Մտահոգիչ է այն բառամթերքի կիրառումը, որը պառակտումների աճի է հանգեցնում. Ավստրիայի եկեղեցիների խորհուրդ | Region

Մտահոգիչ է այն բառամթերքի կիրառումը, որը պառակտումների աճի է հանգեցնում. Ավստրիայի եկեղեցիների խորհուրդ

Հուլիս 05,2025 12:02

Ավստրիայի Եկեղեցիների Խորհրդի Վարչության հայտարարությունը.

«Մենք խորը մտահոգությամբ ենք հետևում Հայ Առաքելական Եկեղեցու և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև լուրջ տարաձայնությանը: Ցավով տեղեկացանք որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանից բացի այժմ կալանավորված է նաև Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։ Գարեգին Բ կաթողիկոսը կոչ է արել Հայաստանի և ամբողջ աշխարհի հավատացյալներին աղոթել բանտարկյալների և երկրում խաղաղության համար։ Մենք՝ որպես Ավստրիայի Եկեղեցիների Խորհրդի Վարչություն, նույնպես ցանկանում ենք միանալ այս կոչին և աղոթքին։ Իշխանությունների և դատական համակարգի կողմից եպիսկոպոսների դեմ ուղղված մեղադրանքները մեզ հավատ չեն ներշնչում։ Աղոթքի իր կոչում Գարեգին Բ կաթողիկոսը խոսել է անհիմն մեղադրանքների մասին և ձերբակալությունները որակել անօրինական։

Մենք խորապես զարմացանք՝ լսելով բարոյական այն զանցանքների մասին, որոնցում վարչապետ Փաշինյանը մեղադրում է Հայաստանի եպիսկոպոսներին և մասնավորապես՝ Գարեգին Բ կաթողիկոսին։ Մտահոգիչ է այն բառամթերքի կիրառումը, որը հասարակության մեջ պառակտումների աճի է հանգեցնում։

Օրենքի գերակայությունն ու մարդու իրավունքների հարգանքը համարում ենք Հայաստանի և նրա ժողովրդի լավ ապագայի հիմնարար գործոններ։ Առանց այն էլ երկիրն արդեն իսկ բախվում է լուրջ մարտահրավերների։ Մենք պարզապես պետք է մտածենք Լեռնային Ղարաբաղից բազմաթիվ փախստականների մասին, ովքեր այժմ ստիպված են նոր կյանք կառուցել Հայաստանում և բոլոր այն հայերի մասին ովքեր դեռևս գերության մեջ են Ադրբեջանում։

Հետևաբար Հայաստանին անհրաժեշտ է միասնություն և հասարակական համախմբվածություն։ Այս համատեքստում մենք նաև կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ ուշադիր հետևելու Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին և ակտիվորեն պահանջելու մարդու իրավունքների մասնավորապես՝ կրոնական ազատությունների հարգանքը։ Հայ Առաքելական Եկեղեցին դարեր շարունակ եղել է հայ ինքնության հենասյունը և հոգևոր սոցիալական ու մշակութային կայունության երաշխավորը հատկապես այնպիսի ճգնաժամային ժամանակներում, ինչպիսին էր հայ բնակչության բռնի տեղահանումը Լեռնային Ղարաբաղից 2023 թվականին։ Մեր հայ քույրերի և եղբայրների հետ համերաշխությամբ աղոթում ենք արդարության հաշտեցման և Հայաստանում եկեղեցու պաշտպանության համար։

Նորություններ