Իջևանի տեքստիլ արտադրամասում աշխատող ազգությամբ հնդիկները շարունակում են գործադուլը | Region

Իջևանի տեքստիլ արտադրամասում աշխատող ազգությամբ հնդիկները շարունակում են գործադուլը

Օգոստոս 11,2025 14:08

Իջևանի «Իջ-Գրանդ» տեքստիլի ֆաբրիկայում աշխատող Հնդկաստանի քաղաքացիները շարունակում են գործադուլը։

Ֆաբրիկայի 205 հնդիկ աշխատողները տեսանյութ են տարածել, որի միջոցով տեղեկացնում են գործադուլի մասին, ինչպես նաև պահանջում են իրենց չվաճարած աշխատավարձը։

«Ընկերության տնօրենը խաբել է մեզ։ Տնօրենը պահանջում է աշխատել, բայց չի վճարում»,-վստահեցնում են գործադուլ հայտարարած աշխատողները։

Հիշեցնենք, որ օգոստոսի 6-ի երեկոյան նրանք փակել էին Իջևան–Երևան միջպետական ճանապարհը, որպեսզի խնդրի վրա ուշադրություն հրավիրեն։

Epress.am-ը հայտնում է, որ ընկերության տնօրենությունը խոստացել է այսօր հանդիպել ցույցի մասնակիցների հետ։

Նշենք, որ բողոքի ցույց իրականացնող հնդիկները տեսանյութ են տարածել, որտեղ հայտնում են, որ դիմել են Հնդկաստանի դեսպանատուն, սակայն դեսպանատունը չի օգնել նրանց,  դիմել են նաև ոստիկանություն, կրկին՝ ապարդյուն։

«Իջ-Գրանդ»-ի տնօրեն Մհեր Միրզոյանը Sputnik-Armenia-ին ասել է, որ «Հնդկաստանի քաղաքացիները ոչ թե աշխատավարձն են ուզում, այլ՝ աշխատավարձի բարձրացում»։

Նա ասել է, որ չի կարող աշխատավարձը բարձրացնել, քանի որ երեք տարով պայմանագիր են կնքել նրանց հետ, պայմանագրից դուրս չեն կարող որևէ բան անել։

Նորություններ