Ալիևին հերքում են անգամ իր հայրենակիցները | Region

Ալիևին հերքում են անգամ իր հայրենակիցները

Հունիս 04,2024 13:20

Խոջալուի բնակիչները զոհ են դարձել Ադրբեջանում իշխանության համար մղվող պայքարին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս օկուպացված Իվանյանում (Խոջալու) հայտարարել է. «Հայաստանն ինքը պետք է ճանաչի Խոջալուում իրականացված բարբարոսությունները և ներողություն խնդրի մեզանից»: Ալիևը ներողություն է պահանջում ադրբեջանցիների կողմից հորինված և կազմակերպված, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանության» համար:

Կան բազմաթիվ վկայություններ, այդ թվում՝ ադրբեջանական, հայերի անմեղության մասին։ Սեփական ժողովրդին ոչնչացրած Ադրբեջանը հայկական կողմին մեղադրում է հանցագործություն կատարելու մեջ։

1991թ. սեպտեմբերից Ստեփանակերտի բնակելի թաղամասերը և Լեռնային Ղարաբաղի սահմանամերձ շատ բնակավայրեր պարբերաբար և շարունակաբար հրետակոծության են ենթարկվել Մալիբեյլիից, Շուշիից, Ջանգասանից, Կրիժանից և Խոջալուից, իսկ 1992 թվականի հունվարից քաղաքացիական բնակչության դեմ օգտագործվող զենքերին ավելացան «Գրադ» ռեակտիվ համալիրները: 1992թ. փետրվարի կեսերից սկսած միայն Ստեփանակերտի վրա օրական ընկնում էր «Գրադ»-ի 160 և  «Ալազան»-ի 55-60 արկ:

Լորդերի պալատում քննարկումների ժամանակ բարոնուհի Քերոլայն Քոքսը Խոջալուի դեպքերի հետ կապված հայտարարել է. «Ես բազմիցս եղել եմ Լեռնային Ղարաբաղում 1990-ականների պատերազմի ժամանակ և կարող եմ վկայել Խոջալուի դեպքերի մասին։ Սա այն քաղաքն է, որտեղից ադրբեջանցիներն այնքան հրթիռներ էին արձակում մայրաքաղաք Ստեփանակերտի ուղղությամբ, որ այն կոչնչացվեր, եթե հայերն իրենց վերահսկողության տակ չվերցնեին Խոջալուն: Նրանք նախապես տեղեկացրել են հարձակման մասին և հորդորել, որ ադրբեջանցիները թույլ տան խաղաղ բնակիչներին տարհանվել, ինչը ադրբեջանցիները չեն արել»։

Այսպիսով, Խոջալուի բնակիչները պարզապես նետվել են բախտի քմահաճույքին։ Սակայն նրանք դեռ չգիտեին ամենասարսափելիի մասին, որ  պետք է զոհ դառնային Ադրբեջանում իշխանության համար մղվող պայքարում։ Ազատ միջանցք է տրամադրվել խաղաղ բնակիչների դուրս գալու համար, սակայն Շելլի բնակավայրի մոտ՝ Աղդամի մերձակայքում, Ազգային ճակատի զինյալները գնդակոծել են Խոջալուից դուրս եկած ադրբեջանցիներին, ապա այլանդակել նրանց մարմինները։ Այս տեղեկությունը պահպանվել է Չինգիզ Մուստաֆաևի 2 օրվա տարբերությամբ արված տեսագրության շնորհիվ։ Չինգիզի նկարահանած տեսանյութերը բացահայտում են Ադրբեջանի իշխանությունների իրական դեմքը: Որոշ ժամանակ անց Ադրբեջանը սկսեց այդ իրադարձությունները ներկայացնել որպես հայերի կողմից իրականացված խաղաղ բնակչության «կոտորած»։

Տարիներ շարունակ տարածվող կեղծ թեզն այսօր քարոզվում է պետական մակարդակով։ Այն, որ այդ ոճրագործությունները կատարել են հենց ադրբեջանցիները, ապացուցում են ոչ միայն վկաները, այլև Ադրբեջանի նախկին առաջնորդ Այազ Մութալիբովը: Չեխ լրագրող Դանա Մազալովան, ով պատերազմի ժամանակ աշխատել է Արցախում, ձայնագրել է Այազ Մութալիբովի հետ հարցազրույցը, որը հրապարակվել է «Նեզավիսիմայա գազետա»-ում, որտեղ նա խոստովանում է, որ Խոջալուի ողբերգությունը կազմակերպել են հենց ադրբեջանցիները, այլ ոչ թե հայերը:  Ըստ Մութալիբովի՝ այդ վայրագությունները կազմակերպվել են իրեն վարկաբեկելու և իր հրաժարականին հասնելու նպատակով։

Փաստորեն, իշխանության հասնելու ճանապարհին, ներքաղաքական ինտրիգների արդյունքում, ադրբեջանցիները չհապաղեցին անգամ սեփական բնակչությանը ոչնչացնել։ Եվ հենց ադրբեջանական ցեղասպան ռեժիմը, հատկապես Իլհամ Ալիևի վարչախումբն է իրականացրել Արցախում, Սումգայիթում, Բաքվում, Գանձակում և այլ վայրերում հայերի ցեղասպանությունն ու զանգվածային սպանությունները, և Արցախի էթնիկ զտման համար հենց նրանք պետք է ներողություն խնդրեն և ճանաչեն արցախահայության՝ սեփական հայրենիքում ազատ և անկախ ապրելու կամարտահայտությունը:

 

  Զաբելա Ավագյան

«Այս մեդիա արտադրանքը պատրաստված է «Արցախից տեղահանված լրագրողների ադապտացիան հայաստանյան մեդիա միջավայրում» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Երեւանի մամուլի ակումբը՝ Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ։ Ծրագրի գործընկերը International Alert-ն է: Բովանդակությունը պարտադիր չէ, որ համընկնի ԵՄԱի, Եվրոպական հանձնաժողովի եւ International Alert-ի տեսակետների հետ»։

Նորություններ