Պետական դավաճանության մեջ մեղադրվող ԱԳՆ աշխատակից Աշխեն Ալեքսանյանն արդարացվեց. փաստաբան
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի Քրեական Դատարանը (նախագահող՝ ԱՆԻ ԴԱՆԻԵԼՅԱՆ) ՀՀ ԱԳՆ աշխատակից Աշխեն Ալեքսանյանի վարույթով հրապարակեց վերդիկտ, ըստ որի Ալեքսանյանն իրեն մեղսագրվող ՀՀ Քր. Օր.-ի 418-րդ հոդվածով, (ազատազրկում՝ 15-20 տարի կամ ցմահ) այլ կերպ ասած՝ պետական դավաճանության մեղադրանքով Ալեքսանյանն ԱՐԴԱՐԱՑՎԵՑ։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է փաստաբան Աբգար Պողոսյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Ըստ Դատարանի՝ վերջինիս գործողություններում առկա էր ՀՀ Քր Օր.-ի 441-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված արարք (առավելագույնը՝ 4 տարի ազատազրկում)։
Թեպետ պաշտպանական կողմը ևս կբողոքարկի դատավճիռը վերաքննիչ քրեական դատարանում, այնուամենայնիվ ցանկանում ենք հատուկ շնորհակալություն հայտնել Դատարանին՝ անկողմնակալ, օբյեկտիվ և անաչառ քննության համար»։
Փաստաբանը նաև նկատել է, որ փաստորեն, Աշխեն Ալեքսանյանը ենթարկվել է հանիրավի հանրային պարսավանքի, լուսանկարներ են տարածվել, անմեղության կանխավարկածն է խախտվել, իրականության հետ կապ չունեցող տեղեկություններ են շրջանառության մեջ դրվել։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ աշխատակիցը լրտեսություն է արել, հնարավորություն տվել օտարերկրացուն ծանոթանալու պետական գաղտնիքի հետ:
