Հայկական ֆուտբոլի հերթական տխուր երեկոն. նոր պարտություններ եվրոպական մրցաշարում, հիասթափված հայ երկրպագու

Երեկ հայկական երկու ակումբները «Նոան» ու «Արարատ Արմենիան» անցկացրին իրենց պատասխան հանդիպումները եվրոպական մրցասպարեզում:
Երկրի փոխչեմպիոնը, Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում, Երևանի Ավանի ակադեմիայում հյուրընկալեց չեխական «Սպարտա Պրահային»: Թիմերի միջև կայացած առաջին հանդիպումը ավարտվել էր հյուրերի վստահ՝ 4-1 հաղթանակով, ու հաշվի առնելով մրցակցի կարգը դժվար էր ինչ-որ «հրաշք» սպասել հայկական թիմից:
Այս խաղում չեխական թիմի մի քանի առանցքային ֆուտբոլիստներ բացակայում էին, ու «Արարատ Արմենիան» հնարավորություն էր ստացել գոնե հաղթանակով ավարտելու եվրոպական «ճամփորդությունը»: Հայկական թիմը սեփական հարկի տակ բավականին համարձակ ֆուտբոլ ցույց տվեց, զգացվում էր, որ մրցակիցը ևս չի խաղում առանձնակի մեծ ցանկությամբ՝ հաշվի առնելով պատասխան խաղից առաջ ունեցած զգալի առավելությունը:
Ընդհանուր առմամբ հավասար պայքարում ընթացող խաղի առաջին խաղակեսում թիմերը փոխանակվեցին մեկական գոլերով: 23-րդ րոպեին մրցակցի հարձակվող Ալբիոն Ռահմանին առաջ մղեց իր թիմին, 8 րոպե անց մեր թիմի վաստակած 11 մետրանոցը հաջող իրացրեց Խուան Բալանտան:
Հանդիպման մնացած ժամանակահատվածում երկրպագուները ականատես եղան ավելի հանգիստ հանդիպման: Երբ թվում էր, թե հանդիպումը կավարտվի ոչ-ոքի արդյունքով, մրցավարի ավելացրած լրացուցիչ 2-րդ րոպեին չեխական թիմը ամեն դեպքում կարողացավ «կորզել» հաղթանակը նաև այս խաղում, գոլի հեղինակ դարձավ փոխարինման դուրս եկած հարձակվող Էրմալ Կրասնիքին:
Այսպիսով, «Արարատ Արմենիան» այս տարի էլ առանց լուրջ հաջողության ավարտեց ելույթները Եվրոպայում, ու արդեն կարող է կենտրոնանալ ներքին առաջնության վրա:
Եթե «Արարատ Արմենիայի» դեպքում արդյունքը սպասելի, որոշ չափով նաև օրինաչափ էր, ապա երկրի չեմպիոնից երկրպագուները միայն հաղթանակ էին սպասում, այն էլ վստահ առավելությամբ:
Վիճակահանությունից հետո բոլոր մասնագետները «Նոա»-«Լինկոլն Ռեդ Իմպսի» դիմակայության բացահայտ ֆավորիտ համարում էին հայկական թիմին: Չնայած այս ամենին, Ջիբլարթարի 29-ակի չեմպիոնը մեկ շաբաթ առաջ Ջիբլարթարում կայացած խաղում ցույց տվեց, որ թմային ու կազմակերպված խաղով կարող է պայքարել նաև կարգով ավելի բարձր մցակցի դեմ: Առաջին խաղը ավարտվեց 1-1 հաշվով, ու այսօրվա խաղում Հայաստանի չեմպիոնը մեկ առաջադրանք ուներ. հաղթել ամեն գնով:
Ինչպես և սպասվում էր հանդիպումը անցավ Սանդրո Պերկովիչի ֆուտբոլիստների խաղային ու տարածքային առավելությամբ: «Լինկոլն Ռեդ Իմպսի» ֆուտբոլիստները գործում էին երկրորդ համարով՝ հույսը դնելով հակագրոհների վրա:
Առաջին խաղակեսում եղավ մի հատված, երբ վտանգավոր պահերը հաջորդում էին միմյանց: Սակայն բոլոր դեպքերում հաջող էր գործում մրցակցի դարպասապահ Նաուսետ Սանտանան: Սպառնալից էին հատկապես Իմրան Օմարի և Մաթեուս Այասի հարվածները:
Երկրորդ խաղակեսում ևս, պատկերը նկատելիորեն չփոխվեց: Նոան գրոհում էր, մրցակիցը պաշտպանվում:
Հանդիպման 63-րդ րոպեին «Նոան» ստացավ հաշիվը բացելու ամենաիրական հնարավորությունը: Փոխարինման դուրս եկած Մարին Յակոլիշը մրցակցի տուգանային հրապարակում «խաբեց» պաշտպանին, կարողացավ շրջանցել նաև դարպասապահին, սակայն բոլորի համար անսպասելիորեն չգրավեց դարպասը՝ գնդակը դիպավ դարպասաձողին:
Ինչքան հանդիպումը մոտենում էր ավարտին, այնքան «Նոայի» ֆուտբոլիստների գործողություններում ավելանում էր ավելորդ շտապողականությունը, ինչը հանգեցնում էր ոչ պարտադիր սխալների, ֆուտբոլիստները կամ շեղ էին հարվածում, կամ աչալուրջ էր մրցակցի դարպասապահը: Գնալով մրցակիցը ավելի մեծ ուժեր էր կենտրոնացնում պաշտպանությունում: Ակնհայտ էր դառնում, որ այս հաշվի պայմաններում լրացուցիչ ժամանակը նրանց համար լավագույն տարբերակն է:
Ի վերջո «Լինկոլն Ռեդ Իմպսի»-ի ֆուտբոլիստների նվիրվածությունն ու ջանքերը տվեցին իրենց արդյւնքը: Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ ևս նրանք դիմացան: Այսպիսով, խաղի հաղթողը պետք է վիճարկվեր 11 մետրանոց հարվածաշարում, որտեղ էլ ամբողջ խաղի ընթացքում իր թիմին փրկած Նաուսեթ Սանտանային հաջողվեց հետ մղել մեր թիմի կիսապաշտպան Յան Էտեկիի վճռորոշ հարվածը, հաղթանակ պարգևելով իր թիմին:
Չնայած մեծ սպասելիքներին, հայ երկրպագուն հերթական հիասթափությունը ապրեց: «Նոան» հիմա կփորձի հաջող հանդես գալ «Օլիմպիայի» դեմ, արդեն Կոնֆերենցիաների լիգայի որակավորման վճռորոշ փուլում:
Առաջին հայացքից այս արդյունքը ձախողում է համարվում, սակայն ի՞նչ կլիներ, եթե հայկական թիմը անցներ հաջորդ փուլ: Այստեղ արդեն մրցակիցը լինելու էր ո´չ ավել, ո´չ պակաս պորտուգալական հեղինակավոր ակումբ «Բրագան»: Մտածել, որ այս «Նոան» կարող էր լուրջ դիմադրություն ցույց տալ «Բրագային», թերևս միամտություն է: Դիտելով «Նոայի» հանդիպումները երևում է, որ Ռուի Մոտայի կառուցած թիմից ոչինչ չի մնացել, տպավորություն է, որ պորտուգալացի մասնագետը իր հետ տարել է նաև մեր թիմի ֆուտբոլիստների ցանկությունը: Նոր գլխավոր մարզչի գործողությունները այս պահին անհասկանալի են, ֆուտբոլիստները ոչ մի կերպ չեն կարողանում հարմարվել նրա գաղափարներին, ու ցույց տալ իրենց ողջ պոտենցիալը:
Իսկ այսպես, մենք ստանում ենք համեմատաբար թույլ մրցակից: Սլովենական «Օլիմպիան» իհարկե «Բրագա» չէ, ու այս թիմի դեմ գոնե հավասարը հավասարի կարելի է պայքարել:
«Նոան» մեկ շաբաթ ժամանակ ունի: «Օլիմպիայի» հետ առաջին հանդիպումը կայանալու է օգոստոսի 21-ին՝ Սլովենիայում: Պետք է հավաքվել, բոլոր ուժերը ներդնել, հաղթել այս չափազանց կարևոր երկխաղյա դիմակայությունը սլովենական թիմի դեմ, ու երկրոդ տարի անընդմեջ դուրս գալ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլ, ինչը ևս իհարկե հայկական թիմի համար կդիտվի որպես հաջողություն: Միայն թե այս երկու հանդիպումները պետք է խաղալ անցած մրցաշրջանի «Նոայի» նման։
Նիկոլ Մարգարյան