«Այցը ևս մեկ լարվածության պատճառ կդառնա հայ-ռուսական հարաբերություններում»
Ռազմական էսկալացիայի վտանգը գնալով մեծանում և ամեն օր ավելի իրական է դառնում: REGIONSTV-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Աննա Կարապետյանը: Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է կառուցողական երևալ աշխարհի աչքին, բայց այդ մոտեցումն այլևս չի աշխատում, ավելին, իր հետևից նոր սպառնալիքներ է բերում:
Սրան զուգահեռ, Հայաստանը փոխում է արտաքին քաղաքական վեկտորը, ըստ քաղաքագետի՝ Ռուսաստանի հետ երկխոսությունը ոչ թե գործընկերային է, այլ հրապարակային հակառուսական տրամադրության գեներացմամբ:
Լուրեր կան այն մասին, որ Ուկրաինայի նախագահը պատրաստվում է այցելել Հայաստան: Ըստ Կարապետյանի՝ սա ևս մեկ լարվածության պատճառ կդառնա հայ-ռուսական հարաբերություններում, հատկապես այն դեպքում, երբ Երևանը վավերացրել է Հռոմի ստատուտը և հրապարակային որևէ երաշխիք չի տալիս, որ Պուտինի Հայաստան այցի դեպքում նրան չի ձերբակալելու, հետևաբար Ռուսաստանի նախագահը Հայաստան այցելելու խնդիր ունի:
«ՀԱՊԿ-ում անդամակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի հայտարարությանը տեղավորվում է վեկտորի փոփոխության քաղաքականության մեջ, չնայած Երևանը փորձում է մանևրել»,- ընդգծեց Կարապետյանը: