Հայաստանի հավաքականը տարվա առաջին խաղում զիջեց Բելառուսին
Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացավ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի՝ այս տարվա առաջին հանդիպումը։ Մեր ընտրանին սեփական հարկի տակ մրցեց Բելառուսի ազգային հավաքականի հետ։
Հանդիպումը մեկնարկեց ոչ միայն խաղադաշտում, այլև տրիբունաներում ծավալված իրադարձություններով։ Ազգային հավաքականի երկրպագուների հիմնական՝ ՖԱՖ և «Ռեդ Իգլս» ֆան-շարժումները խաղի մեկնարկին բողոքի ակցիա իրականացրին՝ պահանջելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հրաժարականը։
Խաղն անհաջող սկիզբ ունեցավ մերոնց համար։ Արդեն 7-րդ րոպեին հյուրերին հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ. Բելառուսի հավաքականի ավագ Յաբլոնսկին գրավեց Հայաստանի դարպասը՝ բացելով հանդիպման հաշիվը (0:1):
Երկրորդ խաղակեսում մարզչական շտաբը դիմեց փոփոխությունների։ 63-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի կազմում փոխարինման դուրս եկավ Ֆինն Գերագուսյանը՝ փորձելով ակտիվացնել խաղը առջևի գծում։ Սակայն, չնայած գործադրված ջանքերին, հաջողությունը կրկին հյուրերի կողմն էր։
72-րդ րոպեին Գերման Բարկովսկին կրկնապատկեց Բելառուսի հավաքականի առավելությունը՝ էլ ավելի բարդացնելով հայկական թիմի խնդիրը (0:2):
Հանդիպման վերջնամասում Հայաստանի հավաքականին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը։ 88-րդ րոպեին դաշտի տերերը 11-մետրանոց տուգանային հարվածի իրավունք վաստակեցին, որն անվրեպ իրացրեց Վահան Բիչախչյանը: Այդուհանդերձ, խաղն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 1:2 հաշվով:
