Որ երկրներն են ողջունել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման ժամանակ Սպիտակ տանը ստորագրվել է համատեղ հռչակագիր:
✔Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև համատեղ հռչակագրի ստորագրումը: Նրա խոսքով՝ Բեռլինը պատրաստ է աջակցելու Երևանին և Բաքվին կայուն խաղաղության հասնելու ճանապարհին:
«Հայաստանն ու Ադրբեջանը նոր գլուխ են բացում իրենց պատմության մեջ։ Այն փաստը, որ երկու կողմերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ Վաշինգտոնում նախաստորագրել են Խաղաղության համաձայնագիրը, հույսի աղբյուր է Հայաստանում և Ադրբեջանում շատ մարդկանց համար, որոնց թիկունքում հակամարտության, տեղահանությունների և տառապանքների երկարատև պատմությունն է։ Այս օրը ցույց է տալիս երկու կառավարությունների պատրաստակամությունը՝ բարդ հարցերը լուծելու բանակցությունների միջոցով և գնալու ոչ հեշտ փոխզիջումների»,- նշել է դիվանագետը:
✔«Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին խաղաղության համաձայնագրի նախաստորագրման կապակցությամբ»,- ասել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը:
«Սա վճռորոշ քայլ է հարատև խաղաղության և կայունության ճանապարհին։ Ես անհամբերությամբ սպասում եմ Հայաստան և Ադրբեջան իմ առաջիկա այցին և պատրաստ եմ աջակցել տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման գործընթացին և կապերի հաստատմանը»,- նշել է եվրոպացի պաշտոնյան:
✔Ֆրանսիան ևս ողջունել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունը՝ ուղղված երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումն ու վավերացումն անհրաժեշտ է՝ այս գործընթացը լիարժեք ավարտին հասցնելու համար», – հայտարարել են Ֆրանսիայի ԱԳՆ-ից։
✔Իրանն ուշադրությամբ հետևում է Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և կապի մեջ է Ադրբեջանի և Հայաստանի հետ։
«Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը ձեռնտու են տարածաշրջանի բոլոր երկրներին։ Իրանը խաղաղության պայմանագրի նախաստորագրումը գնահատում է որպես կարևոր քայլ՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, մենք մտահոգություն ենք հայտնում ցանկացած օտարերկրյա միջամտության բացասական հետևանքների վերաբերյալ, հատկապես, համատեղ սահմանների հարևանությամբ, որը կարող է խաթարել տարածաշրջանի կայուն անվտանգությունն ու կայունությունը»,- ասվում է Իրանի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում։
✔ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին` այն անվանելով «պատմական»։ Ռուբիոն նույնաբովադակ գրառում է արել նաև X-ի իր միկրոբլոգում։
✔«Շնորհավորում եմ ԱՄՆ-ի, Ադրբեջանի նախագահներին և Հայաստանի վարչապետին պատմական խաղաղության համաձայնագրի կնքման կապակցությամբ։ Վրաստանը միշտ աջակցել է տարածաշրջանում խաղաղությանը և համագործակցությանը»,- սոցիալական ցանցում գրել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
✔«Շնորհավորում եմ Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության ուղղությամբ Վաշինգտոնում ձեռնարկած համարձակ քայլերի կապակցությամբ»,- X-ի միկրոբլոգում գրել է Մեծ Բրիտանիայի վարչապետը:
«Ես գնահատում եմ ԱՄՆ նախագահի կարևոր դերը այս բեկումն ապահովելու գործում: Ինչպես ասել եմ ԱՄՆ փոխնախագահ Վենսին, Մեծ Բրիտանիան պատրաստ է աջակցել խաղաղությանը Հարավային Կովկասում, մինչ երկու կողմերն էլ կատարում են իրենց պարտավորությունները»,- նշել է Դևիդ Լեմին:
✔«Սաուդյան Արաբիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախնական ստորագրումը»։ Այդ մասին ասված է Սաուդյան Արաբիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
✔«Վաշինգտոնում կարևոր քայլ է արվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ»,- նշված է Ավստրիայի արտաքին գործերի նախարարության X-ի պաշտոնական միկրոբլոգում։
«Մենք աջակցում ենք խաղաղության համաձայնագրի նախնական ստորագրմանը՝ ամբողջ տարածաշրջանի շահերից ելնելով։ Ավստրիան պատրաստ է աջակցություն ցուցաբերել հաջորդ փուլերում»,- ասված է գրառման մեջ։
✔Կատարի Պետությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ։
✔«Գրեթե 40 տարվա զինվшծ hակամարտությունից հետո ԱՄՆ միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված խաղաղության համաձայնագիրը պատմական շրջադարձային պահ է և հույսի նշան»,-հայտարարել է Իտալիայի փոխվարչապետ Մատտեո Սալվինին։