Կյանքը Իրանում պատերազմից հետո․պատմում է իրանահայ Գայանե Սարգսյանը․«Թեև հրադադար է, բայց շատերը չեն հավատում, որ պատերազմ այլևս չի լինի»

Իրանի և Իսրայելի միջև տեղի ունեցած 12-օրյա պատերազմից հետո թեև հրադադար է կնքվել, խաղաղություն հաստատվել, բայց Իրանի բնակիչների մոտ անհանգստությունը դեռ պահպանվում է։ Շատերի համար կյանքը բնականոն ընթացք դեռ չի վերադարձել։ Այս մասին Regions TV-ի հետ զրույցում ասում է Իրանի բնակիչ Գայանե Սարգսյանը։ Նա ծնվել և մեծացել է Գյումրիում, բայց արդեն 27 տարի է, բնակվում է Իրանի Իսլամական հանրապետության Սպահան նահանգի համանուն քաղաքում, աշխատում է հայոց ազգային «Արմեն» կրթահամալիրի մանկապարտեզ-նախակրթարանում, որը Իրանի միակ երկսեռ դպրոցն է։
«Իսրայելը Իրանի վրա հարձակվեց ուրբաթ օրը։ Այդ օրն այստեղ համարվում է ազատ օր, ինչպես ուրիշ երկրներում կիրակի օրերը։ Նկատի ունենալով, որ Իրանը աշխարհի ընտանիքասեր երկրներից մեկն է, ու մարդիկ տարբեր ծրագրեր ունեին ուրբաթ օրվա հետ կապված, հարձակումը հենց այդ օրը ծրագրեցին։ Հետևանքում՝ շոկային վիճակ, համենայնդեպս, իմ շրջապատում»,- ասում է Գայանե Սարգսյանը և ավելացնում․ «Արձագանքները տարբեր էին։ Բնակիչների մի մասը վախեցած էր, մի մասը կարծես սպասում էր դրան, որովհետև այս 2 երկրների միջև հակասությունը տարիներ շարունակ կա։ Ոմանք էլ խուճապի մատնվելով փախան երկրից, մի մասը՝ Հայաստան, մի մասը՝ Թուրքիա։ Շատերն էլ, լքելով իրենց բնակավայրերը, մեկնեցին մոտակա գյուղեր, մտածելով, որ այնտեղ ավելի հանգիստ կլինի»։
Գայանե Սարգսյանն ապրում է Սպահանի հայաբնակ հատվածում, որը քաղաքի կենտրոնն է և կոչվում է Նոր Ջուղա՝ պարսկերենով՝ Ջուլֆա։ Նրա խոսքով, Սպահան նահանգի Շահին Շար քաղաքում նույնպես հայաբնակ թաղամասեր կան։ Սպահանում ու Շահին Շարում միասին, հայկական համայնքի բնակչությունը, ըստ Գայանե Սարգսյանի, կազմում է 4000-5000 մարդ։
«Հայկական համայնքը վերջին տարիներին շատ է կրճատվել, շատերը մեկնել են Ամերիկա, մի մասը՝ Հայաստան և այլ երկրներ։ Պատերազմի օրերին, բարեբախտաբար, մեր շրջանում տուժածներ չեղան, որովհետև մեր բնակավայրերի մոտ ոչ մի արտառոց դեպք տեղի չունեցավ։ Հրթիռակոծությունները տեղի էին ունենում զինվորական բազաների մոտ, որոնք ճիշտ է, գտնվում են Սպահանի նահանգի մեջ, բայց մեր քաղաքից բավականին հեռու են»,- ասում է Գայանե Սարգսյանն ու շեշտում․ «Թեհրանում ռմբակոծություններ շատ էին եղել, բնակիչներին ասել էին, որ լքեն քաղաքը, այլ տեղեր տեղափոխվեն։ Շատ թեհրանցիներ տեղափոխվել էին մեր քաղաք, որովհետև այստեղ ապահով էր։ Շատերն էլ Հայաստան են մեկնել։ Թեհրանից մինչև Սպահան քաղաք 550 կմ է, 5-6 ժամում են հասնում, բայց պատերազմի օրերին եղել է, որ մի քանի օրում են մարդիկ տեղ հասել, որովհետև վառելիքի պակաս կար, բենզինի դեֆիցիտ, նաև ճանապարհներին խցանումներն ահավոր էին։ Բենզինի խնդիրը հիմա մի քիչ հարթվել է, բայց որոշ բենզալցակայաններ դեռ փակ են»։
Գայանե Սարգսյանը նշում է, որ դեպի Հայաստան մարդկանց հոսքը ավելի շատ Թեհրանից է եղել։ Լսել է, որ 3-4 մլն մարդ երկրից դուրս են եկել, մոտ այդքան մարդ էլ՝ Սպահան։
«Ովքեր որ Սպահան են եկել, դեռ Թեհրան չեն վերադառնում։ Ասում են, առաջինը՝ վնասվել են իրենց տները, գնալու տեղ չունեն, 2-րդն էլ՝ մարդկանց մեջ վախ կա, ժողովուրդը դեռ շոկի մեջ է, կասկածանքով են վերաբերվում հրադադարի մասին Թրամփի հայտարարությանը։ Մտածում են, որ Իսրայելից ամեն ինչ սպասելի է։ 9-10 մլն-անոց քաղաքում հիմա բնակչության երևի կեսն էլ չի մնացել»,- ասում է Գայանե Սարգսյանը։
12- օրյա պատերազմի օրերին, ինչպես Գայանեն է ասում, իրենց քաղաքում արտադրություններն ու սպասարկման օբյեկտները գրեթե ամբողջությամբ գործել են, բնակիչների 70-80 տոկոսը աշխատել է, դպրոցներն ու մանկապարտեզները չեն փակվել, միայն հատուկենտ խանութներ ու սննդի օբյեկտներ են փակ եղել։
«Մեր՝ հայկական համայնքի «Արարատ» միությունը միակն էր, որ այդ օրերին փակել էր իր մարզական բաժինները և մշակութային խմբակները։ Բայց այլ խմբակներ, ոչ հայկական համայնքներում, գործում էին, երեխաները հաճախում էին, լողարանները նույնպես բաց էին»,- ասում է Գայանեն։
Նշում է՝ ապաստարաններ չկան, քանի որ Իրանը գրեթե միշտ պատերազմական միջադեպերից աշխատել է խուսափել ու երևի դա է պատճառը, որ ապաստարաններ կառուցելը առաջնային չի եղել։ Ասում է՝ տներն այստեղ հիմնականում աղյուսներից են, նկուղային հարկեր, որպեսզի ծառայեն որպես ապաստարանային տարածքներ, չկան։
Գայանեն 1 դուստր ունի։ Աննան 11 տարեկան է։ 12 –օրյա պատերազմը, մայրիկի պատմելով, երեխայի կյանքը շատ է փոխել, առօրյան՝ խաթարել։
«Աննան էս ամենին շատ վատ վերաբերվեց, էս դեպքերի պատճառով ընդհատվեցին նրա լողի, բասկետբոլի, երգի, պարի, շախմատի պարապմունքները, հատկապես որ պար էին բեմադրել ու միջոցառում էին անցկացնելու, ինչը, ցավոք, հետաձգվեց։ Ինքը շատ անհանգիստ էր։ Հիմա ճիշտ է, պարի փորձերը վերսկսվել են, մյուս պարապմունքները՝ նույնպես, բայց այն չէ։ Ու շատ վախով են երեխաները ամեն ինչին վերաբերվում»,-պատմում է Գայանեն։
Ասում է՝ թեև երկրում անհանգստություն կա, սա ինքը մտադիր չէ ընտանիքի հետ տեղափոխվել Իրանից․«Պատերազմի շրջանում ոչ մի օր աշխատանքից չեմ բացակայել։ Վատն այն էր, որ հրթիռների ձայներից երեխաներն էին վախենում։ Նաև բակ դուրս չէին գալիս։ Ես, մտածելով, որ շենքի շքամուտքն ավելի ապահով է, երեխաներին այնտեղ եմ հավաքում, զբաղեցնում։ Չնայած, որ հրադադար է, բայց երեխաները դեռ բակ դուրս չեն գալիս, էլի շքամուտքում են, ես էլ նրանց հետ նստում եմ, խաղեր ենք խաղում։ Բակ մի քանի րոպեով են դուրս գալիս»։
Գայանեն Սպահանի մանկապարտեզ-նախակրթարանում երգ-երաժշտության ուսուցչուհի է, սովորեցնում է երեխաներին նաև քսելաֆոնով նվագել, մանկապարտեզում էլ ծեփակավի ուսուցչուհի է, պլաստիլինով երեխաների հետ տարբեր իրեր են քանդակում։ Ամուսինը՝ Մասիսը, նախկինում շինկազմակերպությունում էր աշխատում, դրա փակվելուց հետո տաքսի է վարում։
Գայանեի խոսքով՝ հրադադարի մասին հայտարարությունից հետո իր շրջապատում ոչ ոք չի հավատում, որ պատերազմ այլևս չի լինի։ Ասում է՝ իրանցիներն Իսրայելի և Պաղեստինի օրինակն են բերում, երբ Իսրայելը Պաղեստինի հետ հրադադար էր կնքել, բայց նորից հարձակվել էր։
Կարինե Կազարովա