Սեպտեմբերյան պատերազմի կանաչ զոհերը․ ներպետական կառույցները հաշվում են վնասը, բայց հապաղում այլ հարցերում | Region

Սեպտեմբերյան պատերազմի կանաչ զոհերը․ ներպետական կառույցները հաշվում են վնասը, բայց հապաղում այլ հարցերում

Մայիս 07,2024 11:55

Ջերմուկը, որը ժամանակին առողջարանական քաղաք էր, այժմ կրում է պատերազմի անողոք սպիները: Մեկ տարուց ավելի նրա բնակիչների աչքերը հառած են կորցրած արոտավայրերին. դրանք կա՛մ թշնամու կողմից գրավված, կա՛մ մշտական ​​սպառնալիքի տակ գտնվող տարածքներն են: 2022 թվականի սեպտեմբերի 13-ի Ադրբեջանը հարձակում գործեց նաև ՀՀ Վայոց ձորի մարզի վրա… այնտեղ դեռևս պահպանվում է պատերազմի հետքը։

Ջերմուկցիներն արդեն տևական ժամանակ իրենց խոտհարքներից, անասնապահական գոտիներից զրկված են․ դրանք կամ Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության կամ  նշանառության տակ են։ 2022-ի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի հարձակման հետևանքով Հայաստանի մի շարք բնակավայրեր ունեցան տարածքային, ռեսուրսային կորուստներ։ Ռազմական գործողությունների հետևանքով շուրջ 3 օր ինտենսիվ վառվում էին Ջերմուկ քաղաքին հարակից անտառային հատվածն ու որոշ հողատարածքներ։ Բնակիչների վկայությամբ՝ կրակը հասել էր քաղաք, մտել բնակիչների տներ կամ այլ շենքեր։

 Պատերազմի կրակոտ օրերը՝ առաջին դեմքով

Մահապարտների խումբը՝ այսկերպ էին իրենք իրենց կոչում, 2023-ին սար չբարձրացավ․ մանդիկը, շուշանը, անթառամը մնացին մայր հողում, բայց թշնամու նշանառության տակ։

Մահապարտների ջոկատի առաջամարտիկներից Անահիտ Ստեփանյանը կանգնել է Կեչուտի հնարավոր ամենաբարձր տեղում, թվում է՝ ցուցամատով հասնելու չափ հեշտ է հասնել  իրենց ջոկատի սիրելի հավաքատեղին, կկոցում է աչքերը, ձեռքը տանում ծնկներին․ «Ամենալավն էնտեղ էր․․ է՜հ, երկիր, դուրան, դուրան, մնաց շան բերան»։

Երբեմնի պարարտ հողերը, որոնք այժմ գրավված են թշնամու կողմից, ծառայում են որպես ցավալի հիշողությունների պատկերներ։ Այժմ  դաշտերն անհասանելի են նրանց համար, ովքեր ժամանակին խնամում էին դրանք: Անահիտը վերհիշում է այն ժամանակները, երբ ալագյազը, ավելուկը, մանդիկը հավաքելը ոչ միայն ապրուստի միջոց էր, այլև սերնդեսերունդ փոխանցված նվիրական ավանդույթ։

Անահիտը երևի զենք էլ կվերցներ, եթե դրա կարիքը լիներ, բայց  Ջերմուկն աշխարհի ամենախաղաղ տեղն էր: Մահապարտների խումբը սուր զենք՝ դանակ էր վերցնում միայն գարնանը, 30 հոգի էին ու մեծ «Կամազի» վարորդը, ով համբերատար դիմանում էր 30 «զինված» կանանց։ Եթե իմանային, որ հետո էլ հնարավոր չի լինի բարձրանալ, դաշտի բոլոր անկյունները, ծաղիկների բոլոր գույները կնկարեին,- ասում է Անահիտ Ստեփանյանը։

«Բոզուղգյուշ ենք ասում տեղը, որտեղից բանջարն էինք հանում, հիմա թուրքը նստած ա էնտեղ, իրավունք չունենք գնալու։ Շատ-շատ 1-2 կմ գնանք, որտեղ մեր սահմանն ա, մեր զինվորն ա նստած։ Ալագյազ էինք հավաքում, ավելուկ, մանդիկ, ծաղիկներ, ամեն ինչ։ 3-4 մեքենա էր լցվում ժողովուրդը, գնում էին, հավաքում, իրիկունը գալիս էինք։ Արդեն 50 տարի բերում են, հանձնում են մանդիկը, իրանց բանջարը, կիլոյով ենք ծախում, էդ մեր առօրյան ու ապրելակերպն էր, դրանով էր մեր ժողովուրդը ապրում, հիմա էլ չկա։ Էս տարի ճիշտ ա գնացել են, բայց շատ քիչ, ռիսկ չէին անում գնալ, եթե գնում էլ են, մինչև պոստեր են գնում, հավաքում և գալիս են»։

Կեչուտը Ջերմուկից 3 կմ է հեռու։ Սեպտեմբերի 13-15-ը, երբ ինտենսիվ հրետակոծվում էր Ջերմուկն ու հարակից գյուղերը, ոմանք միացել էին զինվորներին, ոմանք զինվորների համար ճաշ էին եփում, մի քանիսը՝ ընտանիքների հետ գնացել համեմատաբար խաղաղ բնակավայրեր։

Անահիտենց տունը գյուղի ծայրին է, ինչպես կյանքի 68 տարիների բոլոր լուսաբացներին, սեպտեմբերի 13-ին էլ ոչ մի քայլ Ջերմուկից չի արել։ Կարևորը երիտասարդները փրկվեին,- ասում է Անահիտը։ Պատերազմից հետո շատ բան է փոխվել, ամենասուրը խոտհարքների, անասունների հարցն է, եթե առաջ մի քանի նախիր էր դուրս գալիս գյուղից, հիմա բարակել, դարձել է մի քանի կովից բաղկացած խումբ, իսկ անասնապահությունն ու բանջարհավաքությունն այս տարածաշրջանի մարդկանց եկամտի հիմնական աղբյուրն են․

«էն ժամանակ անասունի համար թել էին առնում, որ տուկը կապեն, խոտ էին քաղում, փող էին տալիս քաղողին, տեղափոխողին, փող էին ստեղծում, հիմա անասունն էլ, խոտհունձն էլ գյուղից վերանում է. 200-300 անասուն էր անցնում մենակ մեր թաղից, հիմա մնացել ա 50-ը, պատերազմը սկսվեց, անասունը վերացավ, որտեղ որ թուրքերը նստած են, մեր ժողովուրդը էնտեղից խոտհարք էր բերում, հիմա ոչ կարան բերեն, ոչ էլ պահեն, վերացնում են սաղ։ Էս տարի գնացել են, բայց մեր զինվորներից հեռու չեն գնացել․ մոտիկ են, դաժան ա, մեր ժողովուրդը հիմա ապրելակերպ չունի»։

Անահիտի կանգնած տեղից ուղիղ գծով ներքև նրանց հողամասն է։ Այս տարի միայն կարտոֆիլի բերքն է փայլում արևի տակ, բալենիներն ու մյուս ծառերը վնասվել են սեպտեմբերին ընկած արկից ու դարձել անպտղատու։ Անահիտի ամուսինը անշտապ ջրում է կարտոֆիլի մարգերը ու ասում՝ գյուղում տուն չկա, որ մի վնաս ունեցած չլինի։

Բոլոր պատերազմների չգրանցված զոհը բնության վնասները մանիպուլացվում են  

ԱԻՆ-ը 2022 թ․-ի սեպտեմբերի 13-ից հետո պարբերաբար հրապարակում էր վառված տարածքների մակերեսները։ Ըստ այդ հրապարակումների, վերջին տվյալներով՝ ՀՀ ԶՈՒ-երի կողմից չդիտարկվող տարածքներում վառվել էր մոտ 300 քմ խոտածածկույթ, անտառային հատվածի վնասները հաշվարկվում էին 10 հա մակերեսով։

Արբանյակային քարտեզներն ու մասնագիտական ուսումնասիրություններն այլ թվեր են նշում։

Ըստ Շրջակա միջավայրի նախարարության՝ 2023թ-ի մարտի 6-ի տվյալների՝ Վայոց ձորում վառվել է մոտ 890 հա տարածք, որից 636 հա՝ շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի «Ջերմուկ» ջրաբանական պետական արգելավայրում, 10 հա՝ անտառածածք՝ անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղում։ Այսինքն՝ հակառակորդը նշանառել է հատուկ նշանակություն ունեցող բնության հուշարձանները։

ԱԻՆ-ը նույն տարվա նույն ամսին փոխանցել է, որ Ադրբեջանի կողմից զինված հարձակման հետևանքով առաջացած հրդեհների պատճառով այրվել է մոտ 8300 քմ խոտածածկ և 5500 քմ անտառային տարածք։

