Մահացել է ԽՍՀՄ կառավարության նախկին ղեկավար Նիկոլայ Ռիժկովը
95 տարեկանում կյանքից հեռացել է ԽՍՀՄ կառավարության նախկին ղեկավար Նիկոլայ Ռիժկովը: Այդ մասին իր Telegram ալիքում հայտնել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն՝ Ռիժկովին անվանելով «դարի մարդ»։
«Հեռացել է տպավորիչ և լուսավոր մի մարդ՝ Նիկոլայ Իվանովիչ Ռիժկովը՝ դարի մարդը։ Բացառիկ ճակատագրի տեր մարդ և եզակի մասշտաբի պետական գործիչ։ Եվ մեծ հոգու տեր մարդ», – գրել է Մատվիենկոն:
2008 թ․ դեկտեմբերի 5-ին Նիկոլայ Ռիժկովն արժանացել էր «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի բարձրագույն կոչման։ Նա 1988 թ․ դեկտեմբերի 7-ին նշանակվել էր Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքները ԽՍՀՄ մասշտաբով համադրելու և տուժածներին օգնություն ցույց տալու համար ստեղծված ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի հանձնաժողովի նախագահ՝ անձամբ լինելով աղետից տուժած վայրերում և հսկայական աշխատանք կատարելով բնակչությանն օգնելու ուղղությամբ։