Սխալ կահավորանքը՝ ՃՏՊ-ների և վրաերթերի պատճառ. ՀՀ-ում 2023 թ.-ին վրաերթի հետևանքով մահացել է 108 մարդ | Region

Սխալ կահավորանքը՝ ՃՏՊ-ների և վրաերթերի պատճառ. ՀՀ-ում 2023 թ.-ին վրաերթի հետևանքով մահացել է 108 մարդ

Հունվար 19,2024 20:28

ՀՀ ՆԳ նախարարության տվյալներով՝ 2023 թ.-ին ՀՀ-ում գրանցվել է 108.194 ճանապարհատրանսպորտային պատահար, ոչ սահմանված վայրից փողոցն անցնելիս՝ վրաերթի է ենթարկվել ու մահացել 108 քաղաքացի:

Գյումրիում, ըստ վիճակագրության, անցած տարի գրանցվել է 1081 ճանապարհատրանսպորտային պատահար, 185 մարդ մարմնական վնասվածքներ է ստացել, 8 քաղաքացի մահացել է: 2023 թվականին Գյումրիում վրաերթի 53 դեպք է գրանցվել, որի հետևանքով 4 մարդ է մահացել: Վրաերթերի դեպքերը նվազեցնելու նպատակով պարեկային ծառայությունը 2024 թվականից իրականացնում է ուժեղացված ծառայություն և նախազգուշացումներից հետո վարչական տույժ է կիրառում իրավախախտ հետիոտների նկատմամբ:

ՀՀ ՆԳ նախարարության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի ծառայության ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Աղասի Խաչատրյանի հավաստմամբ, այս տարվա 18 օրերի ընթացքում ոչ սահմանված վայրից փողոցն անցնելու համար Գյումրիում 415 քաղաքացի է տուգանվել: Եթե քաղաքացին չի ենթարկվում լուսացույցի ազդանշանին և հատում է փողոցը, ապա այդ դեպքում սահմանված տուգանքի չափը 3000 դրամ է, իսկ եթե ոչ հետիոտնային անցումով է փողոցն հատում, ապա՝ 5000 դրամ:

«Իքս-դրայվ» ավտոդպրոցի Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Արմեն Պողոսյանի խոսքով՝ Գյումրիի փողոցները ճանապարհատրանսպորտային երթևեկության նշաններով բավականին կահավորված են, քաղաքապետարանը մեծ գումար է ծախսել այդ աշխատանքների համար, բայց արվել են գործեր, որոնք չեն համապատասխանում սահմանված չափորոշիչներին: Օրինակ, ներկերը շուտ են ջնջվում, ուշացած թարմացվում, որոշ տեղերում հետիոտների համար նախատեսված անցումները շատ հեռու են միմյանցից, մարդիկ ընկնում, անցումներ են փնտրում, կամ կանգառի կետի նշանները չկան և այլն: Այս ամենի պատասխանատուն Գյումրիի քաղաքապետարանն է:

Ըստ Պողոսյանի՝ կան դեպքեր, որ ավելի լավ է ընդհանրապես նշաններ չլինեն, քան սխալ լինեն: Խնդրանք է ուղղում ՏԻՄ-երին. նշանների մասով պահել համապատասխան չափորոշիչները, կահավորման աշխատանքները կատարելիս՝ համալիր համաձայնեցնել ճանապարհային ոստիկանության հետ:

Փաստաբան Հայկ Հարությունյանն էլ հաստատում է, որ ճանապարհային սխալ նշանների պատճառով քաղաքացուն վրաերթի ենթարկող վարորդը կարող է խուսափել պատասխանատվությունից:

Գյումրու համայնքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետի տեղակալ Հարություն Մխիթարյանը նշում է, որ ոստիկանության հետ համաձայնեցվում են կահավորումները, բայց քիչ չեն դեպքերը, երբ ավտովթարից հետո կողմերը փոխհամաձայնության են գալիս ու հանում ճանապարհային նշանը, որպեսզի խուսափեն պատասխանատվությունից: Իսկ քաղաքապետարանը, ըստ պատասխանատուի, դա վերահսկել չի կարող, քանի որ տեսանկարահանող սարքավորում չկա: Բացի դրանից, ըստ Հարություն Մխիթարյանի, թեև նշանների տեղադրումը համաձայնեցնում են ճանապարհային ոստիկանության հետ, բայց գերակայող է մնում քաղաքապետարանի դիրքորոշումը, քանի որ փողոցների, այսպես ասած, սեփականատերը համարվում է քաղաքապետարանը:

Խնդիրը նաև պայմանավորված է այն հանգամանքով, որ փողոցների կառուցապատման նախագծեր կազմելիս, ճանապարհային նշանների առկայությունը հաշվի չի առնվում, իսկ երբ փողոցն արդեն պատրաստ է լինում, նշաններն են փորձում հարմարեցնել փողոցին, և ոչ հակառակը:

Աղասի Խաչատրյանի խոսքով՝ վարչական տույժ կիրառելու են այն փողոցները հատող հետիոտների նկատմամբ, որտեղ որ կան գծանշումներ, իսկ որտեղ գծանշումներ չկան, հետիոտները ազատ կարող են փողոցը հատել որտեղով ուզենան, նրանց չեն տուգանի:

Փաստաբան Հայկ Հարությունյանի խոսքով, եթե հետիոտը փողոցն անցնում է ոչ սահմանված տեղով, ապա դա բավարար չէ, որ նրան վրաերթի ենթարկած վարորդը խուսափի պատասխանատվությունից: Այս ուղղությամբ քրեական իրավակարգավորումներ կան:

Համապատասխան վիճակագրություն չկա, բայց փաստ է այն, որ դեպքեր են եղել, երբ ճանապարհային նշանների սխալ կահավորանքը Գյումրիում ՃՏՊ-ների և վրաերթերի պատճառ է դարձել:

Կարինե Կազարովա

 

Նորություններ