Ռուս-ուկրաինական հակամարտությունը և Հայաստանը. լրջագույն ռիսկերի և հնարավորությունների շրջան. Region 5+
Աշխարհը հետևում է ռուս-ուկրաինական համակամարտությանը, որը թևակոխեց ռազմական գործողությունների ծանր և մաշեցնող փուլ: Տարբեր պետություններ այս օրերին դիրքավորվում են, խոսում անվտանգային մարտահրավերներից: Բոլորի համար է ակնհայտ՝ աշխարհն այլևս նախկինը չի լինելու, ձևավորվում է նոր աշխարհաքաղաքական քարտեզ, որում յուրաքանչյուրը փորձելու է իր տեղն ամրապնդել, հնարավորության դեպքում ընդլայնվել:
Հակամարտությունն ավելի հեռուն գնալու վտանգներով է հղի, որովհետև կողմերն իրենց դիրքորոշումներում անզիջում են: Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների երկու անպտուղ հանդիպում է տեղի ունեցել: Երրորդ հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Հանդիպումներում թերևս միակ, այսպես ասած, արդյունավետ պայմանավորվածությունն առնչվում է մարդասիրական միջանցք ապահովելուն:
Ստեղծված իրավիճակը մարտահրավերներով լի է Հայաստանի համար, որի սուվերեն տարածքում դեռ ադրբեջանցիներ են, լուծված չէ Արցախի հարցը, զինված ուժերը հյուծիչ 44-օրյա պատերազմից հետո դեռ ամրանալու խնդիր ունեն, հարևան երկրները շարունակում են խոսել Հայաստանից զիջումներ կորզելու մասին: Սրան գումարվում է Հայաստանի ահռելի կախվածությունը Ռուսաստանի Դաշնությունից, հայաստանցիների մեծ թիվը ռազմադաշտի վերածված Ուկրաինայում: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ Ուկրաինայում շուրջ 400.000 հայ է բնակվում, հիմնականում խոշոր քաղաքներում՝ Կիև, Օդեսա, Խարկով, Դոնեցկ, Լվով… Քաղաքներ, որոնք այսօր հրթիռակոծության տակ են:
Ակնհայտ է՝ նոր ձևավորվող աշխարհաքաղաքական քարտեզում Հայաստանի համար բարդ է լինելու։
Ռուս-ուկրաինական պատերազմը թե տնտեսական, թե անվտանգային առումով խնդիրներ է առաջացնելու Հայաստանի համար։ Արդյո՞ք մեր երկիրը կկարողանա նվազագույն կորուստներով դուրս գալ ստեղծված իրավիճակից: Այս հարցերի պատասխաններն ենք փորձել տալ այս թողարկման շրջանակներում: