Ինչպես ծնվեց «Է՜ն ուրիշ Ֆրունզիկը» վավերագրական ֆիլմը

Գյումրիում ցուցադրվեց «Է՜ն ուրիշ Ֆրունզիկը» վավերագրական ֆիլմը։ REGIONS TV-ին տված հարցազրույցում ֆիլմի հեղինակ և սցենարիստ Շուշանիկ Սահակյանը պատմեց, թե ինչ գաղափարի ծնունդ էր այս ֆիլմը։ Նա մանկուց սիրում էր Ֆրունզիկին, նրա դերերը հոգեհարազատ էին իրեն։ Ժամանակի ընթացքում նա հասկացավ, որ մեծ արտիստը չի գնահատվում իր իրական արժեքով։
«Հատկապես, երբ դիտում էինք նրա մասին ֆիլմերը և հաղորդումները, ինձ թվում էր, որ դրանք անարդար էին մեծանուն արտիստի նկատմամբ, քանի որ նրա մասին կարծիքներ էին հնչում, բայց չկար նրա ձայնը, նրա կարծիքն իր մասին։ Եվ ես մտածեցի, որ արդար կլինի, եթե նա խոսի իր մասին։ Ես որոշեցի նկարահանել ֆիլմ, որտեղ նա կխոսի իր մասին»,- նշեց Սահակյանը։
Բայց, ցավոք, անհնար էր հարցնել Ֆրունզիկին… Եվ ֆիլմի սցենարիստը գտավ Ֆրունզիկ Մկրտչյանին ծանոթ մարդկանց, նրա մտերիմներին, որոնք արխիվներ էին պահում՝ լուսանկարներով, տեսանյութերով, հոդվածներով, նրա հետ հարցազրույցներով, Ֆրունզիկի ձայնով նյութեր. մի խոսքով՝ այն ամենը, ինչ կարելի էր արխիվացնել։
Այդ ծավալուն նյութերն ուսումնասիրելուց հետո Շուշանիկ Սահակյանը գրքեր գրեց իր սիրելի արտիստի մասին, այնուհետ նա որոշեց ֆիլմ նկարահանել։ Այսպես ծնվեց «Է՜ն ուրիշ Ֆրունզիկը» վավերագրական ֆիլմը։