«Ուժեղ Հայաստան»-ը հայտարարում է ընտրություններին դաշինքով մասնակցելու մասին, «դռները բացում է բոլոր նոր ուժերի համար»
Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին դաշինքով մասնակցելու մասին: Կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը սոցիալական ցանցում հայտարարել է՝ «Ուժեղ Հայաստանը» «դռները բացում է բոլոր նոր ուժերի առջև, որոնք ցանկանում են միավորվել և փոխել Հայաստանի ընթացքը»:
Ռուսաստանցի միլիարդատեր գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, այժմ տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանի առաջնորդած այս ուժի ներկայացուցիչները չեն մանրամասնում՝ արդյոք կա՞ն բանակցություններ այլ ուժերի հետ, ում հետ են բանակցում և այլն։
Հայ Ազգային կոնգրեսը բացահայտ հայտարարել է, որ կուզեն «Ուժեղ Հայաստանի» հետ մասնակցել ընտրություններին։ Սակայն, նկատենք, որ Նարեկ Կարապետյանն իր հայտարարության մեջ շեշտում է, որ կուսակցությունը դռները բացում է նոր ուժերի առջև։
Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստանի» վարչապետի թեկնածուն է Սամվել Կարապետյանն է, սակայն կա իրավական խոչընդոտ, Սամվել Կարապետյանը չի կարող պաշտոնապես առաջադրվել ոչ վարչապետի և ոչ էլ պատգամավորի թեկնածու, քանի որ նա Հայաստանից բացի, նաև Ռուսաստանի ու Կիպրոսի քաղաքացի է:
