«Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցների վիճակը գնալով վատթարանում է»

«Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցների վիճակը գնալով վատթարանում է»,-REGIONS TV-ի հետ զրույցում հայտարարեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«Մենք տեղեկացանք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունն է դադարեցվում Բաքվում, որը միակ խողովակն էր, որով պատանդները կարողանում էին կապ հաստատել իրենց հարազատների, ընտանիքի անդամների հետ։ Այս կառույցի բացակայությունը խիստ բացասական ազդեցություն է ունենալու մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության վրա»,-նշեց Ստեփանյանը։
Արցախի ՄԻՊ-ի պնդմամբ՝ պետական մակարդակով շոշափելի որևէ քայլ չի արվում նրանց հայրենիք վերադարձնելու կամ գոնե տոտալ մեկուսացումը ճեղքելու համար, մինչդեռ մեխանիզմներ կան:
«Այս հարցով Հայաստանի իշխանությունը նորից մտել է խորը քնի մեջ, չկա որևէ հստակ քայլ, չկա դատապարտող հայտարարություն, չկա կապ միջազգային գործընկերների հետ։ Կարող ենք ասել՝ հարցը չի էլ հետաքրքրում Հայաստանի իշխանությանը»,–ընդգծեց Գեղամ Ստեփանյանը։