Զգուշացում Ալիևին Եվրախորհրդարանից | Region

Զգուշացում Ալիևին Եվրախորհրդարանից

Մարտ 06,2024 14:55

– Ինչու Եվրախորհրդարանն ընդունեց Ադրբեջանի դեմ բանաձևը.

– Բաքվի դեմ պատժամիջոցներ կկիրառվե՞ն.

– Հավատու՞մ է արդյոք ԵՄ-ն Երևանի և Բաքվի միջև խնդիրների խաղաղ կարգավորմանը.   

Եվրախորհրդարանի պատգամավորները փետրվարի 28-ին Ադրբեջանի դեմ երկու կարևոր բանաձև են ընդունել: Եվրախորհրդարանը բազմիցս է բանաձևեր  ընդունել Բաքվի դեմ։

Ինչո՞վ են տարբերվում Եվրախորհրդարանի վերջին երկու բանաձևերը նախորդ բանաձևերից: Նշենք, որ Եվրախորհրդարանը մարդու իրավունքների խախտման համար Ադրբեջանի դեմ բանաձև է ընդունել, պահանջել է ազատ արձակել Ադրբեջանում ապօրինի բանտարկված ընդդիմադիրներին, դատապարտել Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ խախտումները, ինչպես նաև պահանջել է պատժամիջոցներ կիրառել Մարդու իրավունքների խախտումների համար պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ:

Այս անգամ բանաձևերն անդրադարձան արտաքին քաղաքականությանը և անվտանգությանը։  Մասնավորապես, Եվրախորհրդարանի բանաձևում ասվում է:

  1. «Անհապաղ պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ և կասեցնել էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության մասին Փոխըմբռնման հուշագրի գործողությունը»
  2. «Պատրաստ լինել քաղաքական և ռազմական ղեկավարության դեմ նպատակային և անհատական պատժամիջոցներ սահմանելուն և Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի դեպքում նավթի և գազի ներմուծումը կասեցնելուն»
  3. «Ուժեղացնել Հայաստանում ԵՄ առաքելության մանդատը, երկարացնել գործողության ժամկետը, ինչպես նաև դիտորդներ տեղակայել Թուրքիայի հետ սահմանին և թույլ տալ Ադրբեջանին Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությունը սահմանի իր կողմում և Լեռնային Ղարաբաղում»
  4. «Դադարեցնել Ադրբեջանի հետ գործընկերության նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները»:

 

Իհարկե, բանաձևերը որոշակի նշանակություն ունեն քաղաքական-դիվանագիտական ճնշումների տեսանկյունից, ինչպես նաև քարոզչական էֆեկտ են ունենալու։

Կակսկածներ կան, որ եվրոպացի քաղաքական գործիչներն ու պաշտոնյաները հայտարարություններից այն կողմ չեն գնա։

Բաքվի դեմ պատժամիջոցներ կիրառելու ԵՄ պատրաստակամությունը, ամենայն հավանականությամբ, Հարավային Կովկասում ամրապնդվելու նպատակ են հետապնդում։ Մինչ օրս Եվրախորհրդարանը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները օկուպացնելու համար Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ չի սահմանել: Դեռ թարմ են հիշողությունները, երբ եվրոպացի և ամերիկացի քաղաքական գործիչները հավաստիացնում էին, որ թույլ չեն տա էթնիկ զտումներ Արցախում և ագրեսիա նրա դեմ,  նաև Լաչինի միջանցքի ապաշրջափակման հետ կապված բազմաթիվ կոչերն ու պահանջները։

ԵՄ հայտարարություններից շատերը գործնական իմաստ չունեն և մնում են միայն թղթի վրա։ Կասկածներ կան նաեւ ադրբեջանական էներգակիրներից հրաժարվելու Եվրամիության պատրաստակամության և ցանկության մասով, որոնք այլընտրանք են ռուսականին։  Բաքուն այս ամենը լավ հասկանում է, ուստի կարող է իրեն թույլ տալ անտեսել եվրոպական կառույցների շատ որոշումներ։  Ի դեպ, Բաքուն ժամանակին կտրականապես հրաժարվել է իր մոտ տեղակայել Եվրամիության մոնիթորինգային առաքելությունը։  Ադրբեջանի կողմից նման արհամարհանքը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ իրական պատժամիջոցներ չեն կիրառվել։

Ինչ վերաբերում է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ընդլայնման եւ Թուրքիայի հետ սահմանի երկայնքով դիտորդների տեղակայման հնարավորությանը, ապա դա միանգամայն տեղավորվում է Հարավային Կովկասում եւ մասնավորապես Հայաստանում ներկայության ուժեղացման Բրյուսելի քաղաքականության մեջ: Եվրամիությունն ավելի ու ավելի է փորձում Հայաստանին ներգրավել իր ազդեցության ուղեծրում և զուգահեռաբար թուլացնել ռուսական ազդեցությունը տարածաշրջանում։ Հաշվի առնելով նաև այն, որ հայ-թուրքական սահմանին կանգնած են ռուս սահմանապահներ, դիտորդներ տեղակայելու մասին Եվրախորհրդարանի բանաձևը հակասում է հայ-ռուսական համապատասխան պայմանագրին: Բնականաբար, երկու բոլորովին տարբեր կենտրոնների ներկայացուցիչները չեն կարող նույն տեղում գտնվել։

Պետք է նշել, որ անպատժելիությունն Ալիևին դրդում է նոր հանցագործությունների։  Նա հաճախ է հանդես գալիս թշնամական հայտարարություններով, որպեսզի արդարացնի ռազմական ուժի հետագա կուտակումը, իսկ հետո ագրեսիա իրականացնի, քանի որ կարծում է՝ դա իր համար ոչ մի հետևանք չի ունենա:

«Արմենպրես»-ին տված հարցազրույցում ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն հայտարարել է. «պատժամիջոցներն ինքնին բոլոր խնդիրների լուծումը չեն, դա օժանդակ միջոց է այլ գործիքների հետ համատեղ, որոնք ԵՄ-ն նախընտրում է օգտագործել խնդիրները լուծելու եւ սպառնալիքներն ու մարտահրավերները վերացնելու համար: Եթե նայենք ԵՄ պատժամիջոցների կիրառման պատմությանը, ապա կտեսնենք, որ սովորաբար դրանց դիմում ենք ծայրահեղ դեպքում»:

Ի դեպ, հունվարի 24-ին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը 1 տարի ժամկետով ձայնի իրավունքից զրկել էր ադրբեջանական պատվիրակությանը: Ընդունված բանաձևում նշվում է. «Ադրբեջանն ի վիճակի չէ կատարել իր հիմնական պարտավորությունները Եվրոպայի Խորհրդին անդամակցելուց հետո ավելի քան 20 տարի։ Շատ լուրջ մտահոգություններ են մնում ազատ և արդար ընտրությունների անցկացման հնարավորության, խորհրդարանի անկախության, դատական իշխանության և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի վերաբերյալ»:

Իհարկե, ոչ բոլոր հարցերն են լուսաբանվում ԶԼՄ-ներում, առաջին հերթին ՝ ադրբեջանական ԶԼՄ-ներում։ Արդյո՞ք Եվրախորհրդարանը պատժամիջոցներ կկիրառի Բաքվի դեմ, երբ մի կողմից կոնկրետ դիվանագիտական բանակցություններ են ընթանում Հայաստանին ռազմական, քաղաքական և դիվանագիտական օգնությունն ուժեղացնելու, մյուս կողմից՝ Ադրբեջանի վրա ճնշումներն ուժեղացնելու նպատակով։

 

 

  Զաբելա Ավագյան

Նորություններ