«Տիկնիկագործությունը թերապիա է ինձ համար. երբեմն իմ հոգեվիճակն եմ ներկայացնում տիկնիկի դեմքի վրա»
Դասղեկս ասաց. «Ամոթ է, եկեք մասնակցեք, աղջիկ եք, ձեզ պետք կգա: Սկզբում չէի ուզում, որովհետև չգիտեի ինչ խմբակ է և ինչ է ինձ տալու: Խմբակը հասարակական հիմունքներով էր, նյութերն էլ էին իրենք տրամադրում, մեզնից հասնում էր մասնակցությունը: Հետո ամոթից որոշեցի մասնակցել: Գոբելենի և կարպետագործության դասեր էլ կային, բախտի բերմամբ, թե պատահմամբ, տիկնիկագործություն սովորեցի (ծիծաղում է)»: Մեզ հետ զրույցն այսպես է սկսում Մերի Բեգլարյանը:
Մերին պարզաբանում է «բախտի բերմամբ, թե պատահմամբ»-ի տողատակը. «Երբ մի քանի նորեկներով մտանք խմբակի սենյակ, երկու սեղան էին՝ տիկնիկագործության, գոբելենի և կարպետագործության համար: Չգիտեինք` ով որտեղ էր նստում, մենք որտեղ պետք է նստենք: Ինքնաբերաբար նստեցինք այն սեղանի շուրջ, որը հենց տիկնիկագործներինն էր: Մեզ մոտեցավ տիկնիկագործության վարպետը ու այդ րոպեից սկսեցինք սովորել»:
Մերի Բեգլարյանը 21 տարեկան տիկնիկագործ է՝ Դդմաշենից: 15 տարեկանից զբաղվում է այս գործով: Ասում է՝ պահ է եղել, երբ մտածել է չշարունակել: Այդ ամենադժվար պահը սկիզբն էր: «Հենց մի փոքր ստացվեց, սկսեցի սիրել, ուզում էի անընդհատ գործել»,-շարունակում է Մերին:
Նա մեկ ամիս է հասցրել աշխատել վարպետների հետ: Նրանց գնալուց հետո խմբակն ինքնուրույն է աշխատել. հավաքվել են ու գործել միասին` իրար օգնելով: Որոշ ժամանակ անց խմբակը փակվել է, բայց Մերին տիկնիկներ գործում է մինչ օրս: Ասում է՝ անընդհատ նոր բաներ եմ փորձում, հակառակ դեպքում կգնամ դեպի լճացում:
Այս փուլում, մանկավարժական կրթություն ստանալու հետ համատեղ, Մերին տիկնիկագործության իր գիտելիքներն անընդհատ հարստացնում է ինքնակրթվելով` համացանցի օգնությամբ: Տիկնիկագործությունը որպես ուղղակի գործ չի դիտարկում, ասում է. «Տիկնիկագործությունը թերապիա է ինձ համար, մտքերս եմ հավաքում գործելիս: Երբեմն իմ հոգեվիճակն եմ ներկայացնում տիկնիկի դեմքի վրա»:
Տիկնիկներ գործելու համար հումք Մերիին օգնում են ձեռք բերել ընտանիքի անդամները, մինչև նա անձամբ կկարողանա ներդրումներ անել: «Երբեք չեն տրտնջում օգնելուց, իրենք են ինձ թևեր տալիս»: Առաջին քննադատն ու ոգևորողն էլի ընտանիքն է. Մերին առաջինը մայրիկին է ցույց տալիս պատրաստի խաղալիքը, ասում է՝ սկզբում շատ թերություններ էր նկատում, հիմա գրեթե չի գտնում:
Գործելու ողջ ընթացքն է վայելում, բայց մարմնի մասերն իրար վրա հավաքելու պահը ամենասպասվածն է Մերիի համար: Շատ հաճախ է արջուկներ գործում, նշում է, որ իր ամենասիրելի կերպարն է: Բայց ամենասիրելի և հարազատ խաղալիքը առաջինն էր, որը գործել է դժվարությամբ, բացթողումներով: Ասում է. «Շատ են ուզել, որ նվիրեմ, անգամ վաճառեմ, բայց չեմ անի»: Թե ինչ են տիկնիկներն իր համար, երկար մտածում ու պատասխանում է. «Երևի զգայարաններս են. ես հոգուցս մի մաս դնում եմ իրենց մեջ»: Ընտրում է բաց և վառ գույներ ունեցող թելեր, որոնք, ըստ նրա, դուր կգան երեխաներին: Տիկնիկները հիմնականում ուրախ ու բարի դեմք են ունենում, որպեսզի երեխաները չտխրեն նրանց նայելիս:
Վաճառքի ենթակա խաղալիքների «ճակատագրի » համար անհանգստանում է. «Ուզում եմ նուրբ վերաբերվեն տիկնիկներին, ինչպես՝ ես»: Ամենամեծ գնահատականն իր գործին տվել է հորաքրոջ թոռը. ուղղակի ձեռքն է վերցրել խաղալիքը ու ասել` սիրուն է, ուզում եմ:
Մերին անընդհատ ինքնակրթվում է և փորձ ձեռք բերում: Ասում է՝ մեծ ցանկություն ունի սովորեցնել և տարածել այն: Կարծում է, որ մանկավարժի մասնագիտությունն իրեն շատ կօգնի այդ հարցում: Առաջիկա նպատակներից է որևէ դասընթաց անցնելն ու մասնագետի որակավորում ստանալը:
«Երբ այս արվեստը տարածվի, մրցակցություն կստեղծվի, ոլորտը կկատարելագործվի և կզարգանա, արդյունքում կշահի որակը»,-եզրափակում է Մերին: