Թուրքիան պետք է ապաշխարի հայ ժողովրդի առաջ | Region

Թուրքիան պետք է ապաշխարի հայ ժողովրդի առաջ

Ապրիլ 25,2024 23:07

– Բագրատ Էստուկյան. «քանի դեռ Էրդողանը Թուրքիայի նախագահն է, չի լինելու սահմանի բացում և Հայաստանի հետ հարաբերությունների վերականգնում».

– Լեմկինի ինստիտուտ. Ալիևն ատում է հայերին այնպես, ինչպես երիտթուրքերը.    

Ապրիլի 24-ին ամբողջ աշխարհի հայերը նշեցին Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը: Թուրք հայտնի արձակագիրներ Օրհան Փամուկը և Էլիֆ Շաֆաքը համարձակորեն դատապարտել են Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի կեղծարարությունները և իրենց հայրենիքում բազմաթիվ մեղադրանքների արժանացել: Սա ընդամենը թուրք մտավորականության փոքր ցուցակն է, որը դեմ է իր պետության քաղաքականությանը։ Ուստի նրանց մեծ մասը չի ապրում իր պատմական հայրենիքում։ Իսկ նրանք, ովքեր կատարել են այդ հանցագործությունը, այդպես էլ պատասխանատվության չեն ենթարկվել: Իրար հաջորդող թուրքական կառավարությունները ժխտում են Հայոց ցեղասպանությունը, և մինչ օրս նյարդայնացած են արձագանքում ցեղասպանության մասին ցանկացած հիշատակման, մեծ գումարներ են ծախսում այն ժխտելու գովազդային արշավների վրա։  Իսկ նրանք, ովքեր հրապարակայնորեն ժխտում են Թուրքիայի այդ դաժան ու անմարդկային արարքը, օգնում են այդ երկրի իշխանություններին վերաշարադրել պատմությունը, օգնում են արդարացնել այն հանցագործությունները, որոնք հետագայում կարող է կատարել թուրքական ռեժիմը։

Անմեղ մարդկանց սպանությունը բոլոր հանցագործություններից ամենածանրն է և վաղեմության ժամկետ չպետք է ունենա։

Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության տարելիցին, Թուրքիայի նախագահ Էրդողանը Ստամբուլի հայոց պատրիարքին և հայ համայնքին ուղղված ուղերձում կրկին խուսափել է իրական գնահատական տալ կատարված հանցագործությանը՝ հայտարարելով. «Օսմանյան կայսրության քաղաքացի հայերը զոհվել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ առաջացած ծանր պայմանների հետևանքով»:

Էրդողանը Հայաստանի իշխանություններին կոչ է արել կողմնորոշվել առկա իրողությունների հիման վրա՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ մշակելու համար։  «Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում։ Ժամանակն է մի կողմ դնել անհիմն հիշողությունները, ավելի լավ է գործել՝ ելնելով ներկա ժամանակի իրողություններից։  Հիմա Փաշինյանն էլ է դա հասկանում։ Այժմ ժամանակն է իրատեսական հիմքի վրա ստեղծել նոր ճանապարհային քարտեզներ: Ես հույս ունեմ, որ Հայաստանը կազատվի այն խավարից, որի մեջ իրեն ձգել է Սփյուռքը, եւ կընտրի նոր սկիզբների ուղին պայծառ ապագայի համար», – նշել Է Էրդողանը։

Մեկնաբանելով Էրդողանի հայտարարությունը՝ Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը նշել է. «Թուրքիայի հետ հարաբերություններ կառուցելիս պետք է ճիշտ գնահատել սեփական ուժը։  Հիմա մենք՝ որպես անկախ պետականություն, կարող ենք հարաբերություններ զարգացնել բոլոր երկրների հետ, բայց մեծ հիասթափություն կապրենք, եթե երկրի անվտանգությունը փոխանցենք որևէ պետության։ Ինչպես մեր շահերը կթելադրեն, այնպես էլ մենք պետք է վերաբերվենք Թուրքիային։ Թուրքիան մեծ տերություն է, և նրա հետ հարաբերությունների զարգացումը բարենպաստ կլինի, բայց արդեն 30 տարուց ավելի է Թուրքիան թշնամական վերաբերմունք է ցուցաբերում մեր նկատմամբ, և մենք հիմա հանուն այդ հարաբերությունների ոչինչ չպետք է քննարկենք։  Հարաբերությունները սառեցված են ոչ թե մեր կամքով, այլ Թուրքիայի որոշմամբ։  Հենց Թուրքիան է հրաժարվում Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց»:

Բագրատ Էստուկյանը նաև ընդգծել է. «քանի որ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել զարգացնել հարաբերությունները Թուրքիայի հետ, ապա նույնը պետք է անի նաև Թուրքիան։  Պետք չէ հուսալ, որ Արեւմուտքը կարող է ազդել Թուրքիայի վրա Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում։  Արևմուտքը չի կարող ուժ կիրառել Թուրքիայի նկատմամբ։ Այժմ մենք տեսնում ենք, որ Թուրքիան, օրինակ, մերժում է մարդու իրավունքների վերաբերյալ Եվրոպայի որոշումները, քանի որ Արևմուտքը այդ երկրից որոշակի օգնություն է ակնկալում։  Օրինակ, Թուրքիայում կան միլիոնավոր սիրիացի, աֆղան կամ այլ փախստականներ, և Թուրքիայի ձեռքում դա խաղաքարտ է Եվրոպայի դեմ, քանի որ Թուրքիան կարող է այդ փախստականներին ուղարկել Եվրոպա: Սա առիթ է տալիս, որ Թուրքիան ավելի համարձակ խոսի Եվրոպայի հետ»։

Էստուկյանի կարծիքով՝ քանի դեռ Էրդողանը Թուրքիայի նախագահն է, չի լինի սահմանի բացում և Հայաստանի հետ հարաբերությունների վերականգնում։ «Հայ-թուրքական հարաբերություններն այս կերպ չեն կարող զարգանալ, անհրաժեշտ է, որ Թուրքիայում տեղի ունենա իշխանափոխություն և նոր կառավարությունն ավելի ժողովրդավար լինի, և միայն այդ կերպ հայ – թուրքական հարաբերությունները կբարելավվեն», – նշել է «Ակոս» թերթի խմբագիրը։

Թուրքիայի խորհրդարանի նախկին հայազգի պատգամավոր Կարո Փայլանը սոցցանցում գրել է. «109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը։ Սկզբում հայ մտավորականությունը, ապա նաև ողջ հայ ժողովուրդը վտարվեց իր հողերից և ոչնչացվեց։ Ես դատապարտում եմ Հայոց ցեղասպանության մեղավորներին։ Թուրքիայում 109 տարի անց մենք քայլում ենք ցեղասպանության ճարտարապետ Թալեաթ փաշայի անունով փողոցներով և երեխաներին կրթում Թալեաթ փաշայի անվան դպրոցներում»:

20-րդ դարի հայ ժողովրդի ցեղասպանությունը շարունակվում է քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ՝ 21-րդ դարասկզբին: Հատկանշական է, որ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի համատեքստում Newsweek պարբերականը մեծ հոդված է հրապարակել Ադրբեջանի հակահայկական քաղաքականության մասին։ Հոդվածի հեղինակը Լեմկինի ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն Էլիզա ֆոն Յոդեն-Ֆորգին է: Հոդվածում ասվում է. «ողբերգությունն այն է, որ օսմանյան թուրքերի կողմից Հայոց ցեղասպանության սկսվելուց 109 տարի անց, մի իրադարձություն, որն ամբողջ աշխարհում նշվում է ապրիլի 24-ին, հայերը դեռ ենթարկվում են հարձակումների: Մենք Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտում (հիմնված է Ֆիլադելֆիայում), որի առաքելությունն է կանխել նման չարիքի կրկնությունը, սարսափով հետևում ենք, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները պարբերաբար վայրագություններ կատարում իրենց ճիրաններում հայտնված հայ զինվորների և քաղաքացիական անձանց նկատմամբ, այդ թվում ՝ գլխատումներ, խեղումներ, նվաստացումներ և սեռական բռնություններ, որոնք հաճախ տեսագրվում և հրապարակվում են սոցիալական ցանցերում»: (https://www.cftjustice.org/the-planning-inciting-ordering-instigating-and-implementing-of-genocide-by-president-ilham-aliyev-and-other-high-ranking-officials/ «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի այս օրը ցանկանում եմ ընդգծել, որ ցեղասպանական ռեժիմներն իրենց չարիքն իրականացնում են տարբեր ձևերով, և դրանցից մեկը ժողովրդի մշակույթը ոչնչացնելու փորձն է: Ադրբեջանը նաև փորձում է ջնջել և վերաշարադրել հայկական քրիստոնեական պատմությունը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայացքները հայերի նկատմամբ շատ նման են երիտթուրքերի պանթուրքիստական գաղափարախոսությանը, որոնք ոչնչացրեցին հայկական ներկայությունն Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ ավելի քան մեկ միլիոն հայեր սպանվեցին այն հողերում, որտեղ նրանք ապրել են հազարամյակներ: Ինչպես և երիտթուրքերը, Ալիևն էլ ատելություն է արտահայտում հայերի նկատմամբ, հինավուրց ժողովրդի, որը սերտորեն կապված է իր քրիստոնեական ինքնության հետ, որպես էթնոկրոնական խմբի», – նշվում է հոդվածում։

 

Զաբելա Ավագյան

Նորություններ