Ջալալ Հարությունյանի դատավճիռը ստացել է օրինական ուժ․նա 5,5 տարվա ազատազրկման պատիժ կկրի․փաստաբան

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ կայացրած 5,5 տարի ազատազրկման ոոշումը մտել է օրինական ուժի մեջ, նրա վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանը մերժել է։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է տուժող կողմի իրավահաջորդների ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը։
«ՀՀ վճռաբեկ դատարանի 26.09.2025թ-ի որոշմամբ մեղադրյալ Ջալալ Հարությունյանի և նրա պաշտպանի վճռաբեկ բողոքն վարույթ ընդունելն մերժվել է և դատավճիռն ստացել է օրինական ուժ: Դատապարտյալ Ջալալ Հարությունյանը պատիժը կկրի համապատասխան քրեակատարողական հիմնարկում»,-գրել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ էր թողել Ջալալ Հարությունյանի գործով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, ըստ որի, ՊՆ նախկին հրամանատարը մեղավոր էր ճանաչվել ՀՀ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ դատապարտելով ազատազրկման՝ 5,5 տարի ժամկետով։
Գործը վերաբերում է 2020 թվականի հոկտեմբերի 12-ի Ցորի զորամասի Դ-20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման հետևանքով ունեցած կորուստներին։ Ըստ մեղադրանքի՝ Ջալալ Հարությունյանը համակողմանի չի ուսումնասիրել, չի մշակել իրադրության մասին ստացված տեղեկատվությունը, համապատասխան ծառայությունների սպաների հետ ստացված տեղեկությունը չի քննարկել, իր աշխատանքային քարտեզները չի ուսումնասիրել, բայց առանց հիմնավորման նշել է, թե մոտեցող խմբավորումը յուրային է։ Տեղեկությունը հաղորդվել է «Ցորի» դիվիզիոնի անձնակազմին, մինչդեռ մոտեցող խմբավորումը ադրբեջանական ստորաբաժանումն էր։ Այս ամենի հետևանքով զինվորները հայտնվել են հակառակորդի թիրախում՝ 20 զինծառայող է զոհվել, 7-ը՝ վիրավորվել, զորամասն անցել է Ադրբեջանի հսկողության տակ։