Անթալիայում «բախվել» են արտգործնախարարները. դիվանագիտական գագաթնաժողովի բանակցությունների արդյունքները | Region

Անթալիայում «բախվել» են արտգործնախարարները. դիվանագիտական գագաթնաժողովի բանակցությունների արդյունքները

Մարտ 04,2024 21:01

– Լավրովը կարող է գնալ Անկարա, բայց ոչ Բելգրադ:

– Ռուբինյան. Հայաստանի սահմանադրությունը խանգարու՞մ է խաղաղությանը:

Անթալիայում ավարտվել է միջազգային դիվանագիտության ամենամյա համաժողովը, որն անցկացվում էր մարտի 1-3-ը: Նման ֆորումի ընթացքում քաղաքական գործիչները, դիվանագետները և գիտնականները մտքեր և տեսակետներ են փոխանակում դիվանագիտության, քաղաքականության և բիզնեսի վերաբերյալ:

Ամփոփենք դիվանագիտական ֆորումի բանակցությունների արդյունքները։ Այս միջոցառումը ցույց տվեց թուրքական դիվանագիտության աճող ազդեցությունը։ Սա Դավոսի ֆորումի կամ Մյունխենի համաժողովի նման մի բան ստեղծելու փորձ էր։  Համաժողովի աշխատանքներին մասնակցել են ոչ միայն տարածաշրջանի պատվիրակությունները, այլև Արևմտյան և այլ երկրների ներկայացուցիչներ: Նախագահ Էրդողանն իր խոսքում նշել է, որ Թուրքիան առանցքային դեր է խաղում ժամանակակից համաշխարհային իրադարձություններում՝ զգալի ներդրում ունենալով բազմաթիվ մարտահրավերների դեմ պայքարում: Թուրքիայի ղեկավարի խոսքով՝ Թուրքիան ցուցաբերում է ակտիվ և բազմակողմանի քաղաքականություն՝ ուղղված իր շահերի պաշտպանությանը, խաղաղության և կայունության պահպանմանը, ինչպես նաև գլոբալ խնդիրների լուծմանը, ինչպիսիք են փախստականների թվի աճը և կլիմայի փոփոխությունը: Անկարան չի ցանկանում, որ տարածաշրջանում կրկին լարվածություն, ևս մեկ հակամարտություն առաջանա, որովհետև Թուրքիան հազարավոր խնդիրներ ունի երկրի ներսում, տարածաշրջանում, ինչպես նաև շատ լուրջ խնդիրներ ունի Արևմուտքի հետ։

Կարելի է ասել, որ այս համաժողովը ռուսամետ էր։ Չէ որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այլևս հրավեր չի ստանում մասնակցելու այնպիսի միջազգային համաժողովների, ինչպիսիք են Դավոսի, Մյունխենի միջոցառումները։  Իսկ Բալկանյան երկրները՝ Բուլղարիան, Չեռնոգորիան և Հյուսիսային Մակեդոնիան անգամ փակել են իրենց օդային տարածքը՝ արգելելով Ռուսաստանի արտգործնախարարի թռիչքը Սերբիա: Իսկ նա ոչ միայն հրավերներ է ստանում մասնակցելու Թուրքիայում կայանալիք դիվանագիտական ֆորումին, այլև բանավեճեր է վարում և իրեն ներկայացնում որպես աշխարհի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը։  Համաժողովի շրջանակներում ՌԴ ԱԳ նախարարը խոսել է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների հնարավորության մասին՝ պնդելով, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել բանակցություններից: Փոխարենը նա մեծ ուշադրություն է դարձրել Արևմուտքի դերին ուկրաինական և պաղեստինա-իսրայելական հակամարտություններում։

Ինչպես սովորաբար տեղի է ունենում միջազգային նման հարթակներում, յուրաքանչյուր բանախոս խոսել է իր ցավոտ խնդիրների մասին։

Այսպիսով, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի ներկայացուցիչները քննարկել են Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման հնարավորությունները և ինչպես միշտ՝ վիճաբանել։ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Գեյր Պեդերսենը կոչ է արել Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Թուրքիային և Իրանին վերադառնալ Սիրիայում բանակցային գործընթացին և մտածել՝ ինչպես հասնել խաղաղության։ Իսկ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ռուսներին եւ ուկրաինացիներին բանակցությունների կոչ է արել։

Ի դեպ, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հնարավորություն է ունեցել հանդիպել տարբեր երկրների իր գործընկերների հետ և քննարկել երկրների միջև քաղաքական երկխոսության ընդլայնման հետ կապված հարցեր: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր: Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին քննարկումները, ՀՀ կառավարության մշակած «խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, դրա տնտեսական առավելություններն ու ներդրումների հնարավորությունները:

Իսկ Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան հայտնել է, որ վրացական իշխանությունները հրավիրում են Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարությանը՝ խաղաղ համաձայնագրի եւ հայ-ադրբեջանական կարգավորման այլ ասպեկտների շուրջ Թբիլիսիում բանակցություններ վարելու:

Հարկ է նշել, որ համաժողովում բանավեճ է տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև, որը ևս մեկ անգամ հաստատում է Բաքվի և Երևանի միջև լուրջ հակասությունների առկայությունը: Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Հայաստանը շահագրգռված չէ խաղաղությամբ: Միաժամանակ նա հայտարարել է, որ Հայաստանի Սահմանադրության մեջ պետք է փոփոխություններ կատարվեն։

Ի պատասխան ՀՀ ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է՝ դրանք ոչ մի կապ չունեն իրար հետ: «Հայաստանի Սահմանադրությունը մեր ներքին գործն է»։

Ինչ վերաբերում է խաղաղ գործընթացին, ապա, ըստ նրա, կա 2 համաձայնեցված դրույթ այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ապագայում միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և չեն ունենա:

Հաջիևի խոսքով ՝ Ադրբեջանի համար Լեռնային Ղարաբաղի խնդիր չկա, հակամարտությունն ավարտված է: «Խաղաղությունը վերաբերում է Բաքվին և Երևանին, այն կապված չէ Փարիզի, Բրյուսելի կամ այլ վայրերի հետ։  Խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրի երկու երկիր»,-նշել է Հաջիևը։

Նշենք, որ անցյալ շաբաթ Freedom House-ը հրապարակել էր կազմակերպության զեկույցն ամբողջ աշխարհում ազատությունների մակարդակի վերաբերյալ։ Ուշագրավ է, որ զեկույցում գնահատական է տրվել 2023թ. սեպտեմբերի 20-ից հետո Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին: «Եվրասիայում 2023թ.-ին ազատության մակարդակի ապշեցուցիչ անկում արձանագրվեց՝ մեծամասամբ ադրբեջանական ռեժիմի կողմից Լեռնային Ղարաբաղի օկուպացիայի և էթնիկ հայ բնակչության արտաքսման պատճառով»:

Եթե Ալիևը գնացել է Ստեփանակերտ և այնտեղ քվեարկել է, դա չի նշանակում, որ այնտեղ մարդիկ են ապրում և հարգվում են մարդու իրավունքները։ Այսօր Արցախը փակ գոտի է։

Ադրբեջանում շատ են խոսում Ստեփանակերտում Ղարաբաղի համալսարանի հիմնադրման մասին։  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով՝ «Խանքենդիում» պետական համալսարան է հիմնադրվել, իհարկե, Արցախի պետհամալսարանի նոր և գերազանց վերանորոգված շենքում:

Ընդ որում, ադրբեջանցիները խոստանում են ուսումնական գործընթացը սկսել 2024/25 ուսումնական տարվա սեպտեմբերից։ Նախ 1000 ուսանող կսովորի 6 ֆակուլտետներում՝ 20 մասնագիտություններով։ Հետագայում ուզում են ուսանողների թիվը հասցնել 10.000-ի։  Ուսանողներին ներգրավելու համար բոլոր ցանկացողներին խոստանում են հանրակացարաններ տրամադրել, բոլոր ստուգարքներն ու քննությունները կհանձնվեն առանց դժվարության։ 1000 հոգանոց ուսանողների նախնական կազմը որոշել են լրացնել Ադրբեջանի այլ բուհերից ուսանողներ տեղափոխելով։ Հավանաբար, ալիևյան ռեժիմը չգիտի՝ ինչպես բնակեցնել Ստեփանակերտ քաղաքը, ուստի որոշել են սկսել պետհամալսարանից։

Բնիկ բնակչությունը՝ արցախցիները, վաղ թե ուշ վերադառնալու են իրենց հարազատ օջախներ։  Այդ վերադարձը հնարավոր է ամիսներ անց, Արցախի բնակչության հայրենիք վերադառնալու հարցն օրակարգում է, դրա վրա աշխատում են, արցախցիները շարունակելու են ապրել իրենց հայրենի հողում՝ անկախ և բարեկեցիկ:

 

Զաբելա Ավագյան

Նորություններ