Պատասխանատու երկու գերատեսչությունների թվերը խիստ տարբեր են։ Վառված տարածքներն առավել ճշգրիտ ցույց է տալիս արբանյակային NASA FIRMS քարտեզը, որից պարզ է դառնում ՝ երկու գերատեսչություններն էլ ավելի քիչ են ներկայացրել վնասները։

Շրջակա միջավայրի նախարարությունն ի պատասխան մեր հարցմանը նշել էր, որ  հիմնականում Կարմիր գրքում գրանցված գիհիներ են եղել, բայց դրա մասին տեղեկություն չկա՝ ինչ վնաս է կրել, քանի որ տարածքը Ադրբեջանի զինված ուժերի նշանառության տակ է։ Ըստ ՇՄՆ-ի, պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական ագրեսիայի հետևանքով այրվել են  կաղնու, սոճու, խնձորենու ծառեր, ինչպես նաև Կարմիր գրքում գրանցված  էնդեմիկ ծառատեսակներ հանդիսացող վայրի տանձենիներ, մասրենիներ։  Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից ուսումնասիրված 7 հա-ի վրա հաշվառվել է 728 այրված ծառ և կատարվել է բնությանը պատճառված վնասի հաշվարկ։

Ռազմական ագրեսիայի  բնապահպանական հետևանքները պարզելու նպատակով «Հայանտառ ՊՈԱԿ»-ի Ջերմուկի անտառտնտեսության հրդեհված տարածքներում Տեսչական մարմինն արձանագրել է թվով 728 տարբեր տեսակի այրված ծառ։

Ըստ Տեսչական մարմնի՝ բուսական աշխարհին պատճառված վնասի չափը կազմել է 35656000  դրամ։ ՀՀ քննչական կոմիտե են ուղարկել նախապատրաստված նյութերը՝ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի  387-րդ հոդվածի հետագա ընթացքը լուծելու համար։

Քննչական կոմիտեն անպատասխան է թողել մեր այն հարցերը, թե ո՞ւմ դեմ է հարուցված քր․գործը, ո՞վ է քննիչը, ի՞նչ հանգամանքներ են ի հայտ եկել։ Ակնհայտ է, որ այս հանցագործության պատասխանատուն Ադրբեջանն է, սակայն ինչպես նախորդ հանցագործությունները, այս մեկն էլ քննվում, պարզաբանվում, քննարկվում է, բայց որոշումներ ու պարտադրանքներ չկան։

Բնապահպանական դիվանագիտությունը ևս փակուղում է Հայաստանը պասիվ պաշտպանվողի դիրքերում է

Բնապահպան-իրավաբան, միջազգային բնապահպանական իրավունքի մասնագետ Նազելի Վարդանյանը, մինչև միջազգային ատյաններում արդարատատության հասնելը, կարևորում է ներպետական պատասխանատու կառույցների բարեխիղճ աշխատանքը․

«Ինչ-որ հաշվարկում են, դա մի քանի անգամ ավելի պակաս է, քան իրականում կա, որովհետև մեր մոտ էկոլոգիական վնասի հաշվարկի մեթոդիկա այդպես էլ չմշակվեց և կառավարությունը չհաստատեց, և հաշվարկվում է զուտ այդ  ծառի արժեքը, կամ բույսի արժեքը, այն, ինչ օրենքով սահմանված է, ինչ որ գնացուցակ կա ու դրանով հաշվարկում են։ Ինչքանով է դա համապատասխանում  իրականությանը , չեմ կարող ասել, բայց անտառը էկոհամակարգային ֆունկցիա է կատարում, այսինքն կլիմայակարգավորիչ ջրապաշտպան հողապարշտպան, դա կենդանիների ու բույսերի աճելավայրն է և բնակատեղին, ու եթե այդպիսի էկոհամակարգային գնահատում անեին, մի քանի տասնյակ անգամ ավելի մեծ թիվ կստացվեր»։

Միջազգային մակարդակով Ադրբեջանից ինչ-որ բան պահանջելու համար նախ պետք է հանգամանալից, փաստական ու համոզիչ հիմնավորումներ ունենալ։ Տեսչական մարմինների ստուգումները ոչ թե ինքնանպատակ պետք է լինեն, այլ հիմք պետք է լինի բարձր ատյաններում մեր շահերը պաշտպանելու համար։ Վարդանյանի խոսքով՝ Հայաստանը լրիվ այլ ճանապարհով է գնում․

«Ինչքան էլ գլուխներս ավազի մեջ պահենք, մեկ է Ադրբեջանը շատ ագրեսիվ գործընթացներ է անում, մենք գոնե պետք է հակընդդեմ հայցեր կամ հակափաստարկներ կամ մեր կողմից նոր  նախաձեռնություններ ունենանք, և ինչ-որ ձևի հակազդենք էդ գործողություններին ինչ-որ արվում է Ադրբեջանի կողմից, բայց մենք միայն ինչ-որ պաշտպանողական դիրքում ենք, որը երբեք չի արդարացվում, որովհետև նման դեպքերում հարձակումն ավելի արդարացված է, քան պաշտպանողական դիրք բռնելը,  մանավանդ որ մենք ունենք բավականին  հնարավորություններ և փաստեր, որով կարելի է դիմել և վնասի հատուցում ստանալ»։

Վարդանյանն անձամբ է այցելել Ջերմուկ, ծանոթացել ստեղծված իրավիճակին։ Բացի գյուղատնտեսական, անտառային վնասներից, օրհասկան է համարում նաև ջրային ռեսուրսների կառավարման խնդիրը․ ռազմական գործողությունների արդյունքում մի շարք կարևոր սկզբնաղբյուրներ, ջրհավաքներ մնացել են հակառակորդի վերահսկման կամ ուղիղ նշանառության տակ․

«Ջրային պաշարները հիմա շատ տեղերում իրենց վերահսկողության տակ են, դա  շատ վտանգավոր է մեզ համար, որովհետև միշտ ջրի ակունքները մեր ձեռքում էին. Հայաստանը բարձրադիր գոտում է գտնվում, ավելի բարձր, քան Ադրբեջանը և մեր  մյուս հարևանները, և դրանով էր մեր հարստությունը, որը մենք էդպես էլ չգնահատեցինք։ Ջուր ունենք և այդ  ջուրը մեր ամենամեծ հարստությունն էր։ Հիմա շատ տեղերում, Սյունիքում, Ջերմուկում, Գեղարքունիքում իրենք հենց  այդ  աղբյուրների վերահսկողությունն են իրականացնել, որովհետև դրանք ռազմական նշանակություն ունեն, ու պատահական չէ, որ հենց այդ տարածքներն են իրենք թիրախավորել և գրավել։  Սա լուրջ խնդիր է, ընդհանրապես, մենք չենք խոսում, որ մեր երկրի նկատմամբ ագրեսիա է եղել, մենք երբևիցե Ադրբեջանի նկատմամբ պաշտոնապես որևէ գործողություն չենք  արել։ Եղել է Արցախ -Ադրբեջան հակամարտություն, հիմա իրենք մտել են մեր ինքնիշխան տարածքը ու վնասը վնասի հետևից են հասցնում, և մենք որևէ արձագանք չենք տալիս»։

Իսկ ի՞նչ պետք է լինի, որ արթնանանք խորը քնից, ե՞րբ է գալու այդ օրը կամ արդյո՞ք կգա․ Վարդանյանը վստահ է՝ բոլոր խնդիրները լուծելու համար միայն ցանկություն է պետք, երբեք ուշ չէ պահանջատեր լինելու համար․

«Ոչ միայն Ջերմուկի անտառներն են,  Խոսրովի արգելոցն ընենց են ավերել… ընդհանրապես Խոսրովի արգելոցի մասին չենք խոսում, որ հասել են արդեն Սոսիների պուրակը, ու այլ պատմություն ունի Սոսիների պուրակը, որ դա խիստ ռեժիմի հսկողության տակ էր։ Դա պետք է պետական մարմիններին հարցնել՝ ինչ քայլեր են անում,  եթե չեն անում, ինչու չեն անում էդ տարածքների մասով, որի վրա հիմա ադրբեջանցի զինվորները կանգնած են և հատումներ են անում նույն Շիկահողի արգելոցում»։

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը Հայաստանի դեմ մի քանի մեղադրանք է ներկայացրել՝ հիմնավորելով, թե Հայաստանի ԶՈՒ-երը վնասել են Ադրբեջանի սուվերեն տարածքը, պատերազմից 4 տարի անց ադրբեջանական ԶՈՒ-երը վերահսկում են Հայաստանի ամենակարևոր, ռազմավարական նշանակություն ունեցող արգելոցները, բնության հատուկ պահպանվող հուշարձանները։ Թե երբ Հայաստանը կանցնի բնապահպանական հակահարձակման, հայտնի չէ, սակայն ժամանակի ընթացքին զուգահեռ թուլանում է ինչ-որ բան փոխելու իրատեսությունը։

Հեղինակներ՝ Սերինե Աղաբեկյան, Անահիտ Սվարյան, Մարիամ Ստեփանյան

Նորություններ