«Լավագույն տեղը, որ կարող եմ լինել, մեղադրյալի աթոռն է, ես երջանիկ եմ դրա համար։ Ինչ էլ, որ ասել եմ, լավ եմ արել, կոչ էլ չեմ արել»․Միքայել Աջապահյան | Region

«Լավագույն տեղը, որ կարող եմ լինել, մեղադրյալի աթոռն է, ես երջանիկ եմ դրա համար։ Ինչ էլ, որ ասել եմ, լավ եմ արել, կոչ էլ չեմ արել»․Միքայել Աջապահյան

Սեպտեմբեր 23,2025 17:47

Երևանի քրեական դատարանում, դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, այսօր շարունակվում է Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական նիստը, նա ներկայացրեց իր եզրափակիչ խոսքը։

Նա նշեց, որ այս իշխանությունների համար ոչ հաճելի հայտարարություններ բազմիցս է արել, սակայն դրանց մասին իշխանությունները հիշել են միայն այս տարվա հունիսին ու հենց 2022 թվականին արած հայտարարությունը։

«Ինչ՞ու 2020, 2021, 2022, 2023, 2024 թվականներին չեմ մեղադրվել,  ձեր ասած հեղաշրջում բառն օգտագործել եմ։ Ինչո՞ւ չպատասխանեցիք, թե ինչո՞ւ էսպես հապշտապ ձերբակալեցին ու խուզարկություն արեցին, ինչո՞ւ խուզարկությունն արվեց առանց ինձ ծանուցելու և առանց իմ փաստաբանին թույլ տալու ներկայանալ։  Ինչո՞ւ «մասկի շոու»-ով Էջմիածնում ձերբակալեցիք։  Ինչո՞ւ չեն հարցաքննվում վկաներ, այդ թվում՝ նախկին նախագահներ և լրագրողներ»,-հայտարարեց արքեպիսկոպոսը։

Նա ասաց, որ երբ իր նկատմամբ հետապնդում սկսվեց, համացանցում մեկնաբանություններ կային, մարդիկ ասում էի՝ գործ չունեք Միքայել Սրբազանի հետ, «կգցեք ոտներիդ, տակն եք մնալու»։

«Էդ մարդկանց կանխատեսումներն իրականացավ՝ տակն եք մնացել։ Բոլորը տակն են մնացել՝ էն հոգեկան հիվանդ Մարգարյանից, բոլորը տակն են մնացել, ձեզ փրկություն չկա։ Ի՞նչ կարիք կար սկսել այս ամենը, այս ամենի տակը մտնելու։ Տրված էր հնարավորությունը։ Ասին՝ Գյումրիում արել է, թող գնա Գյումրիում էլ դատվի։ Ինչո՞ւ մտաք սրա տաք»,-ասաց Շիրակի թեմի առաջնորդը, նշելով՝ նեղացած չէ դատարանից, իրավապահներից, միայն խղճահարություն ունի։

Անդրադարձավ քրգործից դուրս «մեղադրոողների»՝ գլխավոր դատախազ, քննչական, պատգամավորներ և այլն, հարցադրումներին՝ ինչո՞ւ արքեպիսկոպոսը ներողություն չի հայցում, ինչո՞ւ ներողամիտ չէ․« Ի՞նչ եմ արել, որ ներում հայցեմ, ո՞ւմից պետք է ներողություն խնդրեմ։  Մեր սերունդը հիշում է Խորհրդային արտաքին գործերի նախարար Անդրեյ Գրոմիկոյին՝ շատ ուժեղ դիվանագետի։ Նրա եղբայրները զոհվել են ռազմաճակատում, երբ նա դեսպան էր Միացյալ Նահանգներում։ Վերադառնալուց հետո նա զբաղեցրել է կարևոր պաշտոններ։ Պատերազմից հետո նա սահմանային գլխավոր բանակցողն էր։ Մի անգամ եվրոպացիները նրան հարցրին, թե ինչու է նա այդքան անզիջում։ Նա պատասխանեց. «Եղբայրներս թույլ չեն տալիս»։ Ինչո՞ւ եմ ես այստեղ կանգնած։ Որովհետև 1992-94 թվականներին զոհված իմ եղբայրները, իմ տարեկիցներին էին, չեն թողնում, որ ես այլ տեղ լինեմ։  2020 թվականին զոհված իմ զավակները չեն թողնում, որ ես այլ տեղ լինեմ։ Ես պիտի լինեմ այնտեղ, որտեղ եմ, և ես իրենց կողքին են։ Այս իշխանությունը, որը զորյացրել իմ եղբայրների ձեռբերումները, զրոյացրել է 2020 թվականի երիտասարդ տղաների, իմ զավակների նահատակությունը։  Ես ամենաշահեկան տեղում եմ, ես չէի ուզենա լինել պաշտպանների տեղը, որ խոսում են, պատիվ է, չէի ուզենա լինել ժողովրդի, այս դահլիճում նստածների տեղը, որոնք տվայտվում են այս անարդարությունից։ Առավելևս՝ չէի ուզենա լինել մեղադրողների տեղը կամ դատավորի։ Լավագույն տեղը, որ կարող եմ լինել, մեղադրյալի աթոռն է, և ես ուրախ եմ, որ մեղադրյալի աթոռին եմ այս հանգամանքներում, որովհետև այս իշխանության պայմաններում մեղադրյալ լինելը, նաև՝ քաղաքական պատճառներով, պատիվ է, երջանկություն է»։

Սրբազանը հայտարարեց՝ «ինչ ասել եմ, լավ եմ արել, կոչ էլ չեմ արել»։

Հիշեցնենք, որ Սրբազանը մեղադրվում է իշխանության զավթման կոչի համար։ Ըստ իրավապահների՝ «ԳԱԼԱ»  հեռուստաընկերության հեռարձակած տեսանյութը, որը սրբազանի հարցազրույցն է, իշխանությունը զավթելու կոչ է։

Այժմ դատավորը հեռացել է առանձին սենյակ՝ վերդիկտ կայացնելու, որը կհրապարակվի վաղը՝ ժամը 17:30-ին:

Նորություններ