Առաջիկայում, հավանաբար, Գյումրու «Շիրակ» օդանավակայանից դեպի Եվրոպա չվերթներ կմեկնարկեն․Խուդաթյան

Գյումրու «Շիրակ» օդանավակայանից նախատեսվում են չվերթեր դեպի Եվրոպա։ Այս մասին այսօր Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նախարարը վստահեցրել է, որ արդեն մեկ ավիաընկերության հետ պայմանավորվածություն ունեն․«Պետական սուբսիդավորման ծրագրի շրջանակում առաջիկայում հավանաբար նոր ուղղությամբ՝ դեպի Եվրոպա, կմեկնարկեն չվերթեր, որոնք քաղաքի և մարզի համար լրացուցիչ հոսք ու տնտեսական շարժ կապահովեն»։
Հիշեցնենք, որ դեռ ապրիլ ամսին կառավարությունը որոշում է ընդունել, որի համաձայն նախատեսվում է սուբիսդավորել օտարերկրյա այն ավիաընկերություններին, որոնք կբազավորվեն Հայաստանում և առնվազն մեկ նոր ուղղությամբ չվերթ կունենան Գյումրու «Շիրակ» օդանավակայանից։ Այսինքն, ըստ կառավարության որոշման, կսուբսիդավորվեն օտարերկրյա այն ավիաընկերությունները, որոնք ՀՀ–ում կունենան մասնաճյուղ` առնվազն 2 մշտական օդանավով, աշխատողները գրանցված կլինեն հայկական մասնաճյուղում։ Նույն որոշման համաձաւն՝ 2 տարեկանից բարձր ուղևորների համար կսահմանվի աջակցություն․Գյումրու «Շիրակ» օդանավակայանի համար մեկ ուղևորի հաշվարկով 15 հազար դրամ, Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի համար` 20 հազար դրամ։