«Ուզում եմ միշտ այս գործն անել և իմ գյուղում ապրել». Հերմոնցի Գրիշայի «հովվերգությունը» | Region

«Ուզում եմ միշտ այս գործն անել և իմ գյուղում ապրել». Հերմոնցի Գրիշայի «հովվերգությունը»

Հունիս 14,2024 21:15

34-ամյա Գրիշա Ավանեսյանը Վայոց ձորի մարզի Հերմոն գյուղի միակ հովիվն է։ Նա դեռ փոքր տարիքից սկսել է զբաղվել անասնապահությամբ։ 13 տարեկանում գառնարած էր, 17 տարեկանից արդեն գյուղի ողջ հոտն են վստահել նրան։ Գրիշան երանությամբ է հիշում անցյալը, հիմա հազիվ 5 տասնյակի հասնող մանր եղջերավորների գլխաքանակ կա գյուղում. նախկինի համեմատ գրեթե 10 անգամ կրճատվել է։

«Ընդհանուր հոտում հիմա մոտ 45-50 ոչխար ու այծ կա։ Նախկինում 400-500 գլուխ այծ ու ոչխար կար։ Հիմա գյուղում ընդամենը 4 ընտանիք է ոչխար պահում, պահողներից մեկը ես եմ»,-պատմում է հովիվը: Վազում է գառների հետևից և շարունակում խոսել արդեն ապագայի հետ կապված իր ցանկությունների ու ծրագրերի մասին. «Ուզում եմ, որ Հերմոնում այծերի ու ոչխարների գլխաքանակը շատանա, հոտը մեծանա։ Սա է իմ աշխատանքը, իմ ապրուստի միջոցը։ Ուզում եմ աշխատանք ունենալ ու միշտ իմ գյուղում ապրել»:

Նախկինում միայն Գրիշայի մանր եղջերավորների գլխաքանակն էր հասնում 50-ի, հիմա այդ թիվը 10-15-ից չի անցնում։ Մարդիկ չեն ուզում ոչխարաբուծությամբ զբաղվել, պատճառները դժվարանում է նշել, բայց գիտի, որ եթե անգամ գյուղում այլևս ոչ ոք մանր եղջերավոր չունենա գոմում, ինքը շարունակելու է պահել։

Հերմոնցի Քաջիկ Մեջլումյանն էլ նախկինում 50-60 մանր եղջերավոր է ունեցել. վերջին տարներին հրաժարվել է պահելուց։ Հարցին, թե ինչու գյուղում այլևս չեն ուզում ոչխարաբուծությամբ զբաղվել, պատասխանում է․«Հերմոնում ոչխարի հոտն արոտ տանում են ըստ գլխաքանակի։ Նախկինում գյուղում գրեթե բոլորն էլ պահում էին մանր եղջերավորներ ու ոչխարը սարը տանելու հերթը գյուղացուն հասնում էր 1,5 ամիսը մեկ անգամ, հիմա  գլխաքանակը  քչացել է, իսկ ինչքան քիչ է գլխաքանակը, այնքան շուտ է գալիս հերթը. ամսվա մեջ 3 անգամ պիտի չոբանության գնաս։ Դրա համար էլ մարդիկ վերացնում են կենդանիներին, որովհետև ձանձրանում են»:

Քիչ քանակությամբ կենդանիներ պահելն ու դրա դիմաց հովվին վճարելը ձեռնտու չէ գյուղացու համար։ Բայց Գրիշա Ավանեսյանը սիրում է իր աշխատանքը, իրեն այլ գործի մեջ, այլ միջավայրում չի պատկերացնում։ Հավաստիացնում է, որ շարունակելու է ոչխարաբուծությամբ զբաղվել, թեև այս տարին բավականին  կորստաբեր էր հովվի համար։ Ձմռանը կենդանիներից մի քանիսը ցրտից սատկել են, մի քանիսն էլ՝ թունավորվել։ Բայց Գրիշան ընկճվողներից չէ, շարունակելու է հոտը՝ թեկուզ փոքրաթիվ, ամեն առավոտ արոտ տանել։

Արևիկ Դանիելյան (Մոբայլ լրագրության դասընթացի մասնակից)

Նորություններ