«Չնայած որոշումների մի քանի գնահատականների հետ այնքան էլ համաձայն չեմ, բոլորիցդ ներողություն եմ խնդրում»․Փաշինյանը ԿԿՀ-ի՝ «դոմփել» բառի քննության ու եզրակացության մասին

Նիկոլ Փաշինյանը, թեև համամիտ չէ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշման հետ, ներողություն է խնդրում։
Փաշինյանն այսօր սոցիալական ցանցերում իր վերաբերյալ հանձնաժողովի որոշման մասին գրել է․
«ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երկու հայտնի դրվագներով վարքագծի կանոնների խախտում է արձանագրել իմ խոսքում։
Սիրելի ժողովուրդ, չնայած որոշումների մի քանի գնահատականների հետ այնքան էլ համաձայն չեմ, բոլորիցդ ներողություն եմ խնդրում։
Ճշգրիտ լինելու համար ընդգծեմ. ներողությունս վերաբերվում է կոնկրետ երկու արտահայտությունների, որոնց վերաբերյալ որոշում է կայացրել ԿԿՀ-ն։ Իսկ դրանց հետ ասոցացված քաղաքական, հոգեւոր եւ բարոյական սկզբունքների վերահաստատման նպատակը եւ այդ նպատակը ժողովրդի աջակցությամբ իրագործելու իմ կամքը անսասան են, որովհետեւ դա կենսական անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության քաղաքական, իրավական, հոգեւոր անվտանգության համար։ Իսկ հոգեւոր նորոգման օրակարգում ես ինքս պիտի իմ բացթողումներն ընդունեմ, էմոցիաներս ավելի լավ կառավարեմ։
Քաղաքական եւ պետական նորոգման համատեքստում կարեւոր է հանդուրժողականությունը եւ հարգանքը պետական, ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ, ինչը եւ այսպիսով դրսեւորում եմ»։
Հիշեցնենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննության է ենթարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարքագծի կանոնների առերևույթ խախտման հարցը և եզրակացրել, որ նա խախտել է վարքագծի կանոնները։
«Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»․Փաշինյանի այս գրառման վերաբերյալ ԿԿՀ-ն Փաշինյանի նկատմամբ վարույթ էր հարուցել մայիսի 30-ին։
Հանձնաժողովի նիստը տեղի է ունեցել օգոստոսի 14-ին։ Հունիսի 16-ին Փաշինյանը հանձնաժողով էր ներկայացրել իր դիրքորոշումը, որում, ըստ ԿԿՀ-ի, ասվում է. ««Դոմփել» բառը թեև խոսակցական, այնուհանդերձ, անպարկեշտ բառ չէ։ Ինչ վերաբերում է Ն. Փաշինյանի կողմից այդ բառի կիրառման կոնկրետ դեպքին, այն ուղղված է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու արժեքների ու հիմունքների պաշտպանությանը, որոնք սահմանված են «Կանոնագիրք հայոց»-ով»։ Հանձնաժողովը նաև լեզվաբանական փորձաքննություն է իրականացրել «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում։ Այս փորձագիտական եզրակացության համաձայն՝ ««դոմփել» բառը հայերենում ունի երկու իմաստ՝ առաջինը խփել, հարվածել, և երկրորդը՝ սեռական հարաբերություն ունենալ»։
ԿԿՀ-ն, հաշվի առնելով Փաշինյանի մայիսի 30-ի գրառումից հետո արված մյուս գրառումները, եզրակացրել է, որ «դոմփել» բառը Փաշինյանը կիրառել է երկրորդ՝ սեռական հարաբերություն ունենալու իմաստով։
«Վերոգրյալից ելնելով` հանձնաժողովը արձանագրում է, որ Գրառում 1-ը (մայիսի 30-ի գրառում) թեև կատարվել է ի պատասխան քննադատությունների և առնչվել է հանրային հետաքրքրություն ունեցող հարցի, այնուամենայնիվ, իր բառընտրության հետևանքով ունի կոպիտ և անվայելուչ նրբերանգ»,- նշված է ԿԿՀ-ի եզրակացությունում։