանակ համագործակցել է երկու կողմերի հետ։
«Նախագահ Ալիևը և վարչապետ Փաշինյանը կմիանան ինձ Սպիտակ տանը՝ խաղաղություն կնքելու պաշտոնական արարողությանը։ Միացյալ Նահանգները նաև երկկողմ համաձայնագրեր կստորագրեն երկու երկրների հետ՝ տնտեսական հնարավորությունները միասին օգտագործելու համար, որպեսզի մենք կարողանանք լիովին բացահայտել Հարավային Կովկասի տարածաշրջանի ներուժը։ Ես շատ հպարտ եմ այս քաջ առաջնորդներով՝ Հայաստանի և Ադրբեջանի մեծ ժողովուրդների համար ճիշտ բան անելու համար։ Սա պատմական օր կլինի Հայաստանի, Ադրբեջանի, Միացյալ Նահանգների և ԱՇԽԱՐՀԻ համար»,-գրել է Թրամփը։
Հիշեցնենք, այսօր Վաշինգտոնում նախատեսվում է Փաշինյան-Ալիև-Թրամփ հանդիպումը: Ըստ միջազգային մամուլի, ակնկալվում է, որ Սպիտակ տանը մի քանի կարևոր փաստաթղթեր կստորագրվեն։
Նշենք, որ ԱՄՆ-ում Փաշինյանի հետ բանակցությունները մեկնարկելու են Երևանի ժամանակով 22:30-ին, նախատեսված է նաև երկկողմ՝ ԱՄՆ-ՀՀ փաստաթղթի ստորագրում։
23:10-ին էլ Դոնալդ Թրամփը կընդունի Իլհամ Ալիևին, Ադրբեջանի նախագահի հետ նույնպես նախատեսված է փաստաթուղթ ստորագրել:
Եռակողմ փաստաթղթի ստորագրումը կեսգիշերին է՝ Երևանի ժամանակով 00:15-ին